«Ուկրաինական ելքից կախված է նաև Հայաստանի ճակատագիրը». Ինչպես է սրվում իրավիճակը Ուկրաինայի շուրջ. կլինի՞ պատերազմ, թե՞ ոչ
Ուկրաինայի շուրջ Ռուսաստան-Արևմուտք սրումն օր օրի նոր թափ է ստանում, կողմերը շարունակում են բարձրացնել խաղադրույքները, որի հետևանքները շատ անկանխատեսելի ու բարդ կարող են լինել: Սակայն խնդրով զբաղվող վերլուծաբանների մեծ մասը գտնում է, որ բախումն անխուսափելի է դառնում, քանի որ նահանջի հնարավորությունները շատ սուղ են:
Մինչ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վերջին օրերին նշում էր, թե Մոսկվան պատրաստ է ցանկացած զարգացման, հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին է փոխանցել անվտանգության շուրջ առաջարկների պատասխանը։ Փաստաթուղթը ՌԴ ԱԳՆ է տարել Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը։ Միևնույն ժամանակ ՌԴ-ն պատասխան է ստացել նաև ՆԱՏՕ-ից:
Մոսկվան, մասնավորապես, պահանջում էր, որ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը դադարեցնեն ռազմաբազաներ կառուցել հետխորհրդային երկրներում, հրաժարվեն Ուկրաինայի ՆԱՏՕ անդամակցության մտադրությունից և հրաժարվեն արևելքի ուղղությամբ հետագա ընդլայնումից:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ կայացան Ժնևում տարեսկզբին հունվարի 9-ին և 10-ին: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առանձին նիստն անցկացվեց Բրյուսելում հունվարի 12-ին, սակայն ավարտվեց առանց արդյունքների։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում Էնթոնի Բլինքենի հետ բանակցություններից հետո ասել էր, որ ամերիկյան կողմը գրավոր կպատասխանի Ռուսաստանի առաջարկներին։
Լավրովը նշել էր, որ ճիշտ կլինի հրապարակել ԱՄՆ-ի պատասխանը։ Սակայն, ըստ ամերիկյան մամուլի, ԱՄՆ իշխանությունները ռուս գործընկերներին խնդրել են չհրապարակել Ռուսաստանի` անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկների գրավոր պատասխանը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասաց, որ ԱՄՆ-ը իր գրավոր պատասխանում Մոսկվային հասկացրել է, որ «խոսքը հիմնարար սկզբունքների մասին է, որոնք պարտավորվել են պաշտպանել», այդ սկզբունքներից մեկը Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն է և պետության իրավունքը՝ ինքնուրույն ընտրելու դաշինքը, որին ցանկանում է անդամակցել։
«ՆԱՏՕ-ի դռները բաց են և կշարունակեն բաց մնալ»,- ասել է պետքարտուղարը՝ հավելելով, որ ամերիկյան կողմն առաջարկներ է արել և դիվանագիտական աշխատանքի տեղ թողել: Նա նաև ասել է, որ գնդակը Մոսկվայի դաշտում է: Իր հերթին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ Դաշինքը կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել զորքերը Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից՝ ընդգծելով, որ Դաշինքը Ռուսաստանի` Ուկրաինա ներխուժման սպառնալիքի ֆոնին բարձրացրել է իր ուժերի մարտունակությունը։
Փորձելով փակագծեր բացել ամերիկյան պատասխանից, այսօր ՌԴ ԱԳ նախարար Լավրովը նշել էր, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ պատասխանում ԱՄՆ-ը չի հայտարարել ՆԱՏՕ-ն դեպի արևելք ընդլայնելուց հրաժարվելու մասին: «Հիմնական հարցով փաստաթղթում դրական արձագանք չկա: Հիմնական հարցը մեր հստակ դիրքորոշումն է դեպի արևելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման անթույլատրելիության և հարվածային զենքերի տեղակայման վերաբերյալ, որոնք կարող են սպառնալ Ռուսաստանի Դաշնության տարածքին»,- ասել է նախարարը։
Նա նշել է, որ միջգերատեսչական քննարկումներից հետո նախագահին հաշվետվություն կներկայացնեն, որն էլ կկայացնի հետագա որոշումները: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Լավրովն ակնարկեց, որ գուցե ամերիկյան պատասխանն արտահոսի, չէ՞ որ այն համաձայնեցված է բոլոր գործընկերների հետ:
Միջազգային փորձագիտական համայնքը լարվածությամբ հետևում է կրքերի սրմանը՝ կանխատեսելով պատերազմական գործողություններ, որի հետևանքով հստակորեն կուրվագծվի աշխարհակարգի նոր տեսքը: Այն անխուսափելիորեն վերաբերելու է նաև Հարավային Կովկասին ու արտաքին քաղաքական խնդիրների մեջ թաղված Հայաստանին:
168.am–ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը կարծիք հայտնեց, որ կրքերը ոչ թե թեժանում են, այլ ավելի են թուլանում, քանի որ ամերիկացիներն այնպիսի մարտավորություն են ստանձնել, որը, այսպես թե այնպես, նրանց թուլացնում է:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը, որը բաց է գործում, իր առաջարկները բաց ներկայացրել է, ամերիկացիներն ուղարկել են պատասխան, սակայն չեն ցանկանում, որպեսզի այն հրապարակվի:
«Պատճառն այն է, որ նրանք փորձում են գաղտնի դիվանագիտություն վարել առաջին հերթին Ուկրաինայի հանդեպ, որին իբրև թե պաշտպանում են, և երկրորդ ԵՄ երկրների, եվրոպական անվտանգության հարցում են գաղտնի գործում: Սա նշանակում է, որ նրանք որոշ դիրքեր զիջում են, բայց դրանք բարձրաձայնել վախենում են, քանի որ դա կարող է ճգնաժամի հանգեցնել ԱՄՆ-ի և գործընկերների միջև: Սա ոչ թե ուժի, այլ թուլության դրսևորում է: Դիվանագիտական ճանապարհը միշտ կար, կան, որ գոռում են, թե Ռուսաստանը պատրաստվում է օկուպացնել Ուկրաինան, նրանք ոչինչ չեն հասկանում, դա մեզ բացարձակ հարկավոր չէ, նրանք, ովքեր ասում են, թե Ռուսաստանը կպատերազմի և ցանկանում է պատերազմ, հիմարներ են: Նման սցենարը պարզապես բացառվում է: Միակ բանը, հրապուրանքը, որը կարող է լինել, հարվածն է ամերիկացիներին սադրանքի դեպքում»,- ասաց Տարասովը:
Գլխավոր ճգնաժամը, նրա խոսքով, Ուկրաինան է, Հարավային Կովկասը լիովին այլ իրավիճակ է:
«Ես վստահ եմ, ցանկանան դա, չցանկանան, այդ գոտին անցնելու է ռուսական ազդեցության տիրույթ, ոչ հիմա, բայց հետզհետե՝ կամաց-կամաց: Իհարկե, Ուկրաինական ելքը կարևոր հանգրվան է բոլոր խաղացողների համար: Ռուսաստանն ասում է, որ պատրաստ է կռվի, բայց ոչ թե իր տարածքում, այլ ամերիկյան, ու նրանք արդեն կառչել են փրփուրներից, քանի որ 1945 թվականից հետո նրանք թույլ երկրների հետ են գործ ունեցել: Այն, որ այս պարտիայում նրանք քիթուբերանին են ստանալու, դա հաստատ է»,- այսպիսի կարծիք հայտնեց Տարասովը:
Իր հերթին՝ Ֆյոդոր Լուկիանովը մեզ հետ զրույցում ասաց, որ ԱՄՆ այս պատասխանից հետո կրքերն էլ ավելի են թեժանալու, դրանք լինելու են և՛ ռազմական, և՛ քաղաքական ու դիվանագիտական դաշտերում, դա արվելու է երկու կողմից բախումից խուսափելու համար, քանի որ ռազմական բախումն ամենավերջին տարբերակն է, որից խուսափում են բոլորը, ու որը բոլորի համար վատ վերջաբան կարող է ունենալ:
Նրա որակմամբ, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ներխուժման մասին խոսակցություններն աբսուրդի ժանրից են, սակայն դա չի նշանակում, որ բանակցային այս փուլում ՌԴ-ն ռազմական դիվանագիտությունը գործի չի դնելու, չի փորձելու իր մկանները ցույց տալ, զորքերի տեղաշարժեր իրականացնել: Զարգացումները, նրա խոսքով, այս պահին կանխատեսելի են, որքան էլ բարդ, բայց կողմերի մարտավարությունը հասկանալի է, այս փուլում ՌԴ-ն է քայլ անելու, փորձելու է մկաններ ցույց տալ և ստանալու է պատասխան մի քանի այլ կետերից, ու այսպես սա շարունակվելու է, զուգահեռ բանակցային գործընթացով:
«Սա է տրամաբանությունը: Իհարկե, նման մեծ երկրների առանցքային խոսակցությունից, որի հետևանքով կարող է նաև ուժային բալանս փոխվել, ազդվելու է ողջ աշխարհը, այդ թվում՝ հարավկովկասյան տարածաշրջանը: Սակայն, կարծում եմ, այստեղ իրավիճակը պահպանվելու է, քանի որ առճակատումը բարձրացել է ուղիղ ՌԴ-ԱՄՆ մակարդակ, այս փուլում, կարծում եմ, որ նման ռեգիոններում զգուշավորությամբ են առաջնորդվելու, սակայն չի բացառվում նաև հակառակը, բայց մեծ բան է որոշում այն հանգամանքը, որ ողջ լարումը ՌԴ-ն ու ԱՄՆ-ը կենտրոնացրել են Ուկրաինայի շուրջ»,- ասաց վերլուծաբանը:
Այս թեմայի շրջանակում 168.am-ը կներկայացնի նաև արևմտյան փորձագիտական կարծիքներ: