«Իրանի հետ պետք է ակտիվ աշխատել, նաև՝ ձախողելու Ադրբեջանի բոլոր հեռագնա ծրագրերը, որոնք առնչվում են մեր բարեկամ Իրանին». Վարդան Ոսկանյան
Հունվարի 26-ին Իրանում տեղի էր ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամեդ Ռեզա Աշտիանիի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել էին ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները։ Նույն օրը Հասանովը հանդիպել էր նաև Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ։
Նման մակարդակի հանդիպումները կարո՞ղ են որևէ վտանգ ներկայացնել Հայաստանի կամ հայ-իրանական հարաբերությունների համար։
168.am-ի հետ զրույցում այս հարցին ի պատասխան՝ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը մասնավորապես ասաց, որ, եթե բնութագրի Բաքվի բռնապետի վարքագիծն Իրանի հետ հարաբերություններում, ապա դա միտված է Ադրբեջանի համար ապահովելու երկու կարևոր հանգամանք։
«Առաջինը, Ադրբեջանն ապահովագրելու, իրենց իսկ բնորոշմամբ, իրանական վտանգներից, իսկ այդ վտանգները շատ դեպքերում Ադրբեջանում գնահատվում են բավականին իրատեսական, հաշվի առնելով հատկապես իրանական վերջին զորավարժությունների փորձը, որտեղ Ադրբեջանը գրեթե մատնվել էր խուճապի։ Եվ երկրորդ ուղղությունը, որը մշտապես եղել է Բաքվի բռնապետի ուշադրության կենտրոնում՝ Ադրբեջան-Իրան հարաբերություններում բարեկամության պատրանքների քարոզչական պատկերի ստեղծմամբ ազդել հայ հասարակության վրա։ Հայաստանում Իրանը դիտարկվում է՝ որպես բարեկամական պետություն, և պետություն, որն ըստ էության ապահովում է նաև մեր անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Հայ-իրանական հարաբերությունները՝ թե քաղաքական, թե մյուս բոլոր ոլորտներում, ՀՀ անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկն են»,- նշեց Վարդան Ոսկանյանը։
Շարունակելով միտքը, Վարդան Ոսկանյանն ընդգծեց նաև, որ Զաքիր Հասանովի Իրան կատարած այցի վերաբերյալ կա մեկ շատ կարևոր հանգամանք, որի վրա, բնականաբար, ադրբեջանական քարոզչամեքենան որևէ ուշադրություն չի դարձնում, փոխարենը՝ կոծկում է։ Խոսքն այն մասին է, որ իրանական կողմը հստակորեն արձանագրեց, որ Ադրբեջանի տարածքը որևէ կերպ չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հակաիրանական գործունեություն ծավալելու համար։ Այս համատեքստում շեշտադրվել է նաև ահաբեկչության խնդիրը։
«Սա այս ամբողջ «գեղեցիկ» պատկերի ամենադառը կողմն էր Ադրբեջանի համար։ Այս ամենը, սակայն, մեզ չպետք է հանգստացնի, թեև թշնամական պետության պաշտպանության նախարարի յուրաքանչյուր այց պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում։ Մենք պետք է ոչ թե հանգիստ լինենք այն հանգամանքով, որ, այո, Իրանը բարեկամական պետություն է, և այդ ուղղությամբ ոչինչ պետք չէ անել, ընդհակառակը, Իրանի հետ պետք է ակտիվ աշխատել, նաև ձախողելու Ադրբեջանի բոլոր հեռագնա ծրագրերը, որոնք առնչվում են մեր բարեկամ Իրանին»,- շեշտեց Վարդան Ոսկանյանը։
«Այսօր Հայաստանն ի՞նչ է անում, որպեսզի ավելի զարգացնի Իրանի հետ հարաբերությունները» հարցին Վարդան Ոսկանյանը պատասխանեց, որ Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու առումով այս պահին կա երկու կարևոր ուղղություն։
«Առաջին ուղղությունը վերաբերում է Իրանի հետ անվտանգային հարթությունում համագործակցությանն ու խորացմանը հակաահաբեկչական համագործակցության համատեքստում։ Իրանական կողմը բազմաթիվ պաշտոնյաների մակարդակով ահաբեկչության խնդիրը՝ Արցախի օկուպացրած տարածքներից սկսած, համարում է լրջագույն մարտահրավեր։ Այստեղ հայ-իրանական համագործակցության համար ստեղծվել է չափազանց կարևոր դաշտ, որը չի կարելի որևէ պարագայում չօգտագործել։ Եթե չօգտագործվի, սա մեծագույն շռայլություն կլինի մեր պետության համար, որն այսօր առանց այն էլ դիմակայում է անվտանգային լրջագույն մարտահրավերներ։
Երկրորդ ուղղությունը վերաբերում է Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային հանգույցում Հայաստանի մասնակցության ապահովմանը Սյունիքի մարզի միջոցով։ Այսինքն՝ ըստ էության Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարության հնարավորին արագ և որակյալ մեկնարկը և դրա ավարտը։ Դա մեր տնտեսությանը կբերի ոչ միայն զգալի օգուտներ, այլև աշխարհաքաղաքական առումով կապահովի նաև մեր անվտանգությունը։ Այսօր Հայաստանում շատ են խոսում Թուրքիայի հետ հարաբերություններից և տնտեսական «առավելությունների» միջոցով փորձում են մեր հասարակության վրա որոշակի քարոզչական ճնշում գործադրել, սա՝ այն դեպքում, երբ Իրանը որևէ կերպ չի զիջում Թուրքիայի ունեցած հնարավորություններին, էլ չասեմ, որ բազմաթիվ կետերով գերազանցում է։ Սակայն Իրանի հետ սահմանի առկայությունը չի օգտագործվում Հայաստանի համար տնտեսական նշանակալի օգուտներ քաղելու առումով։
Այս համատեքստում չափազանց կարևոր է Մեղրու ազատ տնտեսական գոտու շահագործումը, որովհետև այդ տնտեսական գոտին ստեղծվել է ոչ միայն հայ-իրանական երկկողմ հարաբերությունները սպասարկելու համար, այլև Իրան-ԵԱՏՄ տնտեսական հարաբերությունների սպասարկման համար։ Իսկ թե ինչ են անում իշխանությունները, պետք է հարցնել նրանցից»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը։