«Չեմ հիշում», կամ՝ Գլխավոր դատախազության երկակի ստանդարտները

«Յուրաքանչյուրի անկախությունն իր մեջ է: Եվ ես ցավում եմ, որ ցանկացած պաշտոնատար անձ, ով պետք է անկախ լինի, արձանագրում է, որ ինքն անկախ չէ, կամ համակարգը անկախ չէ: Դատական համակարգն անկախ լինում է անկախ դատավորներով»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց գլխավոր դատախազի տեղակալ, Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը:

Անդրադառնալով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի վերաբերյալ գործին, Գևորգ Բաղդասարյանն ասաց՝ դրա հետ կապված հայտարարություններն առնվազն ճիշտ չեն:

«Որովհետև դեռ այն փուլում, երբ որևէ տվյալ չէր հրապարակվել Բորիս Բախշիյանի գործի մասին, և որևէ մեկը չգիտեր, թե ընդհանրապես ինչին է վերաբերում այն, և դատավորների, և մասնագիտական կառույցների կողմից մտահոգությունների տեսքով հրապարակումներ եղան, որոնք սկսեցին գործընթացը կապել այլ հանգամանքների, օրինակ՝ Աշոտ Մինասյանի գործի հետ: Բայց, կրկնում եմ, այնքանով, որքանով այդ դատողությունները որևէ կերպ կապ չունեն գործի իրական հանգամանքների հետ, դրանք օբյեկտիվ լինել չեն կարող»,- ասաց գլխավոր դատախազի տեղակալը:

Վերջինս նկատեց՝ դատախազությունն Աշոտ Մինասյանի գործով Բորիս Բախշիյանի կայացրած որոշման հետ համաձայնել է և չի բողոքարկում, և Բախշիյանի հետ կապված գործընթացը կապել դրա հետ, ըստ Գևորգ Բաղդասարյանի, ուղղակի անմտություն է:

«Այդ մտահոգություններին, ենթադրություններին հակակշռվում են փաստեր, բայց դրանք որևէ մեկին չեն հետաքրքրում: Դատախազությունը պաշտոնական հրապարակում արեց, որում ներկայացրեց հանգամանքները: Ես չտեսա որևէ մտահոգություն արտահայտած անձի, որի մտահոգության հիմքում այդ հանգամանքները կքննարկվեն: Փաստերը շրջանցում են, իսկ երբ կա դիտավորություն, ցանկացած հանգամանք կարելի է կապել ցանկացած հանգամանքի հետ»,- ասսց գլխավոր դատախազի տեղակալը:

Նա պնդեց՝ որևէ հետապնդում Բորիս Բախշիյանի նկատմամբ չկա:

«Ես ինքս եմ Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) մասնակցել նիստին և շատ լավ մասնակից եմ եղել մասնագիտական քննարկմանը: Ցավում եմ, որ այդ մասնագիտական քննարկման ժամանակ կոնկրետ վարքագիծ ունեցող անձինք դրանից դուրս, հատկապես՝ տեսանկարահանող սարքերի առաջ, անում են հայտարարություններ, որոնք որևէ կերպ չեն համադրվում այդ վարքագծի հետ: Ներսում մասնագիտական կարծիք չեն կարողացել հայտնել»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը:

Ըստ նրա՝ դատախազությունը բավարար հիմքեր է ունեցել այդ միջնորդությունը ներկայացնելու:

«Երբ մեղադրյալն ասում է՝ պաշտպանս նիստի չի կարող գալ, իսկ ես առանց պաշտպանիս չեմ ուզում ներկա գտնվել դատական նիստին, և գործով հաստատված լինի, որ այդ մեղադրյալը ենթարկվել է ճնշումների, անօրինական ազդեցությունների, գործով 5 պարտադիր մասնակիցների բացակայությամբ դատական նիստը շարունակվի, ու շարունակվի բացառապես այդ մեղադրյալին կալանավորելու համար, բոլոր մասնակիցները դիրքորոշում հայտնեն, որ չի կարելի կալանավորել, որովհետև հենց այդ խափանման միջոցն ընտրելու հիմք չկա, պետք է նրան բերման ենթարկել, բացի այդ, պետք է լսել այդ մեղադրյալին, բացակայության պատճառները հասկանալ, ու դատավորը շարունակում է նիստը, որին կալանավորի, ու կալանավորում է»,- դատախազության դիրքորոշումը հայտնեց գլխավոր դատախազի տեղակալը:

Շարունակելով թեման՝ Գևորգ Բաղդասարյանը նկատեց՝ հաջորդ դատական նիստին ոչինչ չի փոխվում, նույն մեղադրյալը հաստատում է, որ՝ այո, հենց այդ պատճառով էլ չէի եկել, ու նրան ազատ են արձակում, հարցաքննում են, ու վերջինս ցուցմունքներից հրաժարվում է, ու դա ծառայեցվում է մեկ այլ մեղադրյալի ազատ արձակելու համար, այն մեղադրյալին, որը հետո էլի կալանավորվեց (Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին.- Գ.Ս.):

«Իսկ թե այդ ընթացքում՝ կալանքի տակ եղած ժամանակ, ինչեր են կատարվել, դրա մասին մանրամասներ չասեմ: Ասեմ ուղղակի, որ քրեական գործ կա հարուցված՝ կազմակերպված խմբի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելուն հարկադրելու համար»,- ասաց գլխավոր դատախազի տեղակալը՝ շեշտելով, որ այս հանգամանքները խոսում են բացարձակ ապօրինության մասին:

Ըստ նրա՝ բացի այն, որ դատավոր Բախշիյանը ԲԴԽ-ում ընդունել է, որ նմանօրինակ այլ որոշում դատավորի իր պրակտիկայում չունի կայացրած, դատախազությունը պարզել է նաև, որ, օրինակ, մեկ գործով, որով անձը 3 դրվագով, այդ թվում՝ ծանր հանցագործության մեջ, մեղադրվել է, ուղիղ մեկ տարի չի ներկայացել դատական նիստին, գործում եղել է խափանման միջոցը ընտրած ապահովող մարմնի գրությունը, որ չի կարողանում ապահովել պատշաճ վարքագիծ, խնդրել է խափանման միջոցը փոխել, դրանից հետո էլ չի փոխվել խափանման միջոցը:

«Դրանից հետո այս նույն դատավորը, չգիտես ինչու, հեռախոսակապով փորձել է ապահովել նրա ներկայությունը, ստացել պատասխան, որ չի ներկայանալու դատական նիստին, փոխել է ամբաստանյալի խափանման միջոցը, բայց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին: Հարց չի՞ առաջանում՝ ինչո՞ւ…»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը՝ տարակուսելով, որ կալանավորվում է մեղադրյալ, ով չի ուզել դատական նիստին ներկայանալ առանց իր պաշտպանի, բայց չի կալանավորվում մեկ տարի դատական նիստին չներկայացածը:

Դիտարկմանը, թե Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն էլ առանց Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի մասնակցության է նրան կալանավորելու որոշում կայացրել, Գևորգ Բաղդասարյանն ասաց՝ չի հիշում Արթուր Սարգսյանի հետ կապված դեպքը:

Լրագրողը պնդեց՝ դատախազությունն ինքն իրեն ձեռնոց է նետել, և Գևորգ Բաղդասարյանը պետք է գնա ԲԴԽ ու նույնանման գործընթաց սկսի:

«Շատ անկեղծ ասեմ, որ Ձեր բերած օրինակում՝ ինչպես է ընթացել դատական նիստը, ես շատ մանրամասների տեղյակ չեմ, թե չէ հիմա հրապարակային կպատասխանեի: Մեր հաջորդ հանդիպմանը կպատասխանեմ: Բայց ցանկացած իրավիճակում, երբ որևէ մեկը կցանկանա քննարկել ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացնելու հարցը, այդ ձեռնոցը օդում չի մնա: Բայց այդպիսի դատական ակտ, իմ համոզմամբ, չի կայացվել»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը:

Տեսանյութեր

Լրահոս