Ակնհայտ է, որ միայն Զամբիայի, Չիլիի ու Կամերունի իշխանությունները չեն մեղավոր ՀՀ գնաճի համար. Թադևոս Ավետիսյան
«Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում է գնաճը… 2019-ին ամբողջ աշխարհում պարենի թանկացում է տեղի ունեցել, Հայաստանում պարենի գնանկում է տեղի ունեցել, սա ինչի՞ շնորհիվ, որ մենք 2018-19-ին մենաշնորհների հարցը լուծել ենք: Այսօր այն գնաճային երևույթները, որ կան, գլոբալ գնաճային երևույթների արձանագրում է»,- առցանց ասուլիսում ահա այսպես արձագանքեց գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ գնաճային շքերթի, անկատար խոստումների մասին լրագրողների հարցադրումներին:
Այդ պարզաբանումը, սակայն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը հիմնավոր չի համարում: Պատգամավորի բնորոշմամբ՝ ակնհայտ ձախողված խոստումները և երկրի խորացող սոցիալական խնդիրները փորձ է արվում մանիպուլյացնել պարզ բառախաղերով:
Այս համատեքստում նա անդրադարձավ 2021թ. միջին աշխատավարձի բարձրացման մասին Փաշինյանի հայտարարություններին՝ նկատելով, որ գնաճի ֆոնին աշխատավարձերի որոշակի բարձրացումը բնական երևույթ է. «Անկախացումից ի վեր՝ մեր երկրում նվազագույն աշխատավարձերը, միջին աշխատավարձերը տարեցտարի այս կամ այն չափով աճ են գրանցել:
Իսկ այստեղ համեմատության համար պետք է էական ու բնութագրական լինի, թե ինչ չափով է աճել միջին աշխատավարձը և ինչ չափով են աճել գները, հատկապես՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գները, որոնք ունեն սոցիալական շատ ավելի մեծ ազդեցություն: 2021թ., օրինակ, միջին գնաճն է եղել 7.2 տոկոս, դրանից ավելի ցածր աճել է միջին աշխատավարձը: Այսպիսի պարագայում ակնհայտ է, որ միջին աշխատավարձ ստացող քաղաքացին ավելի վատ է ապրել 2021թ., քան 2020 թ.-ին. սա չի ասվում, բայց սա է բնութագրական»:
Տնտեսագետը նշեց՝ ծախսերի մեծ մասն ուղղվում է առաջին անհրաժեշտության ապրանքներին, որոնց միջին գնաճը շուրջ երեք անգամ ավելի է միջին աշխատավարձից, նաև՝ չեն բարձրացել թոշակներն ու նպաստները, չի աճել նվազագույն աշխատավարձը:
Հարցադրմանը, թե գնաճն արտաքին ազդակներով պայմանավորելն օբյեկտիվ չէ՞, Թադևոս Ավետիսյանը նկատեց. «Արտաքին ազդակներով պայմանավորված գնաճայինի ֆոն կա, բայց չի ասվում, որ շարունակում է բարձր մենաշնորհացված մնալ մեր երկրում ներմուծումը: Սա փաստ է: Իսկ մրցակցության պակասը ևս գնաճ առաջացնող գործոն է: Եվ երրորդ կարևոր հանգամանքը՝ տնտեսական ներուժը մեր երկրում փոքրացել է: Ըստ էության, այո, այն տնտեսական անկման երևույթները, որ 2020թ. աննախադեպ էին՝ 1999 թվականից սկսած, դրանից հետո 2021թ. դեռևս չվերականգնված տնտեսություն. տնտեսական ներուժի նվազումը, այսինքն՝ առաջարկի գործոն, առաջարկի կրճատումը, ևս գնաճի բերող գործոն է: Այսինքն՝ այստեղ շատ ակնհայտ է, որ միայն Զամբիայի, Չիլիի ու Կամերունի իշխանությունները չեն մեղավոր ՀՀ գնաճի համար: Գնաճը մի մասով նաև օրվա իշխանությունների անգործության հետևանք է»:
Նա նաև արձանագրեց, որ 2020թ․ երկրում աճել է աղքատության մակարդակը՝ թեև նշվում էր, որ գրանցված աշխատողների թվի «աննախադեպ» աճ է եղել երկրում:
«Ի դեպ, աղքատության միջին մակարդակը 2020թ. դարձել է արդեն 27 տոկոս, իսկ չափավոր աղքատության մակարդակը մոտեցել է 50 տոկոսի: Օրվա իշխանավորը պիտի խոսի սրա մասին, որ մեր երկրում, նաև իրենց ապաշնորհության հետևանքով՝ ամեն երկրորդ քաղաքացին չափավոր աղքատ է, ամեն երկրորդ քաղաքացին ավելի քիչ հավաքական եկամուտներ ունի, քան նվազագույն սպառողական զամբյուղն է»,- ասաց Թադևոս Ավետիսյանը՝ կանխատեսելով, որ 2021թ. աննախադեպ գնաճի ֆոնին այդ ցուցանիշները շատ ավելի անկումային կլինեն:
Աշխատանքի խթանման մասին հայտարարություններին էլ տնտեսագետը հակադարձեց դիտարկմամբ, որ գործազուրկին աշխատող դարձնելու թիվ 1 պետական աջակցության գործիքը զբաղվածության պետական ծրագրերն են, որոնք տարիներ շարունակ էապես թերակատարվել են, 2022թ. պետական բյուջեով՝ կրճատվել:
Պատգամավորը գնաճի ֆոնին թվարկում է պետության անելիքները՝ հիշեցնելով, որ Սահմանադրության առաջին հոդվածով ՀՀ-ն սոցիալական պետություն է. «Ունի՞ պետությունն անելիք. իհարկե: Բայց այս ֆոնին, երբ էլեկտրաէներգիայի և ջրի սակագները բարձրացել են, բարձրանալու է գազի սակագինը, ընդհանուր գնաճային միտումներն առավել սաստկանում են, 2022 թ. պետբյուջեում հիմնական կենսաթոշակների չափը չի ավելացել, ու 580.000 կենսաթոշակառուներից ընդամենը 15 տոկոսի՝ նվազագույն կենսաթոշակ ստացողների թոշակն են բարձրացրել 5 տոկոսով՝ 2000 դրամով: Սա համարժե՞ք է այսօրվա իրավիճակին, իհա՛րկե ոչ: 2022թ. չեն բարձրացնում նվազագույն աշխատավարձ, 100.000–ին մոտ անապահով ընտանիքների սոցիալական նպաստի չափը. հարցնում ես՝ ինչո՞ւ, ո՞նց, ասում են՝ դե գիտեք, մեր մոտեցումը, որ տնտեսությունը զարգանա, մարդը աշխատանք ունենա՝ աշխատի-լավ ապրի: Եղբա՛յր, դուք չեք կարողանում տնտեսություն զարգացնել, դուք կարողանում եք քանդել տնտեսություն, տնտեսական հիմքեր»: