Բաժիններ՝

Մարդը գյուղում նստած՝ իր ԱՊՊԱ-ն փաստացի թանկանում է, ինչի՞ համար. ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքի ակցիաները կշարունակվեն

«Կենտրոնական բանկի նկատմամբ ճնշումները շարունակելու ենք, իսկ երկուշաբթի օրը ժամը 14:00-ից ակցիան սկսելու ենք արդեն Ապահովագրական բյուրոյի դիմաց, ու դա լինելու է շարունակական: Կսկսենք անհնազանդության ակցիաներ ու այդ ամենը թող մնա Ապահովագրական բյուրոյի վրա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարորդների իրավունքների պաշտպան, փաստաբան Արտակ Խաչատուրովը՝ շեշտելով, որ այս ամենը ինքնաբուխ սկսվել է, և հույս ունի, որ այդպես էլ կշարունակվի:

Նա հայտարարեց, որ 2022 թվականի փետրվարից սպասվող փոփոխությունների վերաբերյալ հանրային իրազեկում չի եղել, ուստի առաջարկում են որոշումը կասեցնել կամ վերացնել:

«Այս պատմության մեջ ամենահետաքրքիրը մարզերի բնակիչների կարգավիճակն է. ԱՊՊԱ-ներից լրիվ հեռու են, հազվադեպ են վթարներ տեղի ունենում. մարդը գյուղում նստած՝ իր ԱՊՊԱ-ն փաստացի թանկանում է, ինչի՞ համար. նրա, որ Երևանում, ենթադրենք, մի քանի հոգու պատճառով ճանապարհատրանսպորտային պատահարնե՞ր են գրանցվել:

Ապահովագրական ընկերություններն իրենց շահույթից վճարում են ապահովագրական բյուրոյին, ու այն գործունեությունն իրականացնում է ընկերությունների անդամավճարների հաշվին: Մի ապահովագրական ընկերությունը տարեկան, օրինակ, վճարում է 80 միավոր, մյուսը՝ 120, 130, ու դրա հաշվին գոյատևում է Ապահովագրական բյուրոն: Ապահովագրական ընկերություններն էլ հիմնականում երեք գլխացավանք ունեն. հարկեր-տուրքեր, Ապահովագրական բյուրոն պահպանելու ու սպասարկելու ծախսերը և ծրագրային ապահովման ընկերությանը սպասարկելու ծախսերը:

Ադմինիստրատիվ ծախսերում նայեք, տեսեք, թե Ապահովագրական բյուրոյին որքան գումար է տրամադրվում ու, ամենակարևորը, ծրագրավորման ընկերությանը ինչքան գումար են տալիս: Ասենք, նախկին ընկերությունը սպասարկում էր 10 միավորով, նորը՝ 110, ու նույն գործառույթներով:

Նախկինում բոլոր ապահովագրավճարներից 5 տոկոսը գնում էր դա ծրագրավորող ընկերությանը, հետո դա դարձրեցին 7 տոկոս, իսկ հիմա դարձրել են 13 տոկոս: Գումարը մոտ 4 միլիոն դոլարից ավելի է մի ընկերության համար, ու հենց այդ մասում ենք կոռուպցիոն ռիսկ տեսնում: Ասում ենք՝ բարդ չէ, եթե այլ ընկերությունից հրաժարվեն, այլ ընկերության հետ կնքեն պայմանագիր՝ տարեկան սպասարկումը, ասենք, 100-200.000 դոլար»,- նշեց վարոդների իրավունքների պաշտպանը:

Արտակ Խաչատուրովն ընդգծեց՝ եթե ասում են՝ 3000 վճարեք, որ սպասարկման որակը բարձրացնենք, թող թվարկեն, թե ո՞ր սպասարկումն է լավանալու:

«ԱՊՊԱ-ներն ինչ դուրս են եկել՝ տաքսու վարորդներին 3-րդ սորտի տեղ են դրել ու ապահովագրական ընկերություններում մի քանի տարի շարունակ չեն կարողանում մեկ տարով պայմանագիր կնքել ու ստիպված երեք ամսով են կնքում, որի ընդհանուր գումարն ավելի թանկ է: Այդ մասով ակնհայտ դիտավորություն է: Օրինակ, թանկացնելու դեպքում տաքսու վարորդը կարողանալո՞ւ է հանգիստ ԱՊՊԱ պայմանագիր կնքել: Այս նոր փոփոխությամբ՝ եթե 30-40.000 դրամի վնաս տվեցիր, ավելի հեշտ է՝ տեղում գումարը տաս՝ գնաս, էլ չդիմես ԱՊՊԱ-ին, որ քո ԱՊՊԱ-ն անիմաստ չթանկանա: Ասենք, եթե ձեզ համար փոխհատուցել են 99.000 դրամ, պետք է կիրառեն 3 Մալուս, ապահովագրական ընկերությանը ձեռնտու է լինում դիմացինի վնասը գնահատել 101.000 դրամ, բայց արդեն ձեր նկատմամբ կկիրառվի 5 Մալուս ու ապահովագրավճարն ավելի թանկ կլինի: Կամ, եթե ձեր ապահովագրավճարը կազմում է 46.000 դրամ՝ 199.000 դրամի վնաս պատճառեցիք, ձեր ԱՊՊԱ-ն եթե պետք է թանկանար, դառնար 56.000 դրամ, մարդուն 2000 դրամ ավելի կտան, կճանապարհեն, բայց ձեր ԱՊՊԱ-ն կդառնա 65.000 դրամ: Օրինակ, եթե «Զիլ»-ով թանկարժեք մեքենայի հարվածեք, ի՞նչ պետք է անեք. շտապ մոտենաք նոտարական գրասենյակ ու կտակ գրեք»,- մանրամասնեց վարոդների իրավունքների պաշտպանը:

Ասուլիսին ներկա վարորդների խոսքով՝ «Զիլ»-ով թանկարժեք մեքենայի հարվածելու դեպքում եթե 1.5 միլիոն դրամով փոխհատուցեն, ապա 300 տոկոսով ԱՊՊԱ-ն թանկանում է:

Հավելենք, որ Հայաստանի ավտոապահովագրական բյուրոն հունվարի 27-ին հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ փետրվարի 7-ից ԱՊՊԱ-ն թանկանալու է 3000 դրամով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս