Բաժիններ՝

Հիսուս Քրիստոսի մրցույթը չավարտած՝ ինչ-որ բաներ են ցույց տալիս, դա կանոնակարգի խախտում է. մասնակիցների իրավունքները ևս խախտվում են. ահազանգ

Հայաստանից և արտերկրից շարունակում են ներկայացնել Հիսուս Քրիստոսի հուշարձանային համալիրի նախագծի նոր գաղափարներ՝ նոր լուծումներով: «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում գաղափարի հեղինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ամենայն բծախնդրությամբ ծանոթանում է ներկայացված յուրաքանչյուր գործին: Նկարահանման ժամանակ նա ծանոթացել է քանդակագործ Արմեն Սամվելյանի նախագծին:

Առաջարկվող հուշարձանային համալիրն ունի մի քանի բաղադրիչ՝ ներքևում մոմավառության համար առանձնացված հատվածն է, վերևի մասում նախատեսվում է բացել թանգարան: Համալիրի տարածքում տեղադրվելու են նաև 12 առաքյալների արձանները: Կոթողը Գագիկ Ծառուկյանի ցանկությամբ պետք է լինի խորհրդանշական բարձրությամբ: Միայն քանդակը պետք է լինի 33 մետր: Պատվանդանով ու այլ լուծումներով համալիրի բարձրությունը կարող է եռակի ավելին լինել:

Գագիկ Ծառուկյանը հետաքրքիր գաղափարները ցանկանում է բաց քննարկել հանրության հետ՝ ընդգծելով, որ սա մտքի, գաղափարի մրցույթ է:

«Ես ասել եմ, որ առաջին հերթին այն պետք է ժողովրդի մեծամասնության կողմից ընդունելի լինի: Շատ առաջարկներ են եղել, փետրվարի 20-ին բոլորը կներկայացնեն իրենց գործերը, կընտրենք ամենալավը: Դրանից հետո կքննարկենք այն տեղը, որտեղ համալիրը կտեղադրվի»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:

«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանն ահազագում է՝ մրցույթի կարգի խախտում է տեղի ունենում:

«Կարծում եմ, որ սխալ է արվում ամեն ինչ: Պետք է ժյուրի լինի, ով իր մասնագիտական խոսքը կասի, հետո մարդիկ պետք է կարողանան ծանոթանալ բոլոր նախագծերին ու իրենց կարծիքը հայտնեն, ապա կտեսնեն, թե որ գործն են ավելի շատ հավանել: Մրցույթը չավարտած՝ ինչ-որ բաներ են ցույց տալիս, դա կանոնակարգի խախտում է: Հետո էլ ասում է՝ գաղափարի մրցույթ է. բա, եթե գաղափարի մրցույթ է, ո՞նց ես դու 33 մետր բարձրության գաղափարը տալիս արդեն: Այդպես չի կարելի, մրցութային կարգի խախտում է: Մասնակիցների իրավունքները ևս խախտվում են»,- ասաց Մարիամ Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս