«Ժամանակն է բարձրագույն պաշտոնների համար սահմանել զինծառայության ցենզ»․ Ատոմ Մարգարյան
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ժամանակն է բարձրագույն պաշտոնների համար սահմանել զինծառայության ցենզ
Սահմանադրական փոփոխության մի առաջարկ
Հայտնի ճշմարտություն է՝ «Եթե չես ցանկանում կերակրել սեփական բանակդ, կկերակրես հակառակորդիդ բանակը»։ Ինչպես երևում է, այսօրվա իշխանության համար այս ճշմարտությունը թերևս այնքան էլ արդիական չէ։ Այլապես ինչպես հասկանալ Հայոց բանակի 30-ամյա հոբելյանի հարցում դրսևորած աննախադեպ կրավորական կեցվածքը։
Իսկ ինչպե՞ս հասկանալ Եռաբլուրի զինվորական պանթեոնում որոշ հռհռացող «ընտրյալների» նողկալի պահվածքը։ ՔՊ-ու՞մ էլ մարդ չկա։
Եթե այդտեղ իսկապես պատասխանտու կուսակցություն կա, ապա այդ պատգամավոր կոչվածները ոչ միայն այլևս պետք է վայր դրած լինեին մանդատները, այլև հեռացված լինեին կուսակցությունից։ Բայց ի՞նչ և ու՞մն եմ ասում։
Խնդիրը ոչ միայն քաղաքական, այլև բարոյական հարթության վրա է։
Ու լուծումները, որքան էլ պարադոքսալ հնչի՝ իրավական հարթության վրա են։ Բանակի, սահման պահող զինվորի ու սպայի պատիվն ու արժեքը կարող են գնահատել միայն նրանք, ովքեր գիտակցում են հայրենապահպան այդ ինստիտուտի որոշիչ նշանակությունը։
Եվ ուրեմն առաջարկս՝ հարկավոր է և՛ Սահմանդրությամբ և՛ դրանից բխող հիմնարար օրենքներով օրենսդիր և գործադիր իշխանության բարձրագույն պաշտոնների համար (ինչպես իրավապահ համակարգի դեպքում է) սահմանել զինծառայության ցենզ։ Այն է՝ արական սեռի այն մարդիկ, ովքեր սահմանված կարգով չեն անցել պարտադիր զինծառայություն, կամ չեն կրթվել բարձրագույն սպայական դասընթացներում ու ստացել սպայական կոչումներ, ոչ մի դեպքում չպետք է իրավունք ունենան զբաղվել քաղաքական գործունեությամբ՝ ընտրվել պատգամավորներ, ինչպես նաև զբաղեցնել նախարարական, փոխնախարարական կամ դրանց հավասարեցված պաշտոններ՝ ներառյալ տեղական ինքնակառավարման բարձրագույն պաշտոնները։
Այդ դեպքում, ասենք, զանազան գրագողված ատենախոսություններով, հովանավորչությամբ կամ կոռուպցիոն գործարքներով գիտական աստիճաններ թռցրած, կամ կեղծ բժշկական տեղեկանքներով զինծառայությունից փախած մարդիկ չեն կարողանա զբաղեցնել բարձրագույն քաղաքական և գործադիր պաշտոններ, ու մասնակցել պետական բախտորոշ որոշումների կայացմանը, առաջին հերթին՝ անվտանգության ու բանակին վերաբերող ոլորտների վերաբերյալ։
Ինչ վերաբերում է կանանց, ապա դա քննարկելու հարց է։ Օրինակ, վերոնշյալ պաշտոններին հավակնելու հարցում կարելի է օրենքով սահմանել տարիքային ցենզ. որպես շեմ սահմանելով, ասենք, 35 տարեկանը, երբ այս կամ այն պաշտոնին հավակնող կանայք կներկայնան որպես անհատականություններ ոչ միայն իրենց գիտելիքներով (տարատեսակ տիտղոսներով կամ վկայականներով), այլև կյանքի իրենց որոշակի դրական կենսափորձով, հանրային հեղինակությամբ, և, ինչու չէ՝ նաև կայուն բարոյական նկարագրով։
Կարծում եմ վերոբերյալ լուծումը հույժ կարևոր է բառի բուն իմաստով գոյապահպանական ու էկզիստենցիալ վիճակում հայտնված մեր երկրի հետագա գոյության համար։ Արցախյան 44-օրյա պատերազմն ու դրա աղետալի հետևանքները որևէ այլընտրանք չեն թողել։ Պետք է վերջապես գիտակցել, որ ուժեղ ու մարտունակ բանակն է այն գլխավոր երաշխավորը, որը կապահովի մեր երկրի անվտանգ գոյությունը հավերժական թշնամի ու գիշատիչ պետությունների հարևանությամբ»։