Այս պարկը գտել ենք Կենդանաբանական այգու սմբակավորների բաժնում. պարունակությունն ամբողջովին առնետի թույն էր. տնօրենի ժ/պ
Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կենդանիների անկմանը՝ կից հրապարակելով լուսանկար։ Նա մասնավորապես գրել է.
«Այս պարկը գտել ենք Կենդանաբանական այգու սմբակավորների բաժնում՝ ուղտի և թուրքմենական կուլանների ազատավանդակում՝ ջրավազանի մոտ: Պարունակությունն ամբողջովին առնետի թույն էր. կենդանաբույժներս տեղում տարբերակեցին: Առնետի թույնը, հավանաբար, փորձել էին լցնել ջրավազանի մեջ, որից ջուր են խմում Այգու միակ ուղտն ու երկու կուլանները: Աշխատակիցների աչալրջության շնորհիվ կարողացանք կանխել մտադրվածը, այն է՝ կազմակերպել հերթական կենդանու թունավորումը՝ նոր տնօրինությանը վարկաբեկելու և մեղադրելու համար: Հատկանշական է, որ կենդանի թունավորելու պրակտիկան այգում գործում է դեռ խորհրդային տարիներից, ու նման դեպքերն ի հայտ են գալիս նոր տնօրեն նշանակելու օրվանից: Իրավապահ մարմիններն այս ամենի մասին նույնպես լավատեղյակ են:
Վերջերս այգու շուրջ տարածվող հերյուրանքները և կազմակերպված ցույցերն էլ էս ամենի շարունակությունն են: Գիտակցում եմ, որ որոշ մարդկանց այլևս զրկել ենք այգու հաշվին ապօրինի եկամուտ ստանալու հնարավորությունից: Կտրել ենք այլևս այդ ապօրինի շղթան, ինչը նյարդային ցնցումների է հանգեցրել որոշ օղակների: Ցավում եմ, ընկերներ, որ ձեր՝ անարդար ու հեշտ փող աշխատելու նպատակին հասնելու համար պատրաստ եք դիմելու ամենաստոր քայլերի՝ վտանգելով անմեղ կենդանիներին: Ցավում եմ նաև, որ կենդանիներին դիտում եք՝ որպես գումար աշխատելու միջոց: Դրա հնարավորություն այլևս չե՛ք ունենալու»:
Կենդանաբանական այգու լրատվական բաժնից փորձեցինք ճշտել՝ արդյո՞ք տեսախցիկները որևէ բան չեն ֆիքսել, սակայն հրաժարվեցին մեկնաբանել՝ ընդգծելով, որ նախաքննություն է ընթանում:
Այգու նախկին աշխատակիցներից Անուշ Ռաֆայելյանի փոխանցմամբ՝ կենդանիների հետ նման դեպք եղել է 2011 թվականին, ու փորձել են իրեն համոզել, որ վիրուս է, և ինքը չի կարողացել բուժել:
«Հետո 2018թ. նոյեմբերին եղավ զեբրի աղմկահարույց դեպքը։ Նշենք, որ նոյեմբերի 6-ին զեբրին խնամողը գտել էր կենդանուն ոչ բնական դիրքով պառկած։ Տևական անշարժունակությունից դատելով՝ կասկածներ էին եղել, որ կոտրված է կենդանու հետին վերջույթներից մեկը։
Լաբորատոր հետազոտության տվյալներով, սակայն, կենդանու արյան և մեզի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ մկնդեղի (արսեն) պարունակություն։ Նոյեմբերի 13-ի առավոտյան գրանցվել է կենդանու անկում)։ Քրեական գործ հարուցվեց, որը մնաց օդում: Խնդիրն այն էր, որ զեբրը պահվում էր ոչ պատշաճ պայմաններում ու սահելիս և ընկնելիս հաճախ վզի տրավմաներ են ունենում: Հիմա, կարծում եմ, նույն աշխատաոճը շարունակվում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Կենդանաբանական այգին տարածել է մամլո հաղորդագրություն՝ նշելով, որ այգում մշտապես գրանցվում են կենդանիների բնականոն անկումներ և ծնունդներ, որոնց վերաբերյալ հաշվետվությունները պարբերաբար ներկայացվում են լիազոր մարմիններին: Վերջին ամիսներին կենդանիների կասկածելի պատճառներով անկումներ չեն գրանցվել, բացառությամբ 2 սպիտակագլուխ և սև անգղերի, որոնց մասնագիտական ուսումնասիրությամբ հայտնաբերված պատկերը բնորոշ է քրոնիկ թունավորմանը։ Վերջնական եզրակացության համար կենդանու նմուշներն ուղարկվել են լաբորատոր թունաբանական անալիզների, որի պատասխանից հետո միայն հնարավոր կլինի ունենալ ավարտական եզրակացություն:
shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 24-ին «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի իրավաբանի կողմից ստացված ահազանգի փաստով:
Կենդանաբանական այգու իրավաբան Քրիստինե Ղ.-ն հայտնել է ոստիկաններին, որ հունվարի 22-ի 16:30-ից մինչև հունվարի 23-ի 11:15-ն ընկած ժամանակահատվածում կենդանաբանական այգում ուղտի և 2 կուլանների ազատավանդակներում անհայտ անձը կամ անձինք կարմիր գույնի կասկածելի հաբեր են դրել՝ փորձելով դիտավորությամբ թունավորել նշված կենդանիներին: