
Քըլըչ-Ռուբինյան հաջորդ հանդիպումը տեղի կունենա Վիեննայում

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ և տեղեկացրել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցող երկու երկրների հատուկ ներկայացուցիչների 2-րդ հանդիպումը տեղի կունենա ընթացիկ տարվա փետրվարի 24-ին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ արտգործնախարարության հիշյալ հայտարարության՝ Սերդար Քըլըչը և Ռուբեն Ռուբինյանը կհանդիպեն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։
Նշենք, որ հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպման մասին հայտնել էր նաև Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը։
Հիշեցնենք, որ Քըլըչ-Ռուբինյան առաջին հանդիպումը կայացել էր Ռուսաստանի արտգործնախարարության ընդունելությունների տանը Մոսկվայում հունվարի 14-ին, որից հետո ընթացքը գնահատել էին դրական և կառուցողական։