Ալիևը լսեց ՔՊ-ականի առաջարկը. հերթական հաղթաթուղթը Ադրբեջանի ձեռքում

Փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերի վերադարձել է հայրենիք:

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմը պետք է Ադրբեջանին տեղեկություններ փոխանցի Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զոհված ադրբեջանցի զինվորականների և քաղաքացիական անձանց հուղարկավորման ենթադրյալ վայրերի մասին:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Իլհամ Ալիևն առաջին պատերազմի ժամանակ իրենց անհայտ կորածների հարցը բարձրացրել է Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Շառլ Միշելի հետ հեռավար հանդիպման ժամանակ:

Հայկական կողմը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, պարտավորվել է աջակցություն ցուցաբերել այս հարցում, ինչն արժանացել է Ֆրանսիայի նախագահի հավանությանը:

Թե ո՞ւմ ուղիղ խորհրդով է Ադրբեջանի նախագահը որոշել հայ ռազմագերիների դիմաց պահանջել Արցախյան առաջին պատերազմում իրենց անհայտ կորածների վերաբերյալ տեղեկություններ, պարզ չէ:

Իսկ գուցե սա Ալիևի մտքում ծագել է Փաշինյանի կուսակից՝ ՔՊ-ական պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի 2021թ. տարեվերջյան առաջարկը լսելո՞ւց, որը նա արել էր 2021-ի դեկտեմբերին 21-ին՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Ուզում եմ հարց տալ պարոն Ալիևին ու ադրբեջանական ժողովրդին: 1994-ի գարնանը՝ պատերազմի արդեն վերջին ժամանակաշրջանում, իրենք տասնյակ, հարյուրավոր զոհեր թողեցին ու փախան: Մենք այդ հարյուրավոր զոհերի դիակները թաղել ենք: Եվ եթե այդ դիակները հանկարծակի իրենց հետաքրքրում է, հերոս նախագահ է, թող ասի՝ այդ դիակները ուզում եմ վերադարձնել իմ ժողովրդին: Եթե իրենք ցանկություն կունենան վերադարձնել, ես այդ թաղած տեղերը հատ-հատ քարտեզով ցույց կտամ, թե որտեղ ենք թաղել հարյուրավոր զոհերին: Կտանք, թող իրենք տանեն իրենց զոհերին վերահուղարկավորեն: 1994-ին իրենք հազարներով դիակներ թողեցին ու փախան, իսկ մենք այդ դիակները կարողացանք հավաքել, մոտ երկու ամիս այդ դիակները հավաքել ենք ու կազմակերպել հուղարկավորությունը»,- ասել էր ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

Պաշտպանության նախկին փոխնախարարը գուցե չի գիտակցում, որ հումանիստ խաղալու և դրա բացակայության մեջ Ալիևին մեղադրելու հարմար տարբերակ և ժամանակ չի ընտրել:

Սա շատ արդյունավետ արել և անում է Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը՝ իր ձեռքի տակ ունենալով անվիճելի փաստեր Ադրբեջանի վայրագությունների մասին, ինչո՞ւ չէ՝ մինչև նրա պաշտոնավարումը ևս արձանագրված փաստեր կան, օրինակ, ինչպես սառնարանում պահելու փոխարեն՝ Ադրբեջանը լրիվ մերկ թաղել է մեր գերիների մարմինները՝ կտտանքների ենթարկված, հետո հանել և հանձնել մեզ, մինչդեռ հայկական կողմը հարգել է միջազգային համապատասխան բոլոր նորմերը: Ադրբեջանը իրենց անհայտ կորած համարվող անձանց հուղարկավորման ենթադրյալ կամ հստակ վայրերի մասին տեղեկությանը տիրապետելուց հետո Հայաստանի «ցեղասպան» լինելու մասին պատմություններ է հորինելու և հրավիրելու միջազգային հանրության ուշադրությունը, որին մենք չենք էլ դիմադրելու հակափաստարկներով:

2021-ի օգոստոսին Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հրապարակել էր Արցախյան առաջին պատերազմում Ադրբեջանի անհայտ կորածների թիվը:

Այն է՝ Ադրբեջանից անհայտ կորած է համարվում 3 890 մարդ, որից 3171-ը՝ զինվորական, 719-ը՝ քաղաքացիական անձ, որոնց թվում՝ 71-ը՝ անչափահաս, 267-ը՝ կին, 326-ը՝ ծեր:

Ինչ վերաբերում է Արցախյան առաջին պատերազմում հայկական կողմի անհայտ կորածներին, ապա ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ այդ թիվը 800 է: Այս ցուցակը ներառում է և՛ քաղաքացիական անձանց, և՛ զինվորականներին:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2021-ի հունիսի 17-ին Առաջին ալիքի նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել էր, որ Արցախյան առաջին պատերազմի հետևանքով հայկական կողմից անհայտ կորած է համարվում 395 մարդ:

Վերադառնալով Ադրբեջանի ձեռքին տրված նոր «հաղթաթղթին», նշենք, որ Արցախյան վերջին պատերազմից հետո մենք կորցրել ենք վերահսկողությունը ադրբեջանցիների հուղարկավորման վայրերի մասով, և նրանք առանց մեզ էլ հեշտ կգտնեն նրանց գերեզմանները, իսկ առաջին պատերազմի արդյունքում մեր անհայտ կորածների ճակատագիրը շարունակելու է մնալ անհայտ: Այսինքն, առանց Փաշինյանի աջակցության, Ադրբեջանը շատ հանգիստ գտնելու էր իր քաղաքացիների հուղարկավորման վայրերը, բայց ՀՀ գործող իշխանությունները որոշեցին Ալիևի գործն ավելի հեշտացնել, մինչդեռ մեր անհայտ կորածների իրական թվին անգամ չեն տիրապետում, բնականաբար, չեն հետաքրքրում նաև նրանց ճակատագրերը: Իսկ ՀՀ-ում առաջին պատերազմում կորածներին նրանց հարազատները դեռ սպասում են՝ կամ կենդանի, կամ նրանց մասունքներին:

Սեյրան Օհանյանի պաշտպանության նախարար եղած ժամանակ որոնողական ակտիվ աշխատանք էր տարվում, անգամ սկսել էին անհայտ կորածների հարազատներից ԴՆԹ նմուշներ վերցնել, գործընթացին մասնակից էին ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը: Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք այս գործընթացը դադարեցվեց:

Ի դեպ, անցած տարի հունիսի 29-ին՝ Անհայտ կորած ազատամարտիկի օրը, Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չի էլ հիշատակել իր ելույթներում, նրա համար ակտուալ էր ոռոգման ջրի խնդիրը:

Իսկ օրը պատահական չի ընտրվել, 1992-ի հունիսի 29-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լենինավան, Հայկաջուր (Հասան-Ղայա) գյուղերի մարտական գործողություններին մասնակցող «Արաբո», «Արծիվ 13», «Զեյթուն», «Ջրաբերդ», «Արմավիր» ջոկատների մարտիկները շրջափակման մեջ մնացին, և մինչ այժմ 79 ազատամարտիկի ճակատագիր անհայտ է:

Տեսանյութեր

Լրահոս