«Նման բան չեմ լսել, որ մեզ հորդորեն՝ այդ օրենքը հետ կանչենք». Վլադիմիր Վարդանյանը՝ վիրավորանքը և հայհոյանքը քրեականացնող օրենքի մասին

«Այդ ամենին անդրադարձել է Եվրոպայի խորհրդի վեհաժողովը, ըստ էության ասելով, որ տվյալ պարագայում անհրաժեշտ է ապահովել բալանս՝ կոնվերցիայի 10 և 8-րդ հոդվածների հետ կապված։ Սա դատարանները պետք է ընկալեն այն նեղ ընկալմամբ, որպեսզի իրավիճակ չստեղծվի, երբ անձն ըստ էության ենթարկվում է պատասխանատվության խոսքի ազատության թույլատրելիության սահմաններում»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Freedom House-ի տարածած հայտարարությանը, որը լուրջ մտահոգություն է հայտնել վիրավորանքը, հայհոյանքը քրեականացնող օրենքի վերաբերյալ՝ կոչ անելով իշխանություններին չեղարկել այն՝ համարելով, որ այն դեմ է ժողովրդավարության սկզբունքներին։

Ըստ Վ. Վարդանյանի, որևէ փաստարկ, որ հայհոյանքը, որպես այդպիսին, կարող է դիտարկվել թույլատրելիության սահմաններում տեղակայվող երևույթ, չի արտացոլվել։

«Հայ հասարակությունում հայհոյանքը տաբուի վերածված մի երևույթ է։ Ես նման բան չեմ լսել, որ մեզ հորդորեն՝ այդ օրենքը հետ կանչենք, բայց ես ասել եմ, որ նոր Քրեական օրենսգրքում նման կարգավորումներ չկան։

Սակայն հաշվի առնելով այն պրակտիկան, որը ձևավորվել է, չեմ բացառում, որ այն կշարունակի կիրառվել 2022 թվականի հուլիսից հետո։ Մենք կարող ենք ասել, որ՝ այո՛, խոսքի ազատությունը ժողովրդավարության կարևորագույն սկզբունքներից է, բայց պետք է հասկանանք, որ խոսքի ազատությունն ունի սահմանափակումներ, նաև, որ կան այնպիսի արտահայտություններ, որոնք բացարձակապես չեն տեղավորվում խոսքի ազատության սահմաններում։ Հայհոյանքը  կա ու դիտարկվել է՝ ոչ որպես խոսքի ազատություն, այլ՝ որպես մարդու իրավունքների խոսքի ազատության անթույլատրելի կիրառություն»,- հավելեց Վլադիմիր Վարդանյանը։

Միաժամանակ նա շեշտեց, որ տեղյակ չէ, թե քանի հայհոյանք է եղել, ու քանի քրեական գործ է հարուցվել, սակայն դատավորները պարտավոր են նեղ ընկալմամբ իրականացնել արդարադատություն։

«Եկեք իրար հետ անկեղծ լինենք, եթե յուրաքանչյուրդ հայտնվի մի իրավիճակում, երբ ձեզ հայհոյեն, ձեզ հետ գտնվող ցանկացած անձ միջամտելու է։ Ցավոք, շատ դեպքերում դա վերածվում է այն կարգի միջամտության… հայհոյանքը պետք է արգելված լինի, այն որպես բարոյական նորմ՝ արգելված է եղել Հայաստանում, կա ու, հուսամ, կմնա։ Հայհոյանքը սոցիալական ցանցի ազդեցությամբ վերածվել է մի դաշտի, որը կարող է բերել կրիմինալ երևույթների»,- ընդգծեց Վլադիմիր Վարդանյանը։

Տեսանյութեր

Լրահոս