«Դավիթ Արղամանյանը պետք է ինքնաբացարկ հայտնի՝ պայմանավորված իր քաղաքական հայացքներով». Երեմ Սարգսյան
Երեկ Երևան քաղաքի դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում սկսվեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու գործով դատական նիստը։
Ժամեր անց այն ընդմիջվեց. փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել գործը քննող դատավոր Դավիթ Արղամանյանին։
«Մենք համարում ենք, որ քանի որ ձեռքով է այս գործը մակագրվել Դավիթ Արղամանյանին, ինչը շատ կանխատեսելի էր, այս դատարանը չի կարող համարվել օրենքի ուժով ստեղծված»,- նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբանական թիմի անդամ Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ որոշումը կհրապարակվի այսօր ժամը 10:00-ին:
Քիչ առաջ Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ իրենց միջնորդությունը մերժվել է. դատավորը գտել է, որ կալանքի քննության հարցն այն հարցը չէ, երբ անպայման պետք է գործը դատավորին հասնի էլեկտրոնային մակագրման տեսքով:
«Դրանից հետո մենք նոր միջնորդություն ներկայացրեցինք: Մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ Բորիս Բախշիյանին պատժում են, քանի որ նա կալանքից ազատել է Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին, Գորիսի փոխքաղաքապետին, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, իսկ այդ անձինք համարվում են ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներ:
Աշոտ Մինասյանի վերաբերյալ անգամ ԱԱԾ-ի տեղեկանքը կա: Ընդ որում, երբ նախորդ փուլում այլ դատավոր ազատ արձակեց Աշոտ Մինասյանին, արդարադատության նախարարն անմիջապես կարգապահական վարույթ հարուցեց նրա նկատմամբ: Այսինքն՝ այս գործերը իշխանության հետաքրքրության ոլորտում են, իսկ այդ դեպքում մի հետաքրքիր հանգամանքի վրա պետք է կենտրոնանալ»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ գործը քննող դատավոր Դավիթ Արղամանյանը հանդիսացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իրավախորհրդատուն, եղել է Սուրեն Պապիկյանի օգնականը, մտերիմ հարաբերություններ ունի ՔՊ-ականների հետ, մշտապես Ֆեյսբուքում հանդես է եկել գրառումներով, որոնցում ի ցույց է դրել իր քաղաքական հայացքները:
Ըստ փաստաբանի՝ այս պարագայում մտածել, որ գործը պատահական է տրվել Դավիթ Արղամանյանին, միամտություն կլինի: Ընդհակառակը, օբյեկտիվ կասկածներ կան, որ գործը հատուկ է տրվել նրան:
«Դատավորը, հնարավոր է, կաշկանդված է, և անգամ ՄԻԵԴ նախադեպային որոշում կա, որ նման պարագայում դատավորը պետք է ինքնաբացարկ հայտնի»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ հիշեցնելով Դավիթ Արղամանյանի հոր՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի հետ կապված դեպքը, ով ինքնաբացարկ էր հայտնել որդու քաղաքական հայացքների պատճառով:
Փաստաբանը գտնում է, որ այս բոլոր իրողությունների և ԶԼՄ-ների հրապարակումների ֆոնին դատավորը միանշանակ պարտավոր է ինքնաբացարկ հայտնել:
«Հետևաբար՝ այս ինքնաբացարկի միջնորդությունը մենք բոլոր հիմնավորումներով ներկայացրեցինք: Որոշումը պետք է հրապարակվեր 14։00-ին տեղի ունենալիք դատական նիստում, բայց քանի որ պաշտպաններս ծանրաբեռնվածություն ունենք այդ ժամին, խնդրել ենք՝ դատական նիստը ևս երկու ժամով հետաձգել, և այն կհրապարակվի 16:00-ին»,- եզրափակեց Երեմ Սարգսյանը: