«Պարոն Ջհանգիրյանն ասել է, որ ցանկալի է՝ ես հրաժարական տամ, ինքը դառնա ԲԴԽ նախագահ». Ռուբեն Վարդազարյան

Այսօր խորհրդարանում ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանի նախաձեռնած դատական համակարգի վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի կասեցված լիազորություններով նախագահ Ռուբեն Վարդազարյանն անդրադարձավ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ այդ կառույցի անդամի ընտրությանը։

Մինչ այդ Արամ Վարդևանյանը հիշեցրեց, թե ինչ էր տեղի ունենում ԲԴԽ-ի շուրջ նախորդ տարվա ձմռանը և գարնանը։

«Բոլորն են սա հիշում, նաև ԱԺ-ում, Ձեր կողմից Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու ժամանակ, ինչպիսի հարցեր էին հնչում՝ ուղղված Ձեզ։ Այն ժամանակ ներկայացնում էինք այդ թեկնածուին, բայց այնպես ստացվեց, որ նրա թեկնածությունը քննարկելու փոխարեն՝ լրիվ այլ հարցեր էին քննարկվում, որոնք առավելապես օրակարգի հետ առնչություն չունեին։ Դրանից հետո, պարոն Վարդազարյան, Ձեր լիազորությունները դադարեցրին, ԲԴԽ նախագահ ընտրվեց Գագիկ Ջհանգիրյանը։ Ես և իմ ընկերներն այդ ժամանակ ասել ենք, որ պարոն Ջհանգիրյանի պաշտոնավարումը հակասահմանադրական է, մյուս կողմից էլ՝ դուք հանդես չեկաք նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ»,- նշեց Արամ Վարդևանյանը։

Ռուբեն Վարդազարյանի փոխանցմամբ, երբ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը՝ որպես ԲԴԽ անդամ, դեռ քննարկվում էր, ինքն իր դիրքորոշումը հրապարակային  հայտնել է։

«Ասել եմ՝ անձը, որի 65-ամյակը լրացել է, իրավունք չունի ԲԴԽ անդամ ընտրվել։ Հիմնավորումներն այն ժամանակ տվել եմ, դրանք նույնն են։ ԲԴԽ անդամը հավասարեցված է դատավորի կարգավիճակին։ Այդուհանդերձ ԱԺ-ն պարոն Ջհանգիրյանին ընտրեց  ԲԴԽ անդամ։ Դրանից հետո ես որևէ կերպ այդ հարցին չեմ անդրադարձել, քանի որ ԲԴԽ նախագահի լիազորություններում չկա նման դիրքորոշում։

Պարոն Ջհանգիրյանն անձամբ ինձ ասել է, որ ցանկալի է, որպեսզի ես հրաժարական տամ, որպեսզի ինքն աշխատի ԲԴԽ նախագահ»,- եզրափակեց Ռուբեն Վարդազարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս