«Զրո խնդիրներ հարևանների հետ»՝ տապալված, այսօր թարմացված Էրդողանի քաղաքականության լոկոմոտիվը Հայաստանն է. ռուս թուրքագետ

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը լիովին զբաղեցրել է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը: Հունվարի 14-ին Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումից հետո հայ-թուրքական հերթական շփումները երկար սպասեցնել չեն տա: Օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, ով հայ-թուրքական երկխոսությունն առաջնորդողի դերն է ստանձնել, հայտարարեց, թե հնարավոր է՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և  ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մասնակցեն մարտի 11-13-ը Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին, այդ մասին խոսել էր նաև Նիկոլ Փաշինյանը:

«Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրել ենք Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե հրավիրյալները կարող են մասնակցել ֆորումին: Գոհ կլինենք: Քանի որ Ադրբեջանն էլ է մասնակցելու: Այս հարթակում թող Ադրբեջանն էլ իր մտքերը հայտնի, Հայաստանն էլ: Ըստ էության, սա կլինի վստահության բարձրացմանն ուղղված քայլերի մի մասը»,- ասել է Չավուշօղլուն: Հունվարի 14-ին հաջորդած հայտարարություններում Չավուշօղլուն մեկնաբանել էր, որ առաջին հանդիպման ժամանակ քննարկվել են գործընթացն ու նպատակները։ Նպատակն ամբողջական կարգավորումն է։

«Հայաստանը նույնպես գոհ է դրանից։ Հատուկ ներկայացուցիչներն ուսումնասիրում են, թե ինչ քայլեր կարելի է անել։ Դրա շուրջ աշխատանք է տարվում, քննարկվում են վստահության ամրապնդման քայլերը»,- հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարարը, նշելով, որ հաջորդ հանդիպմանը հենց վստահության ամրապնդման քայլերն են քննարկվելու:

168.amի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ թուրքական դիվանագիտական ավանդական հմտությունների շրջանակում մի երկար ժամանակահատված ուժի ցուցադրությունից ու կիրառումից հետո, երբ հակառակորդն այլևս չի դիմադրում, ուժի մեջ է մտնում թուրքական դիվանագիտության մյուս կողմը՝ ուժեղ և ագրեսիվ փափուկ ուժը:

Սակայն, նրա խոսքով, փափուկ ուժն այս դեպքում պետք է ընկալել բացասական իմաստով, քանի որ Թուրքիան իր հարաբերությունները չի կառուցում հավասարության սկզբունքի վրա կամ գոնե չնչին խախտված հավասարակշռության իրավիճակում: Թուրքիան, նրա որակմամբ, այս դեպքում ոգևորված է վասալային հարաբերություններ կառուցելու հեռանկարով:

Վերլուծաբանն ասաց, որ սա այն իրավիճակն է, որում թուրքական հավակնոտ, անկանխատեսելի դիվանագիտությունն իրեն ամենահարմարավետն է զգում:

Ըստ Նադեին-Ռաևսկու՝ ընդհանուր առմամբ թուրքական դիվանագիտությունը շատ ճկուն է այսօր, չնայած Թուրքիայում հաստատված ռեժիմի բնույթին, ձևավորած թշնամական հարևանությանը, մենք տեսնում ենք, որ թուրքական դիվանագիտությունը երկու երեսով բավականին հմուտ մանևրում է, խաղում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, ժամանակ առ ժամանակ նաև դիվանագիտական հարվածներ հասցնում թե մեկին, թե մյուսին:

«Իսկ ավելի փոքր երկրների հետ Թուրքիան նախընտրում է վերաբերվել՝ որպես վասալի: Հայաստանի հետ հարաբերությունները նաև այն դեպքն է, երբ կա պատմական անցյալ, չկան դիվանագիտական հարաբերություններ, Թուրքիան մշտապես նախապայմանային ռեժիմ է կիրառել, իսկ հիմա փոխվել է ձևաչափը, քանի որ Հայաստանն ակնկալում է Թուրքիայից միայն հարաբերությունների վերականգնում, ուստի չկան նախապայմաններ, բոլորը քննարկվող հարցեր են:

Այս նախաբանս նրա համար է, որ ասեմ՝ այդ թուրքական դիվանագիտական փափուկ ուժի շրջանակում ներկայումս Հայաստանին կփորձեն շահել, գրավել, առաջարկել Թուրքիայի կողմից փոքրիկ հնարավորություններ, քայլեր, որոնք Հայաստանի համար կարող են շատ ավելի նշանակալի դիտարկվել: Այդ մասին ակտիվ դիսկուրս այս պահին թուրքական մամուլում ծավալված է, չգիտես ինչու, այսքան տարի անց Էրդողանին հարող լրատվամիջոցներում խոսում են Թուրքիայի հարևանության շրջանակում թշնամական մթնոլորտը վերացնելու մասին, թեև դրա առաջին փորձը տապալվել է Էրդողանի իշխանության գալուց անմիջապես հետո: Հայաստանը «Զրո խնդիրներ հարևանների հետ»՝ տապալված, այսօր թարմացված քաղաքականության լոկոմոտիվն է դիտարկվում, քանի որ Թուրքիայի համար այսօր Հայաստանի հետ ընթացքը առանց խնդիրների է գնում»,- ասաց նա:

Դատելով թուրքական մամուլից՝ նա նշեց, որ վստահության ամրապնդման ներքո դիտարկվում են փոխադարձ չվերթները, դրանց աշխարհագրությունն ընդլայնելու հետ կապված հարցերը, շփումները ակտիվացնելը տարբեր մակարդակներում։

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Թուրքիայից Հայաստանի վերաբերյալ վաղուց որևէ սուր հայտարարություն չի հնչում:

«Դա բացառված է գրեթե այն պարագայում, եթե Հայաստանը որոշ հարցեր բարձրացներ: Հայաստանի միակ հարցն այն է, որ վերականգնվեն հարաբերությունները։ Թուրքական կողմը նշում է, որ Հայաստանը գոհ է, դա նշանակում է, որ գործընթացը և դրա արդյունքը կանխատեսելի դրական է, և հիմա Թուրքիան իր փափուկ ուժի ողջ գործիքակազմը կիրառելու է: Ուստի ներկայացուցիչների հետ հանդիպումներին պետք է քննարկվեն հենց այդ հարցերը, որոնք էլ փաթեթավորվել են՝ որպես վստահության հարցեր, հրավերները, չվերթները, գոհունակության խոսքերը բոլորը այդ շրջանակից են»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս