«Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կայացված դատավճիռն իմ տեսած վճիռներից ամենահիմնավորն է. ՄԻԵԴ-ին կառավարությունը որևէ հակափաստարկ չի ներկայացրել». Հայկ Ալումյան

«Այս գանգատի դիմումատուն կոնկրետ ֆիզիկական անձ Նիկոլ Փաշինյանն է: Նա Եվրոպական դատարանում իր ներկայացուցիչների միջոցով պնդել էր, որ իր նկատմամբ խախտվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածը՝ կապված իրեն անազատության մեջ պահելու հետ: Նրա պնդմամբ՝ իր նկատմամբ խախտվել էին նաև Կոնվենցիայի 10 և 11-րդ հոդվածները, այսինքն՝ խաղաղ հավաքների իրավունքը և ազատ արտահայտվելու ազատության իրավունքը»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ հունվարի 18-ին կայացրած վճռին:

Ըստ փաստաբանի՝ ՄԻԵԴ-ը 10 և 11-րդ հոդվածները քննել է միայն 11-րդ հոդվածի, այսինքն՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի լույսի ներքո և եկել այն հետևության, որ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ դատավճիռը բավարար չափով չի հիմնավորում, որ նա Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ունեցել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու դերակատարում, և վճիռը կրել է խաղաղ հավաքների ազատությունը ճնշելու նպատակ:

Հարցին՝ արդյո՞ք ՄԻԵԴ-ում տեղյակ չեն այն տեսանյութերից, որոնցից ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանն ամենևին էլ խաղաղ հավաք չէր ղեկավարում, այլ կոնկրետ զանգվածային անկարգությունների էր դրդում, Հայկ Ալումյանը պատասխանեց՝ Եվրոպական դատարանի վճռից տպավորություն է, որ իրենք տեղյակ չեն՝ մեջբերելով ՄԻԵԴ վճռի 46-րդ կետը:

«Ես այսօր մինչ հարցազրույցի գալը Առաջին ատյանի դատարանի դատավճռից դուրս եմ բերել միայն պատճառաբանական մասը, ուր 25 էջ միայն տարբեր մարդկանց ցուցմունքներից ապացույցների մեջբերումներ են, հեռախոսային զրույցների գաղտնալսման վերծանումներ, իրեղեն ու գրավոր ապացույցներ, բազմաթիվ հղումներ: Սա մինչև այսօր իմ տեսած ամենահիմնավոր դատավճիռներից մեկը կարող եմ համարել»,- ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանը հիշեցնում է՝ յուրաքանչյուր մարդ, երբ դիմում է ՄԻԵԴ, դիմում է պետության դեմ, և տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանը դիմել էր ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

«Խնդիրն այն պահից սկսեց որոշակի չափով կասկածելի լինել, երբ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ դառնալուց հետո ՀՀ անունից ՄԻԵԴ-ում հանդես եկող անձը ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում, ՄԻԵԴ-ն իր վճռի մեջ բերում է դիմող կողմի փաստարկները, ապա Կառավարության պատասխանները, հետո անում է իր հետևությունները»,- ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանի խոսքով՝ «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով վճռի մեջ շատ տարօրինակ բան է տեղ գտել. դիմող կողմի փաստարկներին ՀՀ կառավարությունը ոչ մի պատասխան չի ներկայացրել:

«Դիմող կողմի փաստարկները կառավարությունն ընդունում է, եթե պատասխանող կողմը դրանք չի վիճարկում, և եթե ակնհայտ անհիմն փաստ չի ներկայացվում ու կարող է գոյություն ունենալ իրականության մեջ: Տվյալ դեպքում մեր կառավարությունը դիմողի կողմից ներկայացված ոչ մի փաստ չի վիճարկել»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ խոսքը 2019թ. մասին է:

Վերջինս նկատում է՝ այս գործով կա շահերի բախում, և Նիկոլ Փաշինյանը պետք է ընտրություն կատարեր իր ու պետական շահի միջև. վերջինս ընտրել է իր շահը:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից այս գործով գումարային պահանջ չներկայացնելուն, Հայկ Ալումյանն ասաց, որ դա նույնպես այն փուլում պիտի ներկայացվեր, երբ ՄԻԵԴ-ը պատասխաններ է ակնկալել ՀՀ կառավարությունից, այսինքն՝ 2019թ., երբ արդեն վարչապետ էր:

«Հասկանալի է, որ սցենարն այնպես է նախագծված, որ իր նկատմամբ կայացված դատավճիռն այստեղ պիտի վերանայեն, արդարացնեն, պարզվի՝ ինքն այնտեղ ոչ մի իրավախախտում չի կատարել: Եթե արդեն ՄԻԵԴ-ը մեր կառավարության ջանքերի շնորհիվ հօգուտ Նիկոլ Փաշինյանի վճիռ է կայացրել, դրանից հետո կա միայն մեկ զարգացում՝ դիմել դատական ակտերը վերանայելու համար: Դա կանի Փաշինյանը թե դատախազությունը, կարևոր չէ: Եվրոպական դատարանն ասում է՝ պետություն, դու սխալ ես, պետությունը նախաձեռնում է իր սխալն ուղղելու ընթացակարգ: Այլ բան է, թե ինչ է տեղի ունեցել ՄԻԵԴ-ում»,- ասաց Հայկ Ալումյանը:

Ըստ փաստաբանի՝ այն, ինչ հետագայում պետք է բացահայտվի, ոչ թե դատախազության վերանայման հարցն է, որովհետև վարույթը վերաբացելը միակ բանն է, ինչ նա կարող է անել օրենքով, այլ այն, թե ինչու մեր կառավարությունը փաստեր, վճռի հիմքում դրված ապացույցները չի ներկայացրել ՄԻԵԴ-ում, և ինչու այդ ամենի արդյունքում հնարավոր է դարձել այս վճիռը:

«Դեռ առաջ չընկնենք, թե ինչ կարող է լինել ՄԻԵԴ վճռի հետ, բայց ԵԽԽՎ-ում խավիարային սկանդալի մասնակիցներին էլ թվում էր, թե դա երբեք չի բացահայտվելու: Սա կարելի է անվանել «հայկական խավիարի» պատմություն: Ես չեմ ուզում անգամ լսել, որ խավիարը հասել է ՄԻԵԴ, բայց եթե հանկարծ պարզվի, որ եղել է պայմանավորվածություն, դա վաղ թե ուշ գնահատականի է արժանանալու»,- ասաց Հայկ Ալումյանը:

Նա շեշտեց՝ ամենաանհույս գործով անգամ կառավարությունը փաստարկ ներկայացրել է, և ինքը չի հիշում դեպք, երբ Կառավարությունը դիմող կողմի փաստարկներին որևէ հակափաստարկ չներկայացնի:

«Սա մեթոդ չէ, որը կարելի էր կիրառել: Կառավարությունը ՀՀ շահերը ՄԻԵԴ-ում պարտավոր է պաշտպանել, ինչն այս գործով չի արել: Հետևությունները թողնում եմ ձեզ: Պետությունը պարտավոր է լինելու այս ամենը մի օր բացահայտել: Տիղմը կիջնի, ջուրը կբարձրանա, ու շատ հարցերի պատասխաններ կտրվեն, այդ թվում՝ այս հարցինը: Ես համենայն դեպս կաշխատեմ չմոռանալ սրա մասին»,- ասաց Հայկ Ալումյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս