Ուկրաինական սրումը ՀԱՊԿ-ին չի հասնի, սակայն ՀԱՊԿ-ում մտածում են օպերատիվ արձագանքման ուժերի համալրման ու ընդլայնման մասին. փորձագետ
«ՀԱՊԿ համալրման ծրագրի համաձայն, ՀԱՊԿ անդամ երկրների ԶՈՒ-երը կստանան միատիպ, միևնույն մակարդակի ժամանակից սպառազինություն»,- այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջի ընթացքում ասաց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Եվրասիական տեղեկատվական-վերլուծական կոնսորցիումի համակարգող խորհրդի նախագահ Նիկոլայ Բորդյուժան:
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը պարզաբանեց, թե որն է այդ պլանի իմաստը. ՀԱՊԿ համալրման ծրագիրը նախապատրաստվել է, որպեսզի ՀԱՊԿ անդամ պետությունները սինքրոն կերպով ապահովվեն միատիպ սպառազինություններով միևնույն մակարդակի ժամանակակից սպառազինությամբ: Այդ սպառազինությունը, նրա խոսքով, տրվելու է երկու ճանապարհով. մեկը արտոնյալ գներով սպառազինության գնումն է:
«Իսկ Դուք գիտեք, որ ՀԱՊԿ շրջանակում գոյություն ունի համաձայնագիր արտոնյալ պայմաններով գործընկերներին սպառազինության վաճառքի մասին, այսինքն՝ Ռուսաստանը վաճառում է գերժամանակից զինտեխնիկա իր գործընկերներին ներքին գներով, ներռուսաստանյան գներով: Երկրորդ ուղղությունը՝ ՀԱՊԿ-ի կողմից որոշակի աջակցություն այս կամ այն երկրին, ինչպես Տաջիկստանի ԶՈՒ-ի ու սահմանապահ զորքերի դեպքում: Ուստի այդ պլանը սինքրոնացնում է ընդհանուր աշխատանքը»,- ասաց Բորդյուժան:
Նա պարզաբանեց, որ Հայաստանին սպառազինությամբ աջակցելու տեսանկյունից մի շարք ծրագրեր կան:
«Բոլորին հայտնի է, որ շատ համակարգեր, որոնք ՀՀ ԶՈւ-ն ունի, ստացվել են՝ որպես անհատույց օգնություն ՌԴ-ից կամ վարկերով»,- ասաց Բորդյուժան:
Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերին ՀԱՊԿ պետությունների ղեկավարները հաստատել էին օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը ժամանակակից սպառազինություններով և ռազմական տեխնիկայով հագեցնելու ծրագիրը։
Ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը մեզ հետ զրույցում պարզաբանեց, թե ինչի մասին է խոսքը:
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի ընկալումը գործընկեր երկրների ԶՈՒ-երին աջակցելու հարցի վերաբերյալ չի փոխվել, դա անընդհատ բնույթ է կրում, ըստ կարիքների:
«Եվ ՀԱՊԿ գործընկերներին, գաղտնիք չէ, որ տրվում է սպառազինություն ներքին գներով կամ վարկերով: Պարզապես հիմա շեշտն ավելի ժամանակակից զինտեխնիկայի վրա դնելու, գործընթացը արդիականացնելու հակվածություն կա: Կա ընդհանուր ծրագիր, մոտեցում, ու կան առանձին ծրագրեր երկրների համար, քանի որ, ի վերջո, յուրաքանչյուր երկիր իր կարիքներն է բանակցում, ինչպես Տաջիկստանը, որը ՀԱՊԿ–ից որոշակի ակնկալիքներ ունի, որոնց արձագանքելու կարիք կա: Հայաստանի հետ պատերազմից հետո որոշակի աշխատանքներ են ընթանում, որքան հասկանում եմ՝ վերանայելու, ավելի խորացնելու համագործակցությունն այդ ոլորտում: Հայաստանի կարիքները ևս շատ են, այդ մասին ես բազմիցս խոսել եմ, առավել ևս այս փուլում, երբ ՀՀ-ն դեռ չի լուծել իր բոլոր խնդիրներն այս ոլորտում»,- ասաց Եվսեևը:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ օպերատիվ ուժերի համալրմանը, ապա Եվսեևը նշեց, որ խոսքն օպերատիվ արձագանքման ուժերի մասին է, որոնք պարզապես պետք է համապատասխանեցվեն, որպեսզի պատրաստ լինեն միացյալ աշխատանքին նաև տեխնիկապես:
«Բնականաբար, սա տեխնիկապես կդյուրացնի ՀԱՊԿ աշխատանքը, կհեշտացնի արագ արձագանքումը, որի առաջին փորձին ականատես դարձանք այս տարեսկզբին Ղազախստանում: Ներկայումս ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի հետ մեծ հույսեր են կապվում, դրանում մեծ դերակատարություն ունեցավ նաև Ղազախստանի օրինակը, որը շատերը գուցե համարեն կարճ առաքելություն, սակայն այս պահի ու իրավիճակի համար դա բավարար էր: Հաշվի առնենք նաև, որ այս առաքելությունը տեղի ունեցավ ՀԱՊԿ գոտում մի շարք կոնֆլիկտներից հետո, խոսքը Տաջիկստանի ու Ղրղըզստանի, հայ-ադրբեջանական սահմանային բռնկումների մասին է: Բացի այդ, ՀԱՊԿ-ում նաև մտածում են ապագա սպառնալիքների ու ունեցած հնարավորությունների, դրանց ընդլայնման մասին»,- ասաց նա:
Հարցին, թե Ուկրաինայի շուրջ իրավիճակի ռազմական սրման դեպքում ի՞նչ դեր կարող է ստանձնել ՀԱՊԿ-ը, Եվսեևը պատասպանեց, թե Ուկրաինայում հասկանում են, որ Ռուսաստանի հետ չեն կարող պատերազմել, ուստի, որքան էլ սուր լինի իրավիճակը, բախման չի հասնի երկու կողմի կամքով:
Ըստ նրա, կարևորն այն է, որ ՌԴ-ն տիրապետում է իրավիճակին, և ՀԱՊԿ-ի արձագանքման մասին որևէ մեկը լրջորեն չի մտածում: Սակայն ՀԱՊԿ-ի զարգացմամբ, Եվսեևի խոսքով, ներկայումս զբաղվում են: