Դասավանդողների բևեռացումը ճիշտ չէ
Հայաստանի կրթության և գիտության ոլորտում շրջադարձային պահ է։ Տարիներ շարունակ ուսուցիչները, դասախոսները և գիտնականները բողոքում էին ցածր աշխատավարձերից։ Արդյունքում, իշխանությունները միշտ խուսափում էին ուսուցիչների, դասախոսների և գիտնականների հետ դեմ առ դեմ հանդիպումներից։ Իսկ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովներին հայտարարում էին, որ գիտությունը պետք է արդյունք տա, որպեսզի փող ստանա։ Հայաստանում ավելի քան 20 տարի է՝ վերականգնվել է Ուսուցչի տոնը։ Բայց առ այսօր երկրի առաջին դեմքը չի մասնակցել Ուսուցչի տոնին։ Մինչդեռ Ոստիկանության, Դատախազության, Քննչական կոմիտեի տարեդարձերին, մասնագիտական տոներին երկրի առաջին դեմքերը պարտաճանաչ մասնակցում են։
Հիմա կարծես իշխանությունները լուծում են գտել, որի արդյունքում «գնդակը գցում են» մանկավարժների, դասախոսների, գիտնականների դաշտը։ Այդ լուծումն այն է, որ իշխանությունը սահմանում է աշխատավարձի բարձր շեմ այն դասավանդողների, գիտնականների համար, որոնք կբավարարեն կառավարության սահմանած պայմանները։ Օրինակ՝ եթե ուսուցիչը կամավոր ատեստացիայի ժամանակ ստանա 90-100 միավոր և ունենա 4-րդ տարակարգ, ապա պետությունը նրան խոստանում է 400 հազար դրամ ամսական աշխատավարձ։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարել է, որ կտրուկ բարձրացվում են միջազգային հեղինակավոր գիտական հանդեսներում տպագրված հոդվածների լրավճարները։ Օրինակ՝ եթե ԵՊՀ դասախոսը հոդված տպագրի SCOPUS-ի ամենաբարձր դասի հանդեսներում, ապա կստանա 440 հազար դրամ լրավճար։ Նման պահանջներ սահմանվում են նաև գիտնականների համար։
Այս երևույթը հասարակական գիտություններում կոչվում է սոցիալականի տնտեսականացում։ Որպես կանոն՝ կրթությունը համարվում է սոցիալական ոլորտ, քանի որ այն հիմնականում գտնվում է պետության հովանավորության ներքո։ Հայաստանում կրթությունն առավելապես դիտարկվում է սոցիալական ոլորտ՝ հաշվի առնելով նաև մեր խորհրդային անցյալը, որտեղ կրթությունը բացառապես ֆինանսավորվում էր պետության կողմից։ Անկախության տարիներին կրթության ոլորտը մասնակիորեն տնտեսականացվել կամ, ավելի նեղ իմաստով՝ շուկայականացվել է։ Օրինակ՝ թույլատրվել է մասնավոր ուսումնական հաստատությունների գործունեությունը, վճարովի կրթությունը։ Ներդրվել է ըստ աշակերտի ֆինանսավորման սկզբունքը։ Պետական վերահսկողությունից դուրս ձևավորվել է դասապատրաստումների, առարկայական պարապմունքների, միասնական քննությունների պարապմունքների հսկայական ինդուստրիա։
Հիմա մենք թևակոխում ենք մի փուլ, որում պետությունը հայտարարում է, որ ինքը բարձրացնելու է միայն մրցունակ դասավանդողների աշխատավարձը։ Այս փոփոխության արդյունքում, իշխանությունը հնարավորություն է ստանում արդարանալու ցածր աշխատավարձ վճարելու համար։ «Քանի որ չեք հաղթահարել թեստը, հոդված ու գիրք չեք գրել, Ձեզ չենք կարող բարձր վճարել». սա է լինելու պաշտոնյաների փաստարկը։ Եվ բերելու են ուսուցիչների ու դասախոսների օրինակներ, որոնք ստանում են բարձր աշխատավարձ։
Այսպիսով, կրթության ոլորտ է մտնում ժամանակակից տնտեսության կանոնը՝ ձգտեք, մրցակցեք և փորձեք տիրանալ քչերի համար հասանելի ռեսուրսներին։ Այստեղ հատուկ ուզում եմ ընդգծել քչերի համար արտահայտությունը։ Բանն այն է, որ եթե Հայաստանի ուսուցիչների անգամ 25%-ը կամավոր ատեստացիան հաղթահարի և 4-րդ տարակարգ ստանա, ապա Հայաստանի բյուջեն լուրջ ճեղքվածք կունենա։ Նույնը՝ դասախոսների պարագայում։
Այս քայլի դրական կողմն այն է, որ ուսուցիչների, դասախոսների մի մասը փորձելու են ավելի շատ հոդված ու գիրք գրել, ինքնակրթվել։ Այսինքն՝ համակարգում որոշակի աշխուժություն է լինելու։ Բացասականն այն է, որ թեստեր հանձնելը, հոդվածներ, գրքեր գրելն ինքնին չեն բերելու կրթության որակի բարձրացմանը։ Ավելին, կա ռիսկ, որ ուսուցիչները, դասախոսները կարող են տարվել հոդվածներ, գրքեր գրելու, թեստերի պատրաստվելու գործով և երկրորդ պլան մղել աշակերտների, ուսանողների հետ կատարվող ամենօրյա աշխատանքը։ Եթե գիրք կարդալու, դասին պատրաստվելու, սովորողների հանդեպ հոգատար լինելու համար ոչ ոք չի վճարում, ապա ի՞նչ իմաստ ունի դրանցով զբաղվել։
Բայց ամենամտահոգիչն այլ բան է։ Այս քայլով կրթության ոլորտ է մտնում ժամանակակից կապիտալիզմի ամենադաժան հատկանիշը՝ հաղթողները ստանում են ամեն ինչ, պարտվողները՝ ոչինչ։ Ժամանակակից համաշխարհային տնտեսության առանձնահատկությունն այն է, որ շուկան գրավում են ամենամրցունակները։ Օրինակ՝ ժամանակին հայտարարվեց, որ Հայաստանում արտադրվում են տաբլետներ։ Բայց հայկական տաբլետների մասին վերջերս չեն խոսում։ Ինչո՞ւ։ Հավանաբար, այն չդիմացավ Apple և Samsung ընկերությունների հետ մրցակցությանը և փակվեց կամ մի կերպ գոյատևում է։ Վերջին տարիներին մի քանի գրքեր են տպագրվել այն մասին, որ միջակության վերջը եկել է։ Կամ դառնում ես հաջողակ, կամ լուզեր (ձախողակ)։
Այս փոփոխության մեջ մտահոգիչ է այն, որ այսուհետ Հայաստանի դպրոցներում և բուհերում լինելու են «հաջողակ» և «լուզեր» (ներողություն բառի համար, բայց մասնագիտական տերմին է) ուսուցիչներ ու դասախոսներ։ Եվ քանի որ կրթությունը բիզնես չէ, որպեսզի «լուզերներին» աշխատանքից ազատենք (այդքան փոխարինող մենք պարզապես չունենք) կամ շուկայից դուրս մղենք, ապա կրթության ոլորտում աշխատելու են մեծ թվով «լուզեր» մանկավարժներ, դասախոսներ, որոնք ամեն օր աշխատելու են սովորողների հետ։ Ուզում եմ նորից շեշտել, որ այս համակարգը կառուցված է այնպիսի տրամաբանությամբ, որ «հաջողակ» կարող են դառնալ քչերը, քանի որ նրանց մեծ քանակի դեպքում Հայաստանի բյուջեն պարզապես կդատարկվի։
Չեմ կարծում, որ կրթության ամբողջական տնտեսականացումը լավ բան է։ Կրթության մեջ ամենակարևոր բաները չափելի, ստուգելի չեն։ Կողմ եմ տարբերակված վճարմանը, բայց ոչ այս աստիճանի։ Եկեք, նախ՝ որակյալ կրթություն ու վերապատրաստման ծրագրեր առաջարկենք, հետո նոր պահանջենք։ Հիշենք, որ այսօրվա ուսուցիչների և դասախոսների զգալի մասին մենք ոչ նորմալ կրթություն ենք տվել, ոչ էլ սոցիալական երաշխիքներ ենք տվել։ Աջակցենք, հետո պահանջենք: