Սցենարը պարզ է. նախ՝ ՄԻԵԴ-ից վճիռ, ապա՝ արդարացում Վճռաբեկ դատարանով

Ինչպես և սպասվում էր, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանի գործով կայացված մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռ էր կայացրել, ըստ որի՝ խախտվել են Կոնվենցիայի 5-րդ և 11-րդ հոդվածները, այսինքն՝ հավաքների իրավունքը և ազատ արտահայտվելու ազատության իրավունքը:

Նիկոլ Փաշինյանը մեղավոր էր ճանաչվել «Մարտի 1»-ի անկարգությունների գործով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, 2010թ. հունվարի 19-ին Փաշինյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով` «Զանգվածային անկարգություններ կազմակերպելը», և դատապարտել 7 տարի ազատազրկման: Նիկոլ Փաշինյանը նաև մեղադրվում էր քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը», սակայն այս մասով նա արդարացվել է:

168.amգրել էր, որ ՄԻԵԴ-ն իր այս որոշմանը հանգել էր՝ կառավարության կողմից որևէ առարկություն չստանալով:

Նշել էինք նաև, որ դատախազի միջնորդությունը սպասելի էր, և Նիկոլ Փաշինյանի համար նման վճիռ ՄԻԵԴ-ից ստանալը հենց արդարացման համար է, որովհետև դեռևս 2019թ. նա դրամական պահանջից հրաժարվել էր:

Իր վերջին ինքնահարցազրույցում Նիկոլ Փաշինյանն իր արդարացման հարցն այնպես ներկայացրեց, կարծես իրեն արդարացնելն իմպերատիվ պահանջ է: Հասկանալի է, որ սցենարով հենց այդպես էլ նախատեսված է, սակայն հատուկ Նիկոլ Փաշինյանի համար նշենք, որ բազմաթիվ քրեական գործեր կան, որոնցով կոնվենցիայի խախտում կամ առնվազն միջամտություն է արձանագրվել, բայց ներպետական դատարաններում դրանց չեն հանգեցրել արդարացման։ Օրինակ՝ «Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի», «Ավագյանն ընդդեմ Հայաստանի» և այլն։

Իհարկե, ՄԻԵԴ որոշումը նոր հանգամանք է, որի հիմքով պետք է վարույթ հարուցել, հետագայում դատաքննություն իրականացնել, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ արդարացնող դատավճիռը պարտադիր պետք է կայացվի:

168.amի հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանը ևս անդրադարձել էր հարցին՝ նշելով. «Հասկանալի է, որ սցենարն այնպես է նախագծված, որ իր նկատմամբ կայացված դատավճիռն այստեղ պիտի վերանայեն, արդարացնեն, պարզվի՝ ինքն այնտեղ ոչ մի իրավախախտում չի կատարել: Եթե արդեն ՄԻԵԴ-ը մեր կառավարության ջանքերի շնորհիվ հօգուտ Նիկոլ Փաշինյանի վճիռ է կայացրել, դրանից հետո կա միայն մեկ զարգացում՝ դիմել դատական ակտերը վերանայելու համար: Դա կանի Փաշինյանը թե դատախազությունը, կարևոր չէ: Եվրոպական դատարանն ասում է՝ պետություն, դու սխալ ես, պետությունը նախաձեռնում է իր սխալն ուղղելու ընթացակարգ: Այլ բան է, թե ինչ է տեղի ունեցել ՄԻԵԴ-ում»:

Ըստ փաստաբանի՝ այն, ինչ հետագայում պետք է բացահայտվի, ոչ թե դատախազության վերանայման հարցն է, որովհետև վարույթը վերաբացելը միակ բանն է, ինչ նա կարող է անել օրենքով, այլ այն, թե ինչու մեր կառավարությունը փաստեր, վճռի հիմքում դրված ապացույցները չի ներկայացրել ՄԻԵԴ-ում, և ինչու այդ ամենի արդյունքում հնարավոր է դարձել այս վճիռը:

Նկատենք, որ ավելի վաղ նույն ՄԻԵԴ-ից եկած վճռի հիմքով դատախազությունը դիմել ու Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի ժ/պ-ի համար էր Վճռաբեկ դատարանից ստացել արդարացման դատավճիռ:

Տեսանյութեր

Լրահոս