
COVID-19-ը դառնում է տեղային. առողջապահության փորձագետներ

Բազմաթիվ երկրներ փոխում են իրենց ռազմավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում եւ այն ավելի շատ որպես տեղային հիվանդություն են դիտարկում այն ֆոնին, երբ COVID-19-ի նոր շտամբը՝ օմիկրոնը, նվազեցնում է այնպիսի խիստ սահմանափակիչ միջոցների արդյունավետությունը, ինչպիսիք լոքդաուններն են: Այդ մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը պատմել են առողջապահության բնագավառի փորձագետները:
Տեղային հիվանդությունը սովորական հիվանդություն է որեւիցե տարածաշրջանի համար, մշտապես ներկա է մարդկանց հանրակցությունում: Տեղային նաեւ կարող են լինել վարակները, որոնց հարուցիչները մշտապես առկա են որոշակի տեղանքում: Փորձագետների կարծիքով, լոքդաունների անարդյունավետությունն օմիկրոնի դեմ պայքարում կապված է այն բանի հետ, որ այն հեշտությամբ է փոխանցվում:
«Ցավոք, կարանտինային միջոցները չեն նվազեցրել օմիկրոնի փոխանցելիության բարձր մակարդակը, բայց դանդաղեցրել են դրա փոխանցումը: Ուստի նրանք (իշխանությունները) մեղմացնում են սահմանափակումները, որոնց նպատակը (հիվանդացության) բարձրակետը նվազեցնելն էր: Այժմ իշխանությունները վստահ են, որ հիվանդանոցները լեփ-լեցուն չեն լինելու»,-գործակալությանը հայտարարել էԱվստրալիայի Դիկինի համալսարանի պրոֆեսոր Կատրին Բենեթը:
Իր հերթին Լոնդոնի Ֆրենսիս Քրիքի ինստիտուտից վիրուսաբան Ջոնաթան Սթոյեն այն կարծիքն է հայտնել, որ կարանտինային միջոցառումներից լիակատար հրաժարումը վաղաժամ է, «չափազանց կարեւոր» է որոշել, թե որ սահմանափակումները պետք է հանել, եւ որոնք՝ թողնել: Բենեթի խոսքով՝ օմիկրոնից մահացության ցածր մակարդակը մյուս շտամների համեմատությամբ, ինչպես նաեւ հիվանդության ավելի մեղմ ընթացքը, խոսում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արդյունավետության մասին: Այդ պատճառով հիվանդանոցները կարողացել են զսպել վիրուսի այդ տարատեսակով պայմանավորված COVID-19-ի ալիքը, նույնիսկ չնայած ամենօրյա ախտահարումների մեծ թվերին: