
«Ահարոն Խաչատրյանն ո՞վ ա, շարքային ավագանի». Վարդենիսի ՔՊ-ական ավագանին չի մասնակցի այսօրվա նիստին

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում այսօր նախատեսված էր նորընտիր ավագանու առաջին նստաշրջանը: Նախապես նշանակված ժամը 11:00-ի նիստը մեկ ժամով հետաձգվեց:
Նիստի մեկնարկից առաջ ավագանու «Ահարոն Խաչատրյան» խմբակցությունից 168.am–ին փոխանցեցին, որ նստաշրջանի բացման կապակցությամբ հրավեր է ուղարկվել նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին:
ՔՊ-ի համայնքապետի թեկնածու Արամ Մելքոնյանն էլ, որն այս պահին Վարդենիսի համայնքապետարանում է, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու նիստին.
«Ոչ թե կարող է, բնականաբար, ներկա չենք լինի: Ավագանու նիստ իրավունք ունի հրավիրի միայն համայնքի ղեկավարը, բայց եթե համայնքի ղեկավար չկա, ո՞վ է հրավիրում: Իհարկե, ավագանին էլ կարող է նիստ գումարի, բայց ո՞վ է անցկացնելու, համայնքի ղեկավար չկա՛»:
Դիտարկմանը, թե նիստը վարելու է Ահարոն Խաչատրյանը, Արամ Մելքոնյանն անմիջապես հակադարձեց.
«Ահարոն Խաչատրյանն ո՞վ ա, շարքային ավագանի, հերթական, ոնց որ մնացած 27 անդամները… Էն, ինչի համար որ մենք մտանք դատարան, դատարանը բավարարեց: Մենք հայցադիմումով մտել ենք՝ դեկտեմբերի 30-ի ավագանու նիստը չեղարկել»:
Արամ Մելքոնյանը տեսախցիկի առջև հարցազրույց տալ չցանկացավ, թիմակիցների հետ շտապեց քննարկելու, հավանաբար, իրենց հետագա քայլերը:
Հիշեցնենք, որ Վարդենիսի խոշորացված համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո ավագանու 27 մանդատներից 13-ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն են, իսկ մյուս 2 խմբակցությունները միավորվել են և ունեն ընդհանուր թվով 14 մանդատ: Դեկտեմբերի 30-ին համայնքապետարանում տեղի ունեցավ ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ համայնքի ղեկավար ընտրվեց Ահարոն Խաչատրյանը, սակայն ավագանու ՔՊ-ական անդամները պնդում են, որ այդ նիստը տեղի է ունեցել օրենքի խախտումով, և Ահարոն Խաչատրյանին չեն ընդունում՝ որպես համայնքապետ։ Ավելին, հունվարի 4-ին համայնքապետի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ դրսում՝ համայնքապետարանի շենքի դիմաց, քանի որ նախկին համայնքապետ, ՔՊ-ական Արամ Մելքոնյանը ոստիկաններին հանձնարարել էր ավագանու ընդդիմադիր անդամներին ներս չթողնել։