«Կալաշնիկով ԱԿ-103» ինքնաձիգների հավաքման վերաբերյալ ՊՆ-ում տեղեկություն չունեն

Դեռևս 2021թ. դեկտեմբերի 17-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ հետևյալ հարցադրումներով.

1. «Անորակ հրթիռների» գործով անցնող Հայաստանին և բանակին զենքի մատակարար Դավիթ Գալստյանի փաստաբանական խումբը գրավոր դիմում-առաջարկ է ուղարկել սկզբում պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին՝ առաջարկելով որակի հետ կապված խնդիրների մասին գրավոր հայտնել մատակարարին, միաժամանակ հայտնելով պատրաստակամություն նման պարագայում իրականացնել իր պայմանագրային պարտավորությունները, օրինակ, փոխարինել ապրանքը պատշաճ ապրանքով։ Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև գործող նախարար Սուրեն Պապիկյանին:

Նշված գրությունները մնացել են անպատասխան, և արդեն վերջերս երրորդ գրություն-առաջարկն է ուղարկվել՝ վերադարձնել խնդրահարույց ապրանքը, դրա դիմաց ընդունել նորը։

Ի՞նչն է պատճառը, որ Պաշտպանության նախարարությունը նամակներն անպատասխան է թողնում, ինչո՞ւ գերատեսչությունը ՊՆ-մատակարար պայմանագրային հարաբերությունների շրջանակում չի հայտնում իր տեսակետն անորակ հրթիռների մասով: Արդյո՞ք այդ ավիացիոն հրթիռների պահանջարկը կա:

2. ՊՆ-Ն տեղեկություն ունի՞ ներկա պահին «Կալաշնիկով» գործարանի գործունեության հետ կապված, կա՞ն արդյոք խնդիրներ: Ավելի կոնկրետ՝ «Կալաշնիկով ԱԿ-103» ինքնաձիգների հավաքման մասով կա՞ն խնդիրներ, նաև՝ փամփուշտի արտադրության ծրագրերի իրականացման: Բնականաբար, պատասխաններն ակնկալում ենք օրենքով նախատեսված թույլատրելիի սահմանում:

Ավելի քան մեկ ամիս հետո Պաշտպանության նախարարությունը պատասխանել է մեր հարցմանը:

25.01.2022 ամսաթվով թվագրված գրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ի պատասխան 17.12.2021թ. ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված Ձեր գրության՝ հայտնում ենք, որ այն ուսումնասիրվել է համապատասխան ստորաբաժանման կողմից:

Համաձայն ուսումնասիրությունների արդյունքների՝ հայտնում ենք, որ «MOSSTON ENGINEERING» ՍՊ ընկերության գրություններին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պատասխանվել է 12.01.2022 թ. N 031 գաղտնի ելքով:

Ինչ վերաբերում է հարցադրման 2-րդ կետին՝ հայտնում ենք, որ «Կալաշնիկով» գործարանի խնդիրների, ինչպես նաև «Կալաշնիկով ԱԿ-103» ինքնաձիգների հավաքման և փամփուշտների արտադրության ծրագրերի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունում տեղեկատվություն առկա չէ»:

Նշենք, որ 168.am-ի հետ զրույցում Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) փաստաբան Արմեն Հարությունյանը տեղեկացրել էր, որ ՊՆ-ն պատասխանել է իրենց գրություններին:

«Շուրջ չորս ամիս է՝ սպասում էինք պատասխանի, սակայն այսօր ստացել ենք պատասխան մեր երեք գրություններին։ Ինչպես նախորդ քրեական գործով, այնպես էլ այս դեպքում Պաշտպանության նախարարությունը հրթիռների որակի հետ կապված որևէ առարկություն չունի և այդ մասին պաշտոնական գրությամբ հաստատել է։ Սյուժեն կրկնվում է։ Պայմանագրի կողմերը ասում են՝ խնդիր չունենք, հրթիռները ընդունել ենք, դրանք կիրառվել են, որևէ խոտան չի արձանագրվել: Այսինքն, հաշվի է առնվել դրանց փաստացի վիճակը, որը գնահատվել է լավ, իսկ քննիչն ու դատախազը պնդում են, որ մի ամբողջ համակարգ ստում է, միևնույն ժամանակ հրաժարվում են որակի փորձաքննությունից»,- ասել էր Արմեն Հարությունյանը:

Միաժամանակ, Դավիթ Գալստյանի փաստաբանը նշել էր, որ իր համոզմամբ՝ ԱԱԾ-ն իր լծակներն օգտագործելով, թույլ չի տվել, որ Պաշտպանության նախարարությունը որևէ վերաբերմունք ցույց տա իրենց գրություն-առաջարկներին՝ վերադարձնել խնդրո առարկա հրթիռները, դիմացն ընդունել նորը:

«Եթե այդ հրթիռները վերադարձվեն, գումարի հարցը լուծվի կամ այն, այսպես ասած, վերականգնվի, արդեն խնդիր չի լինի, և գործը կփակվի»,- 168.am-ի հետ զրույցում շեշտել էր Գալստյանի պաշտպանը՝ հավելելով, որ այս դեպքում մարդկանց կալանավորելու ձևական հիմքն էլ չի լինի, և, որ հրթիռների վաղեմության ժամկետը 30 տարի է:

Ինչ վերաբերում է ՊՆ-ի գրության երկրորդ մասին՝ կապված «Կալաշնիկով ԱԿ-103» ինքնաձիգների հավաքման հետ, հիշեցնենք, որ 2020-ի հուլիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ այցելել էր Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս: Նա շրջայց էր կատարել «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ գործարանի բազայի վրա հիմնված «ԱԿ-103 Կալաշնիկով» ինքնաձիգի հավաքման արտադրամասում՝ ծանոթացել արտադրական գործընթացին:

Փաշինյանին տեղեկացվել էր, որ արտադրամասում տարեկան արտադրվելու է 50 հազար միավոր ինքնաձիգ։

Այցի ընթացքում Փաշինյանը ծանոթացել էր նաև «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ գործարանի առաջիկա ծրագրերին: Նշվել էր, որ գործարանի կողմից փամփուշտների արտադրությունը Երևան քաղաքից տեղափոխվում է Կոտայքի մարզում գտնվող արտադրական տարածք։

Տվյալ տարածքները վերանորոգելուց և արդիականացված հոսքագծերով համալրելուց հետո սկսվելու էր 7,62×39 մմ, 7,62×54 մմ, 12,7 մմ, 9×18 մմ և 9×19 մմ տրամաչափերի փամփուշտների արտադրություն, որի արդյունքում նաև կավելանան նոր աշխատատեղեր։

Ավելի ուշ՝ Նիկոլ Փաշինյանի այցից ընդամենը մեկ ամիս հետո, ընկերությունը առաջին խմբաքանակը` 1000 հատ ինքնաձիգ, արդեն պատրաստ էր տրամադրել ՀՀ զինված ուժերին, ինչը արվել է:

Հայաստանում ռուսական հայտնի ինքնաձիգի արտադրության համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի օգոստոսին՝ «Royalsys Engineering ltd.» ընկերության և «Կալաշնիկով» կոնցեռնի միջև: Արտադրանքի մի մասը կհամալրի ՀՀ Զինված ուժերը, իսկ մյուսը կարտահանվի:

168.am-ը ընդամենը փորձել էր ՊՆ-ից ճշտել՝ արդյո՞ք արդեն իսկ սկսված այս գործընթացում շեղումներ կամ խնդիրներ կան: Անկեղծ ասած՝ մտածում էինք, որ պաշտպանական գերատեսչությունը կհիշի պետական գաղտնիքի մասին, թեպետ, ըստ էության, հարցադրումներն առանձնապես վտանգահարույց չէին, բայց տրված պատասխանը, մեղմ ասած, առավել մեծ զարմանք առաջացրեց:

Տեսանյութեր

Լրահոս