Պաշտոնը ստանձնելուց հետո Տաթևիկ Ռևազյանը 330 օր եղել է արձակուրդում. PressTime.am
2022 թվականի հունվարի 31-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հայտնեց, որ հունվարի 29-ին լույս աշխարհ է եկել իր որդին։
Դրանից օրեր առաջ ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր, որ Տաթևիկ Ռևազյանը 2021 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2022 թվականի ապրիլի 3-ը ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի համաձայն գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում։
Նշենք, որ պաշտոնը ստանձնելուց հետո Ռևազյանն արդեն երկրորդ անգամ է մայրանում։
PressTime.am-ը հարցում է ուղարկել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ խնդրելով հայտնել, թե կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը սույն պաշտոնում նշանակվելուց հետո մինչև հարցմանը պատասխանելու պահը քանի՞ օր է աշխատել, քանի՞ օր է եղել արձակուրդի մեջ, այդ թվում՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի։
Կոմիտեից հայտնել են, որ Տաթևիկ Ռևազյանը 2018 թվականի հուլիսի 10-ին նշանակվել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում։
Նշանակման պահից մինչ օրս Ռևազյանն ամենամյա արձակուրդ է ձևակերպել 57 աշխատանքային օր, ինչպես նաև 20․03․2020-06․08․2020 թթ․ գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում, իսկ 07․08․2020-30․09․2020 թթ․՝ երեխայի խնամքի արձակուրդում։
2021 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2022 թվականի ապրիլի 3-ը Տաթևիկ Ռևազյանը գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում։
Ստացվում է, որ պաշտոնը ստանձնելուց հետո 3,5 տարվա ընթացքում Ռևազյանն արձակուրդում է գտնվել 334 օր, իսկ մինչ արձակուրդից գալն արձակուրդային օրերի թիվը կհասնի 392-ի։