«Գերեզմանում կլինես, թե Գլենդելում, իրենց ամենաքիչն է հետաքրքրում, միայն թե այս տարածաշրջանում չլինես». Թևան Պողոսյան
«Լավ, այդ մարդիկ չգիտեի՞ն, որ հունվարի 28 է գալու. Նրանք մեզ բոլորիս դասեր են տալիս, օրենքներ են գրում, կանոնակարգեր են ընդունում, թե ինչ վարքագիծ պետք է դրսևորենք, որ կորոնավիրուսով չվարակվենք, բա իրե՞նք: Հատկապես, երբ գիտես, որ մոտենում է միջոցառում, որի նշելու կարևորությունը կա. Այդ ի՞նչ վարքագիծ եք ցուցաբերում, դրանից հետո հանրությունը ո՞նց վերաբերվի այդ ամեն ինչին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների՝ կորոնավիրուսով վարակվելուն:
Ինչ վերաբերում է խաղաղության դարաշրջան բացելու իշխանությունների թեզերին, նա նկատեց. «Դուք լսե՞լ եք՝ Ադրբեջանն ասի, որ խաղաղության դարաշրջան է բացում: Նա պատրաստ է հայերին ստիպել պայմանագիր ստորագրել, բայց ադրբեջանական շահերը առաջ տանելով, այնպես որ, այդ մանիպուլյացիաները մեկնաբանելը նույնիսկ անիմաստ է: Այն մարդիկ, ովքեր հավատում են այդ թեզերին, թող տեսնեն, թե մի երկու շաբաթ առաջ Վերին Շորժայում ինչ էր կատարվում, Կարմիր շուկայի վրա ինչպես են կրակում: Կարմիր Շուկան մերը չէ՞, այնտեղ հայեր չե՞ն ապրում: Ադրբեջանի համար խաղաղության գաղափարը հայ չլինելն է: Գերեզմանում կլինես, թե Գլենդելում, իրենց ամենաքիչն է հետաքրքրում, բայց այս տարածաշրջանում չլինես: Ասում են՝ դուք դե՞մ եք, որ հարցը լուծում գտնի. Այդ լուծումը նկարագրեք, որ հասկանանք: Եթե այդ լուծումը պահանջելու է, որ ինքս ինձ կամրջից շպրտեմ և չլինեմ, դա ինձ համար լուծում չէ»:
Դիտարկմանը՝ իշխանություններն ասում են, որ, օրինակ՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ են փորձում կարգավորել, նա արձագանքեց. «Դե, եթե Թուրքիայի բոլոր նախապայմանները կատարել են, կարող է ասել՝ սրանից ավել նոր նախապայմաններ չեմ դնում: Դա առանց նախապայմանների՞ է, թե՞ ոչ: Գլխավոր նախապայմանը մարդիկ ասել են՝ ցանկացած բան սկզբից պետք է Ադրբեջանը հաստատի, հետո նոր իրենք դրան կհամաձայնեն: Ի՞նչ է ասում Ադրբեջանը՝ ճանաչել իր տարածքային ամբողջականությունը, կնքել իրենց ընկալմամբ խաղաղության պայմանագիր և տալ Զանգեզուրի միջանցք: 10 չէ՝ 20 հանդիպում թող լինի, ի՞նչ, թեմա է, էլի, ձգձգելու են»:
Թևան Պողոսյանը չգիտի՝ ինչ օրակարգով է հայկական կողմը գնում Թուրքիայի հետ բանակցությունների:
«Քիչ-քիչ մենք վերածվելու ենք տարածքի, որտեղ ապրելու են սկզբից՝ հայեր, հետո հայերը դուրս կգան, ուրիշները կլցվեն: Ցանկացած քաղաքացուց ես հիմա գործողություն եմ ակնկալում: Քաղաքացին ինքը պարտականություն զգո՞ւմ է իր պետականության հանդեպ: 670 հազար հոգի քվեարկեց իշխանության օգտին, 890 հազարը ցույց տվեց, որ ոչ ոքի բանի տեղ չի դնում և պետություն չի ուզում: Գիտե՞ք՝ այս րոպեին 670 հազարը գոնե ինչ-որ մի ձևի պետություն է ուզում, 860 հազար ձայն չտվողները ընդհանրապես որևէ տեսակի պետություն ունենալու ցանկություն չեն հայտնել, որովհետև անհասկանալի է 26 այլընտրանքից միայն 2-ին ընտրել, քանի որ միայն երկուսն են 5 տոկոսի շեմը հաղթահարել: Մեզ պետք է 88 թվականի նման նոր շարժում»,- ասաց նա:
Հարցին՝ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ էր իր ուղերձում Հայոց պետության զարթոնքի հավատում, նախադրյալներ կա՞ն, նա պատասխանեց. «Չգիտեմ, ցույց կտա փետրվարի 13-ը: Եթե Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեսնենք լիքը հայերի, որոնք գնացել ասում են՝ 34-րդ տարեդարձն է Արցախյան շարժման, պարզապես եկել են՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկ ժամ կանգնելու՝ ի պատիվ այն մարդկանց, որոնք նախաձեռնեցին 88 թվականի շարժումը, միացումը բերեցին, զարթոնքը եղավ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում