«Դուք այն դատավորն եք, ով երկու տարի առաջ հակասահմանադրական հոդվածով կալանավորել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին». Փաստաբանը՝ դատավորին

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մեկնարկել է Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ դատական նիստը։

Դատական նիստը մեկնարկեց առանց Առուշ Առուշանյանի: Թեև պաշտպանական կողմը նախապես դիմում էր ներկայացրել դատարանին՝ խնդրելով ապահովել Առուշանյանի ներկայությունը դատական նիստին, Առուշանյանը ՔԿՀ-ից չի բերվել՝ տեխնիկական խնդիրների պատճառով, իսկ պաշտպանության կողմը չառարկեց, որ դատական նիստը շարունակվի Առուշանյանի բացակայությամբ։

Հիշեցնենք՝ 2021թ դեկտեմբերի 28-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, մերժել է Առուշ Առուշանյանին 30 մլն ՀՀ դրամի չափով գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը: Եվ սա՝ այն դեպքում, երբ նախաքննության ընթացքում Առուշանյանի դեմ ցուցմունք տված Լուսինե Ավետյանը դատարանում արդեն ցուցմունք է տվել՝ հրաժարվելով նախաքննական իր ցուցմունքից: Ավելին` նա հայտարարել է, որ զղջում է Առուշանյանի վերաբերյալ սխալ ցուցմունք տալու համար: Առաջին ատյանի դատարանը գտել էր, որ գործով դատակոչված ևս 6 վկաներ կան, որոնք պետք է հարցաքննվեն։

Մինչ բողոքի ըստ էության քննությանն անցնելը դատարանը քննարկեց բացարկի հարցը, որի շրջանակներում թեև պաշտպանության կողմը միջնորդություն չի ներկայացրել, բարձրաձայնել է դատավորի հնարավոր կաշկանդված լինելու հարցը։ Մասնավորապես, պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նախագահող դատավորներին հիշեցրեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը և Բախշիյանի կալանավորման հանգամանքը։

«Այդ երևույթը խժռել է, իսպառ վերացրել է իրավաբանությունը։ Դուք գիտեք, որ դատավոր Բախշիյանը կալանավորվել է իրականացված արդարադատության համար, բազմաթիվ իրավաբանների համոզմամբ՝ վերջինս գործել է բարեխղճորեն, կայացրել, օրինակ, դատական ակտ»,- նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ այս դեպքից հետո դատավորների մասին՝ բացառությամբ մի քանի դատավորների, համարձակություն չեն ունենալու՝ օրինական հիմքերի պարագայում ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու համար։

Ըստ Ալեքսանյանի՝ այս գործը ևս ստանդարտից դուրս է, ուստի հարց է բարձրացնում՝ արդյո՞ք կան երաշխիքներ, որ օրինական հիմքերի առկայության դեպքում դատարանը կկայացնի դատական ակտ՝ չվախենալով, որ չի ենթարկվի հետապնդման։

Ալեքսանյանը հիշեցրեց նաև, որ Ռուբիկ Մխիթարյանը հենց այն դատավորն է, որը վեց ամիս առաջ կալանավորել է Արմեն Չարչյանին՝ կալանավորման հետ անհամատեղելի հիվանդությունների և անձեռնմխելիության պայմաններում, երկու տարի առաջ կալանավորել է Երկրորդ նախագահին՝ հակասահմանադրական հոդվածով, ինչը վկայում է այն մասին, որ դատարանը չի ունեցել համարձակություն՝ կայացնելու անաչառ, անկաշկանդ որոշում։

«Կյանքը ցույց է տալիս, որ դուք իրավաբանության տեսանկյունից կայացրել եք ակնհայտ ոչ իրավաչափ որոշումներ»,- ասաց Ալեքսանյանը՝ դիմելով դատավորին։

Հիշեցնենք նաև, որ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը ձերբակալվել է հուլիսի 5-ին՝ ժամը 16։24-ի սահմաններում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու հատկանիշներով։ Ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել, սակայն մինչ դատարանը կքններ Ավետյանի ձերբակալման իրավաչափության հարցը, վարույթն իրականացնող մարմինը շտապեց մեղադրանք առաջադրել Ավետյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացնել դատարան, որը բավարարվել էր։ Նա կալանքից ազատվել էր Առուշանյանի դեմ ցուցմունք տալուց հետո:

Նախաքննական մարմինը Գորիսի համայնքապետարանի կողմից սոցիալապես անապահով բնակիչներին տրված սոցիալական օգնությունը գնահատել է որպես ընտրակաշառք ու կալանավորել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, որն իր անհամաձայնությունն էր հայտնել Սյունիքի ռազմավարական նշանակության բարձունքները հակառակորդի հսկողության տակ հանձնելու Նիկոլ Փաշինյանի որոշման կապակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս