«Բնականաբար, վերջնանպատակը «խաղաղության պայմանագիրն» է». Էդուարդ Աղաջանյան

«Նորանկախ Հայաստանի պատմության բոլոր իշխանությունները կողմնակից են եղել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների։ Հետևաբար՝ ՀՀ բոլոր իշխանությունների ժամանակ Հայոց ցեղասպանությունը չի դիտարկվել՝ որպես հարաբերությունների կարգավորման նախապայման»,- հայտարարեց  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում սփյուռքի դերակատարումը եղել է ավելի արդյունավետ, քան Հայաստանի Հանրապետությանը՝ որպես պետություն։

Ինչ վերաբերում է հունվարի 24-ին ֆեյսբուքյան առցանց ասուլիսի ընթացքում  Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, Էդուարդ Աղաջանյանը շեշտեց՝ Հայաստանը մշտապես հայտարարել է իր դրական վերաբերմունքն առահասարակ «խաղաղության օրակարգի» առաջմղման մասին՝ շեշտելով, որ վերջնարդյունքը պետք է լինի խաղաղության պայմանագրի ստորագրումը, բայց այդ փաստաթղթի բովանդակային մանրամասներ չկան դեռ.

«Բնականաբար, վերջնանպատակը «խաղաղության պայմանագիրն» է, որը հընթացս բավականին երկար ու համապարփակ քննարկման արդյունքում երկկողմանիորեն ընդունելի տրամաբանության մեջ տեքստի տեսքով կհրապարակվի երկու երկրների հասարակությանը։ Այս պահին մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, որի վերաբերյալ որևէ դետալային քննարկում չի եղել»,- եզրափակեց Էդուարդ Աղաջանյանը։

Տեսանյութեր

Լրահոս