«Ցանկացածը կարող է գալ, Հայաստանը ներկայացնել յուրովի, և մենք մշակութային բնագավառում ևս կսկսենք կորցնել, ոչ միայն ֆիզիկապես»
Զբոսաշրջություն՝ հույսի ռազմավարությամբ
Ապրել Կովիդ 19-ի հետ և պահպանել զբոսաշրջությունը. աշխարհում զբոսաշրջային ընկերություններն այս բանաձևով են փորձում շարժվել: Ու թեև Հայաստանում համավարակի առաջին ալիքին հաջորդեց նաև պատերազմը՝ իր հետ բերելով անվտանգային ու տնտեսական լրջագույն մարտահրավերներ, այդուհանդերձ, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի ղեկավար Մեխակ Ապրեսյանը հույս ունի՝ 2022 թվականին, ի վերջո, ոլորտը կվերականգնվի:
«2021 թվականին 850 հազարից փոքր ավելի ներգնա զբոսաշրջային այցելություն ենք ունեցել, ինչը, իհարկե, 2020 թ. համեմատ՝ բավականին լուրջ աճ է (2020թ. այդ թիվը 375.000 էր), սակայն, եթե համամետում ենք 2019 թ. հետ՝ 2019 թ. մեր ներգնա զբոսաշրջային այցերի թիվը 1 միլիոն 894.000 էր:
Եթե մի նոր արհավիրք չլինի, ապա մեծ հույս ունենք՝ այս տարի կկարողանանք վերականգնվել: Բայց մինչ այդ՝ անելիքներ շատ ունենք, նստել սպասելով չենք կարող վերականգնվել. համալիր միջոցառումներ է պետք իրականացնել՝ սկսած ինստիտուցիոնալ բարեփոխումներից, կառավարության արդյունավետությունը բարձրացնելուց: Նաև պետք է մարքետինգային քաղաքականությանը ուշադրություն դարձնենք. ավելի մեծ գումարներ հատկացնենք երկիրը համաշխարհային շուկայում ներկայացնելու, գովազդելու համար, որովհետև բոլոր երկրները հետկորոնավիրուսային իրավիճակում վերաձևավորվող շուկայում ցանկություն ունեն առնվազն պահպանել իրենց դիրքերը»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Մեխակ Ապրեսյանը:
Ի պատասխան հարցին՝ արդյոք այս առնչությամբ կոնկրետ առաջարկներով հանդես եկե՞լ են, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի ղեկավարը տեղեկացրեց, որ դիմել են Էկոնոմիկայի նախարարություն, Զբոսաշրջության կոմիտե՝ առաջարկելով նախ՝ վերանայել կոմիտեի կարգավիճակի փոփոխության հարցը, ընդլայնել ու հստակեցնել լիազորությունները, ապա՝ հարկային քաղաքականությունը, ընդունել Զբոսաշրջության մասին նոր օրենք և փոփոխություններ կատարել ոլորտին առնչվող այլ օրենքներում:
Ի դեպ, օրենսդրական և տնտեսական գործիքակազմի վերանայումը, ըստ Մ. Ապրեսյանի, անհրաժեշտ է նաև սպասվող տարածաշրջանային գործընթացների համատեքստում:
Ապաշրջափակում և տուրիզմ
«Եթե տարածաշրջանում կայունություն է, զբոսաշրջության համար լավ իրավիճակ է, որովհետև զբոսաշրջությունը շատ զգայուն է այնպիսի երևույթների նկատմամբ, ինչպիսին են համավարակը, անկայուն իրավիճակը, պատերազմական իրավիճակը: Դրանք խիստ բացասաբար են անդրադառնում զբոսաշրջության վրա, և մենք դրա ականատեսը եղել ենք, բայց նորից եմ ասում՝ դա չի նշանակում, որ մենք այդ ապաշրջափակմանն էլ պետք է վեր կենանք ու վազենք՝ առանց պատրաստվելու:
Մենք դրա համար պետք է լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ ունենանք, կիրառենք օրենսդրական անհրաժեշտ գործիքակազմ, որպեսզի այդ ապաշրջափակումը մեզ համար լինի նպաստավոր: Եթե մենք պարզապես բացվենք և չկիրառենք այդ գործիքները, օրինակ, եթե առնվազն չլիցենզավորենք զբոսաշրջային օպերատորի, գործակալի, զբոսավարի գործունեությունը, նաև զբոսաշրջային, տրանսպորտային, հյուրանոցային ծառայությունները, մենք կարող ենք խնդիրներ ունենալ, մեր գործարարները կարող են շուկայից դուրս մնալ,- պարզաբանեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի ղեկավարը՝ նկատելով, որ ռիսկերը ոչ միայն տնտեսական, այլև մշակութային են,- Ցանկացածը կարող է գալ, Հայաստանը ներկայացնել յուրովի, և մենք մշակութային բնագավառում ևս կսկսենք կորցնել, կորցնել մշակութային ժառանգությունը՝ ոչ միայն ֆիզիկապես. եթե ով՝ ոնց ուզի, ներկայացնի մեր ժառանգությունը, մեր երկիրը, նշանակում է՝ մենք կկորցնենք մեր դեմքը, հեղինակությունն աշխարհում»:
Այս համատեքստում մեր զրուցակիցը հիշեցրեց նաև «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու նախագծի մասին՝ նկատելով, որ թեև այն միտված է ներդրումային միջավայրի բարելավմանը, այդուհանդերձ, ռիսկեր ունի տնտեսության և, մասնավորապես, տուրիզմի համար:
«Զբոսաշրջության բնագավառի նկատմամբ դա չպետք է տարածվի. այսինքն՝ անկախ նրանից՝ իր երկրում ունի՞ լիցենզիա, թե՞ ոչ, մեզ մոտ՝ մեր օրենքով սահմանված կարգով, պետք է բոլորին հավասար՝ տեղական բիզնեսներին հավասար հիմունքներով դիմի և ստանա լիցենզիա»,- եզրափակեց Մեխակ Ապրեսյանը:
Հիշեցնենք՝ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու նախագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները մեկ անգամ չէ, որ մատնանշել են՝ այս փոփոխությունն ունի տնտեսական անվտանգության բաղադրիչներ, որ նախագծով հայ տնտեսվարողի շահերը չեն պաշտպանվելու:
Նշենք, որ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծով առաջարկվում է սահմանել՝ ՀՀ-ում գործունեության վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու համար մի շարք երկրների իրավաբանական անձանց՝ տվյալ պետության կողմից տրված համապատասխան լիցենզիայի կամ համարժեք թույլտվության առկայության դեպքում, այդ երկրների տնտեսվարող սուբյեկտներին լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու համար թույլտվությունը տրամադրել պարզեցված ընթացակարգով՝ առանց ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու: