«Եթե սա է պետական քաղաքականությունը, ապա այն, ի վերջո, Հայաստանին բերելու է պետական ու ազգային փակուղի». Րաֆֆի Հովհաննիսյան
Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանի պետական քաղաքականությունում և բոլոր իշխանությունները մշտապես ասել են, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։ Ոչ թե գնալ հաշտեցման կամ ամբողջական կարգավորման առանց նախապայմանների։
«Ըստ այդմ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ, դիվանագիտական նոտաների փոխանակման միջոցով մայրաքաղաքների միջև հաստատել դեսպանատներ և դրանց միջոցով աշխատել ու բաժանարար հարցերը լուծել։ Կան բազմաթիվ բաժանարար հարցեր՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը, Ցեղասպանության և հայրենազրկման հետևանքների վերացումը և այլն։ Ճիշտ չէ ասել, որ կարգավորումը պետք է առանց նախապայմանների լինի։ Եթե կապերը, երկխոսությունը հիմնված լինի վերջերս եթերների միջոցով Նիկոլ Փաշինյանի արտահայտած կարծիքների հիման վրա, ապա կարծում եմ՝ այդ երկխոսությունը գնալու է փակուղի։ Եթե դա պետական քաղաքականության արտացոլումն է, կարծում եմ՝ դա չի արտահայտում ազգային շահը, պետական իրական քաղաքականությունը և առանց նախապայմանների քաղաքականությունը։ Եթե սա է պետական քաղաքականությունը, ապա այն ի վերջո Հայաստանին բերելու է պետական ու ազգային փակուղի»,- այսօր «Եռաբլուր» այցելության ժամանակ լրագրողների հարցին ի պատասխան՝ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, թուրքական կողմն արդեն հղում է կատարել մի ճանապարհային քարտեզի, որտեղ արտահայտել է ինչ-որ «միջանցքներ»։ Հետևաբար, եթե Թուրքիայի խոսույթում արդեն ճանապարհային քարտեզ կա, և այն վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին, ուրեմն՝ Հայաստանն էլ կարող է իր ճանապարհային քարտեզը նախանշել ու առաջարկել տարբեր հարցեր։
«Մեկ բան պարզ է, որ այն, ինչ վերջերս հնչում է Նիկոլ Փաշինյանի շուրթերից, չի ներկայացնում ՀՀ ազգային ու պետական շահը։ Եթե դրանով են գնում բանակցությունների, ապա դա չի ներկայացնում առանց նախապայմանների ՀՀ պետական քաղաքականությունը»,- հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայ դատը երբեք չի եղել Հայաստանի քաղաքականությունը, ապա Ր. Հովհաննիսյանի գնահատմամբ՝ սա եզրույթների դիտավորյալ կամ շատ փնթի շփոթմունք է մտցնում հանրային դիսկուրսում։ Որևէ մեկն այսօր Հայ դատի մասին չի խոսում, խոսում են Հայոց ցեղասպանության և դրա միջազգային ճանաչման մասին։
«Հայոց ցեղասպանությունը վերաբերում է մեր քաղաքացիներին, սփյուռքին, դա պատկանում է մեր հայ ժողովրդին։ Այլ հարց է, թե Հայաստանի համար որևէ կառավարություն ու իշխանություն տարածքային պահանջ մինչ այժմ չի ներկայացրել որևէ պետության նկատմամբ։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը եղել է ամբողջ հայության խնդիրը»,- շեշտեց ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։