ԲԴԽ-ում որոշել են «փրկել» Արդարադատության նախարարության դեմքը ու կարգապահական վարույթներին թույլ չտալ մարդկանց մուտքը ԲԴԽ
Մոտ 10 օր առաջ 168.am-ը տեղեկացավ, որ ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) ստուգումներ է իրականացրել Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) ու այնտեղ խախտումներ հայտնաբերել: Ենթադրեցինք, տեսչական մարմնի կողմից հանկարծակի ու հրատապ կազմակերպված «ինքնաբուխ» ստուգումը կարող է կապ ունենալ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հարուցված կարգապահական նիստի մեկնարկի հետ, սակայն քանի որ նիստը հետաձգելու միջնորդություն նաև դիմող կողմի ներկայացուցչից կար՝ պայմանավորված Սիրանուշ Սահակյանի՝ երկրում չգտնվելով, առժամանակ առկախեցինք մեր եզրահանգումները:
Երեկ արդեն ԲԴԽ-ն հայտարարություն տարածեց, և ամեն ինչ տեղն ընկավ: Որպես նախաբան՝ նշել էին, որ տարեսկզբին ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով վերահսկողության շրջանակներում ԲԴԽ կատարած այցի ընթացքում արձանագրվել են որոշակի թերություններ, և տեսչական մարմնի կողմից Խորհրդին առաջարկվել է խստագույնս պահպանել ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանի 3-րդ հավելվածով սահմանված պահանջները. փակ տարածքներում՝ նիստերի դահլիճներում, սպասասրահում և միջանցքներում այցելուների կողմից դիմակների կրումը պարտադիր է, փակ տարածքներում՝ նիստերի դահլիճներում, սպասասրահում և միջանցքներում ապահովել քաղաքացիների միջև սոցիալական 1.5 մետր հեռավորությունը:
Ապա տեղեկացրել էին, որ ելնելով դրանից՝ ԲԴԽ-ում կարգապահական վարույթների քննության գործընթացում որոշակի փոփոխություն է կատարվել, որը միտված է բարձրացնելու հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված քայլերի արդյունավետությունը:
Ու հասել էին այս թատերական ներկայացումը կազմակերպելու բուն նպատակին:
«Տեղեկացնում ենք, որ հունվար ամսից սկսած ԲԴԽ անդամներից և դատավարության մասնակիցներից զատ՝ ԲԴԽ դատական նիստերի դահլիճ կկարողանան մուտք գործել միայն Դատական դեպարտամենտի կարգադրիչների ծառայության ներկայացուցիչները և ԶԼՄ ներկայացուցիչները՝ բժշկական դիմակները պատշաճ կրելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու պայմանով»,- ասված էր ԲԴԽ հայտարարության մեջ:
Ինչպես ասում են, սա շատ ողբերգական կլիներ, եթե այդքան ծիծաղելի չլիներ կամ հակառակը: Ուրեմն ԲԴԽ-ում ու Արդարադատության նախարարությունում նստել մտածել են, թե ինչ անեն, որ կարգապահական վարույթների ընթացքում ներկա չլինեն մեծ թվով փաստաբաններ, դատավորներ, հասարակական գործիչներ ու իրավունքի հետ կապ ունեցող կամ չունեցողմ, բայց անկախ դատական համակարգ ունենալու նախանձախնդիր մարդիկ:
Ու նրանք բոլորը ականատեսն էին այն կրկեսին, որի գործողությունները ծավալվում էին ԲԴԽ-ում:
Սակայն եթե այս «հանճարեղ» սցենարի հեղինակներին թվում է, թե պատասխանող կողմի ներկայացուցիչների հիմնավոր ու փաստարկված խոսքն այդտեղ ներկա անձանց քանակով է պայմանավորված, առնվազն խելամիտ չէ:
Նույն կերպ և հաստատ ներկաները չեն խանգարում, որ Արդարադատության նախարարության ներկայացուցիչները պատրաստված ներկայանան իրենց իսկ կողմից հարուցված կարգապահական վարույթներին ու ծիծաղելի իրավիճակում չհայտնվեն:
«Բա իհարկե՝ էդքան էլ հեշտ բան չէ, որ հասարակության մեջ «հեղինակավոր» իրավաբան-գիտնական խաղաս ու իրավաբան-փաստաբանների, ինչպես նաև իրականում ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ դատավորների աչքերի մեջ նայելով՝ ապուշ կարգապահական վարույթներով «խելոք» հարցեր տաս, մի բան էլ վերջում պատվերով տույժ նշանակես։ Իսկ իրական պատկերը հետևյալն է՝ խնդրում ենք, որ մեր մոտ ստուգում անեք, անպայման խախտում արձանագրեք, որ մենք էլ օրինականի տեսք տված, բայց ակնհայտ անօրինական եղանակով սահմանափակենք այլ դատավորների և փաստաբանների մուտքը, թե չէ՝ խայտառակ եղանք»,- փաստաբան Երեմ Սարգսյանի արձագանքն է ԲԴԽ որոշմանը:
Փաստաբան Միքայել Շխիմյանն էլ, արձագանքելով ԲԴԽ հայտարարությանը, հետաքրքիր հարցադրում էր կատարել:
«Առողջապահության նախարարությունը ԲԴԽ-ն դիտարկում է որպես գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն իրականացնող մարմին՝ տալով խիստ հանձնարարականներ։ ԲԴԽ-ն էլ համաձայնվում է՝ սահմանափակելով նիստի դահլիճ անձանց մուտքը»,- տարակուսել էր փաստաբանը: Նույն հարցադրումը ԲԴԽ հրապարակման ներքո նաև լրագրողներն էին արել: Բնականաբար, որևէ արձագանք չէր հետևել:
Այնպես որ, բոլորը շատ լավ ամեն ինչ հասկանում են: Մարդկանց մուտքը ԲԴԽ արգելափակելով՝ ոչինչ չես թաքցնի տեխնիկական առաջընթացի մեր դարաշրջանում, իսկ նման էժանագին քայլերով հեղինակություն չես վաստակի: