Պատմությունը կրկնվում է. ովքե՞ր չոր դուրս կգան այս խաղից

Տևական ժամանակ թանկանալուց հետո վերջին օրերին ձվի գինն իջել է։ Գների նվազումը, անշուշտ, լավ է սպառողների համար, հատկապես, եթե հաշվի առնենք, որ արդեն 2 տարուց ավելի է, ինչ նրանք բարձր գին են վճարում դրա համար։

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ 2020թ. ձուն թանկացել է՝ 18,5, իսկ 2021թ.՝ 12,7 տոկոսով։

Հիմա գները գրեթե կրկնակի իջել են՝ նվազեցնելով նաև սպառողների ծախսերը։

Թվում է, թե ամեն ինչ լավ է. ձվի այս էժանացումից շահում են սպառողները։ Բայց դա ժամանակավոր է։ Սրա հետևանքները հետո են երևալու։ Եվ ոչ միայն՝ գների, այլև՝ ոլորտի վրա։

Նման իրավիճակ ձվի շուկայում առաջին անգամ չէ, որ առկա է։ Նախկինում ևս բազմիցս եղել է։ Դրանք ավարտվել են շուկայում գործող ընկերությունների մի մասի սնանակացմամբ ու դուրսմղմամբ։ Ժամանակավոր էժանացումից հետո էլ ձուն կրկին թանկացել է, իսկ շուկայում մնացել են միայն «ընտրյալները»։

Հիմա, ըստ էության, նույնն է տեղի ունենում։

Գների կտրուկ անկումը սկսել է խնդիրներ ստեղծել՝ հատկապես փոքր ու միջին ընկերությունների համար, որոնց մոտ ձվի արտադրության ինքնարժեքը համեմատաբար ավելի բարձր է, քան խոշորների պարագայում։ Գների այս նվազմանը խոշորներն այս կամ այն կերպ դիմանում են, իսկ փոքրերը սովորաբար դուրս են մղվում շուկայից։

Շուկայի մասնակիցները սկսել են բողոքել, որ դեմպինգային գներ են կիրառվում։ Այսինքն՝ այն գինը, որն առաջարկվում է որոշ ընկերությունների կողմից, ավելի ցածր է, քան ձվի արտադրության ինքնարժեքն է։

Ինքնարժեքից ցածր արտադրանքի իրացումը կարող է կապված լինել տարբեր գործոնների հետ։ Բայց անկախ դրանից, այն բացասաբար է ազդում ոլորտում գործող ընկերությունների վրա։ Նրանք վնասներ են կրում։ Ձուն արտադրում են ավելի թանկ, վաճառում՝ ավելի էժան։ Առաջանում են ֆինանսական կորուստներ, որին ոչ բոլորն են դիմանում ու ստիպված են լինում գնալ սնանկացման։ Արդյունքում՝ դաշտը մնում է նրանց, ովքեր ավելի մեծ ֆինանսական ու նյութական հնարավորություններ ունեն։

Ճիշտ է, ինքնարժեքից ցածր վաճառքի պարագայում բոլոր ընկերություններն են տուժում, բայց նրանք, ովքեր հաջողացնում են մնալ դաշտում, հետագայում գները բարձրացնելու և իրենց դիրքերը մյուսների հաշվին ընդլայնելու արդյունքում՝ ոչ միայն կարողանում են վերականգնել վնասները, այլև ավելացնել իրենց շահույթները։ Սրանից սեղմվում է շուկայի մասնակիցների քանակը։ Մի մասը, կորուստներ կրելով, հայտնվում է խաղից դուրս վիճակում, մյուսներն էլ իրավիճակից դուրս են գալիս ավելի ուժեղացած։

Ձվի շուկայում վերջին շրջանում տեղի ունեցող այս պրոցեսները, ինչպես վկայում են շուկայի մասնակիցները, սկսվել է ոլորտում գործող ընկերություններից մեկից։

Խոսքը «Շիրակի» թռչնաֆաբրիկայի մասին է, որը, շրջանառվող տեղեկությունների համաձայն, պատկանում է այն գործարարին, ով վերջերս չափազանց փափուկ պայմաններով դարձավ Ծաղկաձորի հայտնի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրի գնորդը։ Նույն տեղեկություններով՝ այս գործարարին է պատկանում նաև մեկ այլ՝ «Նոր Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի բաժնետոմսերի կեսը։

Ծաղկաձորի հյուրանոցային համալիրի վաճառքի և ձվի շուկայում սկսված այս պրոցեսների մեջ գուցե ուղղակի կապ չկա, բայց մի հանգամանքի արժե ուշադրություն դարձնել։

Իշխանափոխությունից անմիջապես հետո, ներքին պայմանավորվածությունների արդյունքում, ի աջակցություն քաղաքական իշխանության, հայկական շուկայի «շաքարավազի արքան» նվազեցրեց գները։ Այնքան, որ սկսեց շաքարավազը վաճառել նույնիսկ ինքնարժեքից ցածր։ Դա հանգեցրեց նրան, որ ոլորտում գործող մյուս ընկերությունները սկսեցին ֆինանսական կորուստներ կրել։

Հետագայում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շաքարավազի շուկայում արհեստական ցածր գների սահմանման դեպքեր արձանագրեց և տուգանեց Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությանը։ Բայց գնացքն արդեն վաղուց գնացել էր՝ նրան պատկանող ընկերության կողմից իրականացված դեմպինգային քաղաքականության արդյունքում ոչ միայն իշխանությունն էր ստացել իր ցանկալի օգուտները, այլև գործարարը՝ մրցակիցներին դուրս թողնելով շուկայից։

Այն, ինչ տեղի է ունենում ձվի շուկայում, գուցե շատ նմանություններ չունի այս օրինակի հետ, բայց ի վերջո հանգեցնելու է շուկայի կենտրոնացման ու մասնակիցների մի մասի սնանկացման։

Հիշեցնենք, «Շիրակ» թռչնաֆաբրիկան եղել է այն առաջին ընկերությունը, որը ձուն շուկա է հանել ինքնարժեքից ցածր գնով։

Միտումնավո՞ր է արել, թե՞ պարտադրված, ոչ մի նշանակություն չունի։

Ինքնարժեքից ցածր իրացումն ինքնին դեմպինգ է, որին պարտավոր է արձագանքել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Բայց քանի որ Հանձնաժողովը շատ երկար է քննում այդպիսի երևույթները, այս հարցի պատասխանը հնարավոր կլինի ստանալ միայն ամիսներ հետո։

Այսինքն՝այն ժամանակ, երբ այս բոլոր խաղերը վաղուց ավարտված կլինեն. մնացողները մնացած կլինեն դաշտում, իսկ գնացողները՝ գնացած։ Դրանից հետո այլևս ոչ մի նշանակություն չի ունենա, որ Հանձնաժողովը, անբարեխիղճ մրցակցության համար, կարող է որևէ մեկին պատժել ու տուգանել։ Դրանով սնանկացածներին այլևս չես վերակենդանացնի։

Դեմպինգային գների կիրառումը, դատելով արտադրողների հայտարարություններից, սկսվել է «Շիրակ» ընկերությունից, որին հետևել են մյուս խոշորները՝ շուկան չկորցնելու նպատակով։ Պարզ է, որ գների իջեցումը «Շիրակին» տալու էր առավելություն՝ մյուսների հաշվին իր դիրքերն ամրացնելու և ընդլայնելու համար։

Չի բացառվում, որ ընկերությունը հատուկ այդ նպատակով է գնացել գների նվազեցման։ Հատկապես որ, շրջանառվող տեղեկությունների համաձայն, այն շուկայում իրացման ցանց չունի կամ շատ սահմանափակ է։

Ձվի էժանացումը, անշուշտ, սպառողների օգտին է, բայց գների արհեստական իջեցումը, ցանկացած պարագայում, չի բխում որևէ մեկի, այդ թվում՝ սպառողների շահերից։ Դրա հետևանքով հետագայում ի հայտ են գալիս շատ ավելի վատ երևույթներ։

Այդ ճանապարհով ոլորտում գործող կամ նոր հայտնված ընկերությունները, հատկապես նրանք, ովքեր ամուր մեջք ունեն, փորձում են ամրապնդել ու ընդլայնել իրենց դիրքերը՝ ի հաշիվ մյուսների։ Տեղի է ունենում շուկայի վերաբաշխում, նաև կենտրոնացում՝ իր հնարավոր բոլոր բացասական հետևանքներով։

Այս ամենից տուժելու են, առաջին հերթին՝ փոքրերը, որոնք չկարողանալով դիմանալ անբարեխիղճ մրցակցությանը՝ փակվում են ու դուրս մնում շուկայից։ Այն, ինչի առաջիկայում ականատես կլինենք։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս