«Խաղաղության դարաշրջան» ասելով՝ այս իշխանությունը նկատի ունի՝ մոռանալ Արցախը, այն մարդկանց արածները, որոնք եղել են Արցախի երեք պատերազմների ժամանակ»
Արցախի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանն օկուպացրեց Արցախի 75 տոկոսը։ Պատերազմի ընթացքում, ըստ Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի օգոստոսի 24-ի հայտարարության՝ հայկական կողմն ունեցել է 3773 զոհ և 243 անհետ կորած։ Գերիների թվի վերաբերյալ իշխանությունը լռում է։ Զոհերի և անհետ կորածների վերաբերյալ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, տարբեր շրջանում տարբեր թվեր են հնչեցրել։
Պատերազմից գրեթե մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Խաղաղության դարաշրջան» բացելու մասին, իսկ այս տարվա հունվարի 24-ին իր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պնդեց. «Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր օրակարգը մեզ համար ռազմավարական օրակարգ է, և մենք երբ որ այդ օրակարգը որդեգրել ենք և արձանագրել ենք Կառավարության ծրագրում, ես բազմիցս ասել եմ, որ մենք հասկանում ենք, որ սա ամենևին մեզնից չի կախված միայն, բայց, որ մենք այդ օրակարգին հետևելու ենք հետևողականորեն, սկզբունքորեն, դա ակնհայտ է»։
Պատերազմից մեկ տարի անց, Արցախի մեծ մասի կորսված լինելու պայմաններում և թշնամու կողմից ՀՀ սուվերեն տարածք ներխուժելուց հետո, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն առաջ քաշեց «Խաղաղության դարաշրջանի» օրակարգը, այն հայ հասարակությա՞նն էր ուղղված, թե՞ Թուրքիային ու Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության դարաշրջանն» առանց Արցախի՞ է բացելու, այդ օրակարգով ի՞նչ ճակատագիր է սպասվում Հայաստանին ու Արցախին։
168.am-ը այս և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել է մի խումբ փորձագետների հետ։
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ նախ պետք է ֆիքսել, որ ցանկացած քաղաքակիրթ ազգ միշտ էլ ձգտում է խաղաղության։ Կարևոր հանգամանք է նաև այն, թե խաղաղությունն ինչպես է ընկալվում տարբեր տարածաշրջաններում։
«Արևելքում, իսկ մենք Արևելքում ենք խաղաղության հասնելու, և այն պահելու ճանապարհներն այլ են, Եվրոպայում այլ են, իսկ Լատինական Ամերիկայում այլ են։ Ուստի մերկապարանոց, ուղղակի հայտարարել «խաղաղության դարաշրջան»՝ առանց հաշվի առնելու առկա իրողությունները, մեղմ ասած՝ լուրջ չէ։
Երրորդ հանգամանքն այն է, որ Փաշինյանը չի կարող հաստատել խաղաղության դարաշրջան, որովհետև ինքը կողմերից մեկն է։ Մյուս կողմերը ոչ միայն չեն ուզում խաղաղություն հաստատել, այլև անգամ իրենց հարաբերությունների հաստատումը, դիցուք՝ Թուրքիայի պարագայում՝ թշնամանքի որոշակի փաթեթավորված շարունակությունն է։ Իսկ Ադրբեջանի պարագայում երևի վառ երևակայություն է պետք, որ Ալիևի ելույթները որակեն՝ որպես խաղաղության ձգտող մարդու ելույթ։ Չեմ ուզում խոսել ադրբեջանական կրթական համակարգի, դասագրքերի, այդ հասարակության տրամադրությունների մասին։ Հետևաբար, մենք խաղաղություն իբրև թե փորձում ենք հաստատել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, տարածաշրջանային խաղաղություն ասելով՝ սա է հասկացվում, որովհետև Իրանի ու Վրաստանի հետ խնդիր չունենք։
Թուրքիան ու Ադրբեջանը չեն ուզում քեզ հետ խաղաղություն հաստատել, եթե ուզում էլ են, ապա դա քո վերջնական նվաստացումն է, հետևաբար՝ Փաշինյանը կարող է հասնել ոչ թե «խաղաղության դարաշրջանի» բացմանը, այլ Հայաստանի լիակատար ոչնչացման։ Այ սրան նա և իր թիմը կարող են հասնել, իսկ խաղաղության չի կարող հասնել, որովհետև Արևելքի խաղաղության հաստատման պայմանները, գործիքակազմն այժմ մեզ մոտ բացակայում է։
Հետագայում, տարբեր իրավիճակների փոփոխության պայմաներում, իհարկե, պետք է ձգտել խաղաղության»։
Ըստ «Արմես» գիտակրթական կենտրոն հ/կ նախագահ, հայագետ Ալվինա Աղաբաբյանի խաղաղության մասին խոսակցությունները նոր չեն, Արցախի պատերազմի շրջանում և դրանից հետո խաղաղության մասին անընդհատ է խոսվել։
«Ցավոք, խաղաղությունից խոսողները հիմնականում եղել են կա՛մ անուղղակիորեն, կա՛մ ուղղակիորեն դրսից ֆինանսավորված և հետապնդել են ոչ թե մեր, այլ այլոց շահերը։ Խաղաղության տակ հիմնականում շատերը հասկացել ու քարոզել են ոչ թե Արցախի ու Հայաստանի հանրապետություններն իրենց ամբողջականության մեջ, այլ հասկացել են, որ ինչ-որ շրջաններ պետք է տրվեն թշնամուն, գուցե դա էլ մեզ բերի ինչ-որ խաղաղություն։
Առհասարակ խաղաղությունը ցանկալի բան է, հատկապես մեր ազգի համար, որ դարեր շարունակ զրկանքների միջով է անցել։ Ի վերջո, այդ խաղաղությունը բոլորս ենք ուզում, բայց պիտի հասկանանք, թե որքանով է այդ խաղաղությունը հնարավոր, և այն գինը, որը պետք է տանք դրան հասնելու համար։
Տարիներ շարունակ մեզանում սերմանել են խաղաղության ընկալում, բայց ոչ այն խաղաղության, որը կա Շվեյցարիայում, Սլովակիայում կամ եվրոպական ինչ-որ երկրում, որոնք չունեն այն թշնամիներն ու խնդիրները, որն ունենք մենք։ Մեր տարածաշրջանում այդ կապույտ երկնքով խաղաղությունը երբեք պատմության ընթացքում չի եղել, չկա այսօր ու չի էլ լինելու հետո։ Մեր տարածաշրջանն այլ կերպ է ապրում, բախումները՝ մեծ կամ փոքր, անընդհատ են լինում։ Հատկապես Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ կորստի ցավն ու ցասումը շատերի մոտ կար, պետք էր այդ ամենն ինչ-որ կերպ հանգստացնել, և հասարակություն նետվեց «խաղաղության դարաշրջանը», թե՝ տեսեք, մենք այսքան կորուստներ ունեցանք, բայց այսուհետ խաղաղություն է լինելու։ Եկեք մեկընդմիշտ հասկանանք, որ «խաղաղության դարաշրջան» կոչվածը, այն, ինչ այսօր մեզ ներկայացնում ու քարոզում են՝ ընդամենը մի մեծ կեղծիք է, որը որևէ փաստական հենք իր հետևում չունի»։
Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի բնորոշմամբ՝ ՀՀ այսօրվա իշխանությունները խաղաղություն բառը ենթարկում են քաղաքական բռնաբարության։
«Առհասարակ սովորական գիտակից մարդը խաղաղությունը հասկանում է անվտանգության բարձր ֆոնին և ժողովուրդների հարաբերությունների նորմալ կարգավիճակի ժամանակ ձևավորված մթնոլորտ։ Իսկ այն, ինչ այսօր ունենք, խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ երրորդ պատերազմի, որը կլինի ավերիչ, այսինքն՝ երկու պետությունների համար, որպես այդպիսին, կլինի վճռական։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանը, մասնավորապես՝ «խաղաղության դարաշրջանի» բանաձևին, ապա ես կասեի, որ սա բավականին մտահոգիչ է և բխում է ոչ թե Հայաստանի ժողովրդի, այլ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը սպասարկելու շահերից։ Ալիևի վարչակարգի հիմնական նպատակը Հայաստանը, որպես այդպիսին, վերացնելն է, այս տարածքում ունենալ հայերով բնակեցված ինչ-որ փոքր տարածք, որը կլինի, այսպես կոչված՝ հայկական համայնք։ Ադրբեջանն իր 30 տարվա արտաքին քաղաքականության, նաև ռազմական քաղաքականության հենքում դրել էր Արցախի «ազատագրումը», և Արցախի 44-օրյա պատերազմից հետո իրենք այդ նպատակին հասան։
Եթե անդրադարձ կատարենք նաև 90-ականներին, ապա կտեսնենք, որ այն ժամանակ պարտված Ադրբեջանը չէր խոսում խաղաղության մասին այնքան մեծ ցանկությամբ ու ձգտումով, ինչպես խոսում է այսօրվա ՀՀ պարտված իշխանությունը։ Այսինքն՝ այն ժամանակ կար իրենց «տարածքների վերականգնման» պահանջ իրենց ղեկավարության կողմից։ Իսկ մեր այսօրվա իշխանությունը խոսում է ոչ թե Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայից, այլ՝ ադրբեջանցիների հետ խաղաղ ապրելուց։ Սա էլ այն դեպքում, երբ Սյունիքում ունենք Ադրբեջանի կողմից օկուպացրած ՀՀ տարածքներ և բոլորովին վերջերս ունեցանք 3 զոհ։ Այսինքն՝ եթե Ադրբեջանը պատրաստվում է խաղաղության այս ճանապարհով՝ սպանելով հայ զինվորին ու վտանգ ներկայացնելով սահմանամերձ գյուղերի բնակիչներին, ապա սա ես չեմ անվանում խաղաղություն, այլ խաղաղության բռնաբարության քաղաքականություն»։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած «խաղաղության օրակարգի» գլխավոր ուղերձն այն է, որ հանրությունը պետք է համակերպվի ստեղծված իրավիճակի հետ, համակերպվի մարդկային ու տարածքային բոլոր կորուստների հետ։
«Մարդկային ճակատագրերի խեղումները, մեր հայրենիքի մի հատվածի կորուստն այս իշխանության համար գրոշի արժեք չունի։ Այս իշխանության թիվ մեկ նպատակն է՝ այն ամենը, ինչ իր նեղ քաղաքական խմբակի տրամաբանության ներքո է՝ բերել ու հասցնել լայն մասսաների։
«Խաղաղության դարաշրջան» ասելով՝ այս իշխանությունն առաջին հերթին նկատի ունի՝ մոռանալ Արցախը, մոռանալ այն մարդկանց արածները, որոնք եղել են Արցախի երեք պատերազմների ժամանակ։ Իրականության մեջ «խաղաղության դարաշրջան» ասվածը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ նոր եղբայրություն հաստատելն է։ Խնդիրն այն չէ, որ մեր տարածաշրջանում անհրաժեշտ չեն հարաբերությունների կարգավորում, կայունություն կամ երկարաժամկետ խաղաղություն, այլ խնդիրն այն է, որ ուրանան այն, ինչն ի սկզբանե դրված է եղել Հայաստանի ու Արցախի սկզբի հիմքում, նաև ուրանալ այն ամենը, ինչին մենք կարողացել ենք հասնել այս 30 տարիների ընթացքում։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում