«Նախկին իշխանությունների կողմից ռևանշի դեպքում Անդրանիկ Քոչարյանը պատկերացնո՞ւմ է, թե իր կողքին նստած Արմեն Խաչատրյանը որտեղ է լինելու». Գեղամ Մանուկյան
Այսօր տեղի ունեցավ Արցախի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը։ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ պատերազմը եղել է այս իշխանությունների օրոք, հետևաբար՝ նրանք չեն կարող օբյեկտիվ քննել պատերազմի հանգամանքները։
Այնուհետև երկու խմբակցությունները հանդես եկան մամուլի ասուլիսով, որի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ նախորդ շաբաթ անակնկալ իշխանությունը նախաձեռնեց քննիչ հանձնաժողովի ստեղծումը, իսկ այսօր հանձնաժողովի անդրանիկ նիստին իրենք հարկ են համարել ներկայանալ ու տեղում իրենց կարծիքը հայտնել։
«Նիստից հետո իշխանությունը մամուլի ասուլիս տվեց, խիստ անձնավորված, ինչպես ասում են՝ արջը 7 երգ գիտի, 7-ն էլ՝ նախկինների մասին։ Անդրանիկ Քոչարյանը, որ ասում է՝ ռևանշիստական ընդդիմություն, նա գիտի, որ ռևանշ եղավ նախկին իշխանությունների կողմից, օրինակ, մի պահ Անդրանիկ Քոչարյանը պատկերացնո՞ւմ է, թե իր կողքին նստած Արմեն Խաչատրյանը որտեղ է լինելու։ Ռևանշիստական ուժերի դեպքում Արմեն Խաչատրյանը կլիներ Սյունիքում ուղղակի տեսուչ՝ ճանապարհային ոստիկանության։ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին էլ՝ այն ժամանակվա ոստիկանապետի հանձնարարությամբ լրագրողների տուգանքները «ջրող» ճանապարհային ոստիկանության պաշտոնյա»,- նշեց Գեղամ Մանուկյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ իրենք գաղտնի տեղեկատվությանը ծանոթանալու իրավասություն ունեն և վստահ են, որ կգտնեն ձևաչափեր, թե ինչպես կարող են վերահսկել ու ծանոթանալ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։
«Ի սկզբանե ընդդիմությունը խոսում էր պարիտետային փաստահավաք խմբի կամ որևէ այլ կառուցվածքի մասին, երբ որ ընդդիմությունն իրավասություն կունենա նաև կարևոր դերակատրություն ունենալ»,- հավելեց «Հայաստան» խմբակցության անդամը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում