«Թուրքիան հայերին միշտ դիտարկելու է՝ որպես սպառնալիք. ամեն ինչ անելու են, որ մեզ խաղից դուրս բերեն». Հայկ Խալաթյան

Քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի 2 ժամանոց ասուլիսի գլխավոր նպատակը հայ հասարակության և հատկապես՝ իր ընտրազանգվածի մոտ այն միտքն ամրագրելն էր, որ արցախյան կարգավորումը լինելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, և այդ մեղքը, սովորության համաձայն, բարդել նախկինների վրա, որ ինքը մեղավոր չէ, նախկիններն են դրան համաձայնել, ինքը փորձել է շտկել իրավիճակը, բայց դա չի ստացվել:

«Ինչպես գիտենք՝ պրոպագանդայի կանոններով որքան էլ գաղափարը անհեթեթ է, եթե դու անընդհատ այն կրկնում ես, ապա այն իր նստվածքը թողնում է մարդկանց մեջ: Չնայած՝ դա աբսուրդային է բոլոր այն մարդկանց համար, ովքեր քիչ թե շատ տեղյակ են բանակցային գործընթացից: Այս տարիների ընթացքում բազմիցս տեսել ենք թե՛ համանախագահ երկրների հայտարարությունները, թե՛ նույնիսկ Ալիևի այն հայտարարությունը, որ փակ դռների հետևում միջնորդներն իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Կամ, եթե ամեն ինչ որոշված էր, Հայաստանը 90-ականների սկզբին ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա 30 տարի Մինսկի խումբն ինչի՞ շուրջ է բանակցում: Հասկանում ենք, չէ՞, որ դա անհեթեթ է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հայկ Խալաթյանին չեն բավարարում հրաժարականի տեքստում Արմեն Սարգսյանի տված բացատրությունները. «Դու չես կարող 4 տարի լինել նախագահ և 4 տարի հետո իմանալ, որ այն Սահմանադրությամբ, որով դու ընտրվել ես, որով դու կատարելու ես քո պարտականությունները, որևէ լուրջ լծակներ քեզ չի տրամադրվում: Վարկածներ մենք բոլորս լսել ենք, սկսած նրանից, որ նա չի ուզում Ադրբեջանի և Թուրքիայի հետ խայտառակ գործարքի մաս կազմել, և վերջացրած միջազգային կազմակերպության լրագրողների հետաքննությամբ, որտեղ նրանք պարզել էին, որ նախագահը ունի նաև Կարիբյան երկրներից մեկի քաղաքացիություն:

Դրա համար այստեղ ավելի շատ հետաքրքիր է՝ ինչո՞ւ այժմ, և ոչ թե նաև այն, թե ով կլինի հաջորդ նախագահը: Տեսեք՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը և նախագահ Արմեն Սարգսյանը Փաշինյանին առաջարկել էին հրաժարական տալ, բայց ընտրություններից հետո բոլոր կարևոր միջոցառումներին Կաթողիկոսը կա՛մ չի մասնակցում, կա՛մ ընդհանրապես չի հրավիրվում կարևոր միջոցառումներին, իսկ Արմեն Սարգսյանն ու Փաշինյանը միասին մասնակցում էին, և գոնե առերևույթ որևէ կոնֆլիկտ կամ դժգոհություն չկար:

Եվ նույնիսկ ասուլիսի ժամանակ մենք տեսանք, որ որևէ քննադատություն նախագահի հասցեին չհնչեց, նույնիսկ ավելին՝ Փաշինյանը փորձում էր համոզել, որ նախագահ ընտրվելու պահին ամեն ինչ օրինական է եղել: Այստեղ կարևոր երկու փաստ կա՝ եթե օրենքի խախտումով է եղել Արմեն Սարգսյանի ընտրությունը, ապա հասկանալի է, որ ցանկացած փաստաթուղթ, որը նա ստորագրել է, օրինական ուժ չունի, կարելի է վիճարկել այդ փաստաթուղթը: Երկրորդ՝ չմոռանանք, որ 2018թ. թավշյա հեղափոխությունից հետո Փաշինյանը բոլորին համոզում էր, որ նա ամբողջությամբ տեսել է Արմեն Սարգսյանի փաստաթղթերը, ամեն ինչ օրինական է»:

Անդրադառնալով ռուս-ուկրաինական լարված հարաբերություններին, նա նշեց, որ ժամանակը խաղում է Արևմուտքի օգտին, և Ռուսաստանում դա հասկանում են. «Խաղադրույքներն այսքան բարձրացնելուց հետո շատ դժվար կլինի որևէ կողմի համար գնալ զիջումների, որովհետև դա կընկալվի՝ որպես թուլության նշան և պատրաստակամություն՝ գնալու նոր ավելի լուրջ զիջումների: Նույնիսկ Եվրոպայում բոլորը բացառում են, որ կարող է որևէ գրավոր փաստաթուղթ ստորագրվել Ռուսաստանի հետ, որում կբացառվի Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Իսկ դա ՌԴ գլխավոր պահանջն է: Բայց եթե նույնիսկ գրավոր համաձայնագիր լինի, Արևմուտքը շատ հեշտ կարող է դրանից հրաժարվել, ինչպես Թրամփը դա արեց միջուկային գործարքի դեպքում: Բայց ես համոզված եմ, որ որևէ գրավոր համաձայնագիր չի ստորագրվի: Այս հարցը ոչ միայն Ռուսաստանի անվտանգության, այլ նույնիսկ ՌԴ ներքաղաքական զարգացումների համար է կարևոր դեր խաղում: Ես նույնիսկ ռուս գործընկերներիս էլ եմ ասել, որ եթե Ռուսաստանը պարտված դուրս գա այս գործընթացից, իսկ դա անպայման չի նշանակում, որ բացահայտ հրաժարվի Ուկրաինայից, այս ստատուս-քվոյի պահպանումն արդեն կլինի Ռուսաստանի պարտությունը, և դրանից հետո չի բացառվում, որ լուրջ ներքաղաքական փոփոխություններ տեղի ունենան Ռուսաստանում: Դա էլ է ստիպում ՌԴ իշխանություններին՝ շատ ավելի կոշտ դիրքորոշում զբաղեցնել: Իմ կարծիքով՝ շատ բան պարզ կլինի փետրվարի վերջ»:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման երկխոսության մեկնարկին, նա նշեց, որ թուրքական կողմն ամեն ինչ անելու է  Ռուսաստանին այդ գործընթացից դուրս մղելու համար. «Հաշտեցման վերջը լինելու է Ռուսաստանի դուրսմղումը տարածաշրջանից, եթե Թուրքիան կարողանա ամրապնդել իր դիրքերը Հայաստանում: Արևմուտքը օժանդակում է Թուրքիային այս հարցում: Չմոռանանք մի բան՝ մեր տարածաշրջանում դեպի Արևմուտք ճանապարհը նշանակում է՝ դեպի Թուրքիա ճանապարհ: Ինչո՞ւ է մեզ թվում, որ այն հայտարարությունները, որ անում են երկու թուրք ղեկավարները, լուրջ չեն: Թուրքիան հայերին միշտ դիտարկելու է՝ որպես սպառնալիք. Ցեղասպանությունը ինչի՞ համար եղավ, որովհետև նրանք գտնում էին, որ հայերին պետք չէ վստահել և նրանց հարցը պետք է լուծել: Հիմա նրանք հարցը ավելի փափուկ միջոցներով են փորձում լուծել, բայց պետք է հասկանանք, որ մենք նրանց համար խանգարող գործոն ենք, և նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի այդ գործոնը խաղից դուրս բերեն»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս