Ո՞ւմ տոնն է այսօր՝ նշանվածների՞, թե՞ նորապսակների
«Մահ չես տեսնի, մինչև տեսնես Տիրոջ Օծյալին»
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Տյառնընդառաջը՝ 40-օրյա Մանուկ Հիսուսի ընծայումը Տաճարին։ «Երբ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24)։ Աստվածաշնչում հենց այդպես է ներկայացված այս դրվագը, ուր հիշատակվում է նաև Սիմեոն ծերունին, ում Սուրբ Հոգին խոստացել էր. «Մահ չես տեսնի, մինչև տեսնես Տիրոջ Օծյալին»։
Երբ Հիսուսին Հովսեփն ու Մարիամը բերեցին տաճար, իսկ նրանց ընդառաջ եկան Սիմեոն ծերունին, ում հետ էր նաև Աննա մարգարեուհին ու առաջնորդվելով Սուրբ Հոգով՝ ճանաչեցին Փրկչին: Այստեղից էլ առաջացել է «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը:
Այսօր՝ Տյառնընդառաջի տոնին Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ:
Ե՞րբ տոնել՝ փետրվարի 13-ի՞ն, թե՞ 14-ին
Մարդկանց մոտ ձևավորված այն հարցը, թե երբ է նշվում Տյառնընդառաջը՝ փետրվարի 13-ի՞ն, թե՞ 14-ին, բացատրվում է հետևյալ կերպ. փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո, եկեղեցական կարգի համաձայն, օրը փոխվում է։ Այսինքն՝ Տյառնընդառաջի կրակը վառում են փետրվարի 14-ին՝ ըստ եկեղեցական օրացույցի, թեև աշխարհիկ օրացույցով դեռ 13-ն է։ Փետրվարի 13-ին կատարվում է նախատոնակ, կատարվում Անդաստանի կարգ, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը։ Ապա եկեղեցոց վերցված կրակով վառվում է տոնական խարույկը։ Իսկ արդեն փետրվարի 14-ի առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ։
Խարույկ վառելը՝ ժողովրդակա՞ն, թե՞ եկեղեցական ավանդույթ
Ըստ ժողովրդական ավանդույթի՝ Տյառնընդառաջի կարևոր ավանդույթը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից:
Ըստ ժողովրդական ավանդույթի՝ Տյառնընդառաջի օրը պարտադիր կերպով փոխայցելություններ էին կատարում խնամիները, նորահարս ունեցող ընտանիքին այցելում էին հարսի հարազատները: Որպես կանոն, խարույկի դեզը պատրաստում էին նորափեսաները։ Տյառնընդառաջի տոնին էր, որ նորափեսան պսակից հետո առաջին անգամ հանդիպում էր աներոջ հետ: Այդ պատճառով ժողովրդական ավանդության մեջ Տյառնընդառաջն ընկալվել է որպես փեսայի՝ աներոջ տուն այցելելու տաբուն վերացնելու հիմնական առիթ: Նախկինում պարտադիր կարգի համաձայն՝ նորապսակ երիտասարդներն իրավունք չունեին հարսի ծնողների և հատկապես աներոջ հետ հանդիպել: Եվ Տրնդեզի կրակի վրայով ցատկելը վերացրել է արգելքը, ինչից հետո երիտասարդներն իրավունք են ստացել այցելել ծնողների տուն:
Ո՞ւմ տոնն է այսօր՝ նշանվածների՞, թե՞ նորապսակների
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, տոնի օրը հռչակվել է նորապսակների օրհնության օր։ Սուրբ Պատարագից հետո եկեղեցիներում տեղի է ունենում Նորապսակների օրհնության կարգ:
Լուսավորենք մեր հոգին՝ Տիրոջ լույսով, և թող որ այս տոնը դառնա առիթը՝ Տիրոջն ընդառաջ գնալու մեր ցանկության վերագտնման համար։ Ընդառաջ գնանք Տիրոջը մեր ամենօրյա աշխատանքով, կյանքով ու առաքինությամբ։ Ընդառաջ գնանք Փրկչին՝ մեր հոգում ունենալով այն կենսատու հույսը, որ նա էլ մեզ է ընդառաջ գալիս, և մի օր անպայման պիտի հանդիպենք։