«Խաղաղության պայմանագրի» հասնելու համար, պետք է համալիր կարգավորվի նաև Արցախի հիմնահարցը». Րաֆֆի Հովհաննիսյան

Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն համալիրում զոհվածներին հարգանքի տուրք տալուց Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում  անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագիր» կնքելու հնարավորություններին, նշելով, որ ամեն ինչ էլ հնարավոր է, սակայն, մինչև այդ, պետք է լուծել մի քանի հարց։

«Կարծում եմ՝ դա անելու համար պետք է համալիր կարգավորվի նաև Արցախի հիմնահարցը։ Չի կարելի հասնել Հայաստան-Ադրբեջան ամբողջական կարգավորման՝ «խաղաղության պայմանագրի», առանց Արցախի հիմնահարցի ամբողջական լուծման։ Ունենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որի տարածքային ամբողջականությունը խախտված է, կարգավիճակը որոշված չէ, մենք չենք կարող ունենալ ամբողջական «խաղաղության պայմանագիր» Ադրբեջանի հետ»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյան։

Միաժամանակ նա ընդգծեց, որ կարելի է քայլեր կատարել թե՛ Թուրքիայի հետ, թե՛ Ադրբեջանի հետ, առանց նախապայմանների՝ բանակցությունների միջոցով, սակայն հույս տածել «խաղաղության դարաշրջանի» լոզունգի ներքո, որ կլինի «խաղաղության պայմանագիր»՝ առանց Արցախի կարգավիճակի և առանց Արցախի տարածքային ամբողջականության վերջնական վճռի, պատրանք է։ Հետևաբար՝ այդ ամենը Հայաստանին ավելի շուտ կտանի պատերազմի, քան թե խաղաղության։

Ինչ վերաբերում է Արցախի բանակցային գործընթացին, նախկին արտգործնախարարը նկատեց՝ ՀՀ գործող իշխանություններն իրենց հռետորաբանությամբ կամ հարցազրույցներով արտացոլում են գործընթացի դանդաղումը։

«Կարծում եմ՝ համանախագահները պատրաստ են վերականգնել իրենց գործառույթը կարգավիճակի ուղղությամբ, սակայն Հայաստանը դա ինքը պետք է ցանկանա։ Ինձ այդպես է թվում, որ Հայաստանի կողմից նախաձեռնողականություն չկա։ Իհարկե, հետպատերազմյան իրավիճակը որոշ առարկայական իրավիճակ է հաղորդում տարածաշրջանին և նույն գործող իշխանությունների մոտեցումներին, սակայն այն որևէ պատրվակ չի տալիս, որ գործող իշխանությունները սկսեն արտացոլել հակառակորդի, ոսոխի թեզերը։ Սա ուղղակի աննախադեպ է, և 30 տարիները, որ մենք՝ որպես պաշտոնյաներ, ընդդիմադիր գործիչներ, ներկայացրել ենք իրավական, քաղաքացիական թեզերն աշխարհին, այդ 30 տարվա մեր աշխատանքներին ուղղակի դեմ են դուրս գալիս, ոչ միայն թուրք-ադրբեջանական իշխանության, այլև մեր երկրի ներսում գործող պաշտոնյայի արտահայտություններին»,- հավելեց Ր. Հովհաննիսյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս