Բաժիններ՝

Ինչպե՞ս են ԱՎԾ-ում մշակվում միգրացիայի մասին տվյալները և որքանո՞վ են օբյեկտիվ

2021թ. ընթացքում Հայաստանից դուրս է եկել 1 մլն 673․765 մարդ, մուտք գործել` 1 մլն 629․891-ը. սրանք ԱՎԾ տվյալներն են՝ հենված ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի և ելքերի սահմանային գրանցումների վրա։

Այս ցուցանիիշների տարբերությունը՝ 43․874 մարդ, թեև համարվում է միգրացիոն սալդո, սակայն պաշտոնական շրջանակների գնահատմամբ՝ հնարավոր չէ միայն այդ թվով պատկերացում կազմել միգրացիայի մասին:

Ի դեպ, միգրացիայի ևս մեկ ցուցանիշ՝ միգրացիայի մնացորդը, որը 2021 թվականի տվյալներով կազմել է -4200 մարդ: Համեմատության համար նշենք, որ 2020-ին այդ թիվը  +3 400 էր, 2019-ին` -15․400։

168.amՊետական վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանից հետաքրքրվեց՝ միգրացիայի ո՞ր ցուցանիշի վրա պետք է հենվել՝ միգրացիայի մասին ճշգրիտ պատկեր կազմելու համար:

Ի պատասխան՝ Կարինե Կոյումջյանը պարզաբանեց. «Միգրացիայի մնացորդի հաշվարկի համար հիմք է հանդիսանում Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից բնակչության ռեգիստրի տվյալների հիման վրա ներկայացված հաշվառման կանգնած և հաշվառումից դուրս գրվածների վերաբերյալ տեղեկությունը, որը ճշգրտվում է՝ հիմք ընդունելով նախորդ տարվա տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտության միգրացիայի բլոկի տվյալները, որը հնարավորություն է տալիս տեսնելու բնակչության տեղաշարժերն արդեն ըստ միջազգային դասակարգումների՝ մարդն ինչ նպատակով է մեկնել, ժամանել և ինչ  ժամկետներով, որովհետև դրանք շատ կարևոր են:

Այդ ցուցանիշը 2021 թվականի նախնական տվյալներով կազմել է – 4200, այսինքն՝ 4200 մարդով ավելի շատ մեկնողներ են եղել, քան ժամանողներ:

43․874-ը վերաբերում է սահմանային գրանցումներին. Ինչո՞ւ եմ ասում՝ սահմանային գրանցում, որովհետև այդ սահմանային գրանցումների մեջ նույն մարդը կարող է մի քանի անգամ մեկնած և ժամանած լինի, ինչի վերաբերյալ նաև հետաքրքրաշարժ վիճակագրություն ենք ներկայացնում, որտեղ երևում է՝ քանի մարդու կողմից են և քանի անգամ են այդ սահմանային հատումներն իրականացվել»:

Պատասխանելով հարցին՝ թե որքանո՞վ են օբյեկտիվ ԱՎԾ ներկայացրած տվյալները, որոնք, փաստորեն, պատերազմի, կորոնավիրուսի, սոցիալ-տնտեսական ծանր հետևանքների, այդ թվում՝ բարձր գնաճի ֆոնին, արձանագրում են ընդամենը -4200 միգրացիայի մնացորդ, և դիտարկմանը, որ մասնագիտական տարբեր շրջանակներ ևս բարձրաձայնել են արտագաղթի մեծ ալիքի մասին, Պետական վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետը նշեց. «Վիճակագրությունն ունի մեթոդաբանություն, և մենք այդ մեթոդաբանության հիման վրա ենք իրականացրել: Դրանք դեռևս նախնական տվյալներ են, որովհետև դեռևս ունենք ուշ գրանցումներ, որոնք պետք է ճշգրտվեն:

Իսկ օբյեկտիվն ու սուբյեկտիվը վիճակագրության խնդիրը չէ. համենայն դեպս, փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուրն իր պատուհանից է նայում, բայց, ընդհանրապես, միջազգային վիճակագրական հանրության համար գոյություն ունի միջազգային մեթոդաբանություն, ինչով և առաջնորդվում ենք, ինչի մասին և մենք հրապարակում ենք մեթոդաբանության մեջ՝ հաշվի առնելով, որ յուրաքանչյուրը, ով օգտագործում է այդ տեղեկատվությունը, հասկանա՝ ինչ սկզբնաղբյուրի հիման վրա են հաշվարկված այդ տվյալները, և ինչ սահմանափակումներ ունի այս կամ այն ցուցանիշը»:

ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտական ​​ղեկավար, սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը ևս տարակուսած է ԱՎԾ հրապարակած տվյալներից:

168.am-ի հետ զրույցում նա հիշեցրեց. «Սեպտեմբերի տվյալներով՝ 102․000-ի մինուս ունեինք մենք, այսինքն՝ մեկնածներն ավելի շատ էին, քան ժամանածները: Թե մինչև տարեվերջ ինչպես է նվազել… Ես էլ եմ նայել տվյալները. մի քիչ անհասկանալի է ու զարմանալի է, որովհետև միտումները գնում էին դեպի աճը»:

Նա չբացառեց, որ այս տվյալների վրա ազդեցություն է ունեցել համավարակով պայմանավորված իրավիճակը՝ տեղաշարժերի շարունակվող սահմանափակումներ, աշխատաշուկայի վրա ազդեցություն:

«Շատերը մնացին, որովհետև ամեն երկիր իր պահանջներն ունի՝ թեստավորում, QR կոդ են ուզում, մի տեղ ասում են՝ աշխատանք չկա, իզուր եք գալիս»,- հավելեց Գևորգ Պողոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս