Ալիևը դիվանագիտական նոր խնդիր է դնում Փաշինյանի առջև. ինչո՞վ ավարտվեց Մակրոնի ու Միշելի նոր նախաձեռնությունը

Հետպատերազմյան շրջանում ԵՄ-ն փորձում է ամրապնդել իր դիրքերը՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների միջնորդ: ՀՀ Կառավարության հաղորդմամբ՝ փետրվարի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը:

«Կողմերը մտքեր են փոխանակել առկա հումանիտար խնդիրների լուծման, երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, ՀՀ-ԱՀ սահմանագոտում լարվածության նվազեցման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների ելումուտի, ինչպես նաև՝ հարցերի լայն շրջանակի վերաբերյալ»,- ասված է հայկական կողմի տարածած հաղորդագրությունում, որում նաև նշվում է, թե Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման և խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։

Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ուրբաթօրյա տեսակոնֆերանսը հանդիսանում է Ֆրանսիայի Հանրապետության նախագահի միջնորդական մոտեցման մաս, որն իրականացվում է Եվրոպական խորհրդի նախագահի հետ համակարգմամբ և ուղղված է երկխոսության խրախուսմանն ու հումանիտար միջոցների և վստահության վերականգնման միջոցների համատեղ իրականացման ապահովմանը։

«Նախագահ Մակրոնը և նախագահ Միշելը վերահաստատել են իրենց լիակատար հանձնառությունը՝ աջակցելու տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և վստահության ձևավորմանն ուղղված ջանքերին։ Նրանք ամփոփեցին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպումներից հետո ձեռք բերված առաջընթացը, մասնավորապես՝ պահվող անձանց վերջին ազատ արձակումները, անհայտ կորածների որոնման համատեղ ջանքերը, ինչպես նաև երկաթուղային գծերի առաջիկա վերականգնումը:

Պետությունների և կառավարությունների ղեկավարները համակարծիք էին, որ այս հանդիպումն արժեքավոր հնարավորություն էր՝ քննարկելու հարցերի լայն շրջանակ։ ԵՄ-ն և Ֆրանսիան հավատարիմ են մնում այլ գործընկերների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի հետ աշխատելու սկզբունքին՝ բարգավաճ, անվտանգ և կայուն Հարավային Կովկաս կառուցելու համար»,- ասված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ:

Հարկ է նշել՝ զուգահեռաբար հայտնի դարձավ, որ Եվրամիությունն Ադրբեջանին կտրամադրի 2 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթ, հայտնել էր ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատարը։ 2021թ. դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «անարդար» էր անվանել Եվրամիության կողմից Բաքվին և Երևանին ֆինանսական օգնության բաշխումը։ Ինչպես հայտնի է, ԵՄ-ն նախորդ տարի Հայաստանի դեպքում շրջանառեց 2,6 մլրդ եվրոյի հասնող ֆինանսական օգնության փաթեթի մասին:

Փաշինյան-Ալիև տեսակոնֆերանսից օրեր անց՝ փետրվարի 7-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։

Բաքվի այս քայլը ողջունեցին Փարիզն ու Բրյուսելը:

Գերիների վերադարձը, իհարկե, այս հեռավար շփման մեծ ձեռքբերումն է, սակայն պարզվում է, որ Ադրբեջանը, որը կարողացավ պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային օրակարգ ներառել ականապատ դաշտերի քարտեզների թեման, որը չկար պատերազմի դադարեցման եռակողմ փաստաթղթերում, կարողացավ գոնե այս փուլում «վերացնել» ԵԱՀԿ Մինսկի խումբը, կարողացավ միջազգային դիվանագիտական ձևակերպումներից դուրս բերել հայամետ ձևակերպումները և Արցախի կարգավիճակի հստակեցման անհրաժեշտության հարցը, կարողացավ ռազմական ներխուժում կատարել ՀՀ ինքնիշխան տարածք առանց միջազգային դիվանագիտական հետևանքների, կարողացավ նաև մերժել դեմարկացիա-դելիմիտացիայի հանձնաժողով ձևավորելուն ուղղված ՀՀ ԱԳՆ առաջարկները,  նորանոր պահանջներ է առաջ քաշում, որոնք հայկական կողմը պետք է կատարի:

Տեսակոնֆերանսից հետո, բացի հայկական կողմի պաշտոնական հաղորդագրությունում ԵԱՀԿ Մինսկի խմբին անդրադարձից, որևէ հղում չկա ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնմանը, ինչը Բաքվի փորձագիտական շրջանակներում միանշանակ հաղթանակ է որակվում: Բացի այդ, ադրբեջանական շրջանակների համար կարևոր է, որ Մակրոն-Միշել հաղորդագրությունում «ԼՂ հակամարտություն» կամ «Ղարաբաղ» ձևակերպումներով որևէ անդրադարձ չկա:

Սակայն ամենակարևորը և նորությունն այն է, որ, ըստ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության՝ հայկական կողմը պետք է Ադրբեջանին տրամադրի տեղեկատվություն Ադրբեջանի այն քաղաքացիների վերաբերյալ, որոնք, հաղորդագրության համաձայն, սպանվել են հայ-ադրբեջանական առաջին պատերազմում և ենթադրաբար թաղված են զանգվածային գերեզմաններում, ինչպես նաև Ադրբեջանը պահանջում է տեղեկություններ զանգվածային գերեզմանների մասին:

Մեկնաբանելով բանակցային սեղանին ստեղծված իրավիճակը՝ ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը նշեց, որ եվրոպական կողմի համար կարևոր չէ բանակցային բովանդակությունը, որքան միայն այն փաստը, որ բանակցություններին ու շփումներին իրենք մասնակից լինեն:

Լուկիանովի որակմամբ, եվրոպական տեսանկյունից կարևոր է, որպեսզի գործընթացը չմնա միայն ՌԴ միջնորդության տիրույթում, այն դեպքում, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի գործում, ու բանակցային բոլոր ասպեկտները ՌԴ վերահսկողության տակ են հայտնվել պատերազմից հետո:

Ըստ նրա, հանդիպման արդյունքներից պարզ է դառնում, որ անկախ միջնորդի անձից, քննարկումները, դրանց բովանդակությունը ձևավորվում է կողմերի առճակատման տիրույթում, և միջնորդների դերը կարևոր է միայն շփումը հաստատելու տեսանկյունից:

«Այլևս ակնհայտ է դառնում, որ քանի դեռ նպատակահարմար չէ վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, կամ հայտնի չէ այդ հարթակի ճակատագիրը, ԵՄ-ն բարձրաստիճան նախաձեռնություններով է պահպանելու մասնակցություն բանակցային գործընթացում, ժամանակի ընթացքում փորձելով նաև առանձին այլ թեմաների մասնակիցը դառնալ, ինչպիսին սահմանազատման-սահմանագծման հարցն է, որը քննարկվել էր դեկտեմբերին Միշելի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը:

Այսինքն՝ եվրոպական միջնորդությունը դեկտեմբերին սկսվեց միմիայն հումանիտար բաղադրիչով, սակայն հակված է ընդլայնվել, ու Ադրբեջանը, որը համարում էր, որ բանակցությունները պետք է եռակողմ՝ Երևան-Մոսկվա-Բաքու ձևաչափով ընթանան, այսօր դեմ չէ եվրոպական աջակցությանը, քանի որ ԵՄ-ն աշխատեց այդ ուղղությամբ:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, կարծում եմ՝ Ռուսաստանը ԵՄ-ի և Ֆրանսիայի նախաձեռնություններին դեմ չէ հատկապես այս փուլում, երբ Ուկրաինայի շուրջ փակուղային իրավիճակ է ստեղծվել, որի շուրջ բանակցությունների համար Մոսկվա է ժամանում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Ռուսաստանի համար Հարավային Կովկասը, իհարկե, վերջին շաբաթների ընթացքում երկրորդ պլան է մղվել»,- ասաց Լուկիանովը՝ շարունակելով, որ բանակցությունների որակն ու բովանդակությունը կախված է կողմերից:

Նրա խոսքով՝ տեղին չէ միջնորդներին այս կամ այն հարցի համար մեղադրել, կամ ընդհակառակը, քանի որ ամեն դեպքում երկխոսությունը տեղի է ունենում Երևան-Բաքու դիմակայության տրամաբանության շրջանակում:

Տեսանյութեր

Լրահոս