8 տարի աշխատանք տանելուց հետո Հայաստանում առաջին անգամ կազմակերպվել է պանրի մակարդի արտադրություն
Հայաստանում առաջին անգամ կազմակերպվել է պանրի մակարդի արտադրություն։ «БАБУШКИН РЕЦЕПТ» ապրանքանիշով ՌԴ է արտահանվել հայկական արտադրության մակարդի առաջին խմբաքանակը։
Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանի փոխանցմամբ՝ տեղական արտադրության համապատասխան ֆերմենտ ստանալու համար մոտավորապես 8 տարի աշխատանք է տարվել:
«1.5 տարի է, ինչ մենք դուրս ենք եկել տեղական շուկա, որպեսզի ապրոբացիա անցնի (հավանություն տալ, ընդունել): Բոլոր փոքրիկ տեխնիկական հարցերը լուծելուց հետո ապրանքն իր որակով, դոզավորմամբ, փաթեթավորմամբ վերջնական տեսքի է եկել և տան պայմաններում պատրաստելու համար համապատասխան փաթեթավորմամբ այս տարի արտահանվել է Ռուսաստան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պանրագործների միության նախագահը՝ հավելելով, որ իրական նպատակն ուղղված է եղել Հայաստանում պարենային անվտանգության շրջանակներում կատարվող անհրաժեշտ բաղադրիչի ձևավորմանը, ոչ թե արտահանելուն այս կամ այն երկիր:
«Իրական նպատակը նույնիսկ արտահանումը չէ: Կարևոր է, որ դրսից Հայաստանի կախվածությունը պանրի վերամշակման մասով հնարավորիս նվազեցնենք: Կողմնակի ոչ մի միջազգային կամ տեղական աջակցություն չենք խնդրել և չունենք: Բացառությամբ փաթեթավորման հարցի. հայ-շվեյցարական կազմակերպություն կա, նրանք են օժանդակել,սարքավորում է ձեռք բերվել: Մնացածն ասոցացիայի ուժերի շրջանակներում է արվել»,- նշեց Արմեն Գիգոյանը:
Հայաստանի պանրագործների միության նախագահի խոսքով՝ քանի որ արտադրող էին դառնում, պետք է կարողանային և՛ մրցունակ գին սահմանել, և՛ որակը վերահսկել, ինչը ստացվել է:
Մի փոքր բարդություններով, բայց ստացվել է նաև գիտնականների հետ համագործակցությունը:
«Միկրոբիոլոգիան և բիոքիմիան է այստեղ աշխատել՝ համագործակցել ենք համապատասխան մասնագետների հետ: Գիտական պոտենցիալը և արտադրական օժանդակ նյութերի համար անհրաժեշտ արտադրական ինֆրաստրուկտուրաներն ահավոր թույլ են: Բոլորը կարող են մի քանի գիտական աշխատանքներ ցույց տալ, բայց պրակտիկ տեսանկյունից շատ թույլ են: Լավ մասնագետ գրեթե չկա՝ քանակով շատ են, որակապես գրեթե չկան: Նոր պրոդուկտ ստանալու առումով դժվարություններ կան այնպիսի տարրական հարցերում, ինչպիսին փաթեթավորումն է: Շարքային այնքան խնդիրների առջև ես կանգնում, որ երանի ես տալիս պանրի արտադրությանը: Եթե ուզում ես պանիր արտադրել՝ քեզ համար ամեն ինչ հասանելի է, որովհետև կարգավորված է, իսկ նոր ապրանքի դեպքում ապակյա շշերից սկսած՝ բարձր գներով պիտակներից վերաջացրած՝ ամեն ինչ բարդ է»,- եզրափակեց Արմեն Գիգոյանը: