Արմեն Սարգսյանն իր հետ կտանի՞ Նիկոլ Փաշինյանին
«Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմումում մի քանի պատճառ է նշել, սակայն կարծում ենք, որ դրանք քիչ առնչություն ունեն իր հրաժարականի հետ»,- այս մասին գրում է Հետքը և մանրամասներ հրապարակում իր կատարած հետաքննությունից։
«Մեր կարծիքով, հրաժարականի պատճառը մեկն է՝ նա այլ երկրի քաղաքացի էր առնվազն մինչեւ նախագահ դառնալը:
Երբ Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության լուսաբանման նախագիծը (OCCRP) նախագահ Արմեն Սարգսյանին այլ երկրի քաղաքացի լինելու մասին հարցում ուղարկեց, նա ապացույցներ ուզեց: Նշենք, որ այդ երկիրը Միացյալ Թագավորությունը չէ, որի քաղաքացի էր Արմեն Սարգսյանը և որի մասին նրա ընտրվելուց առաջ հայտնի դարձավ։
Արմեն Սարգսյանը Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել։
Մենք տեղեկություն ունեինք, որ նախագահն ուներ Սենթ Քիթս և Նևիսի անձնագիր, ինչը հաստատվեց Սարգսյանի հետ նամակագրության ընթացքում։ Հետաքննության մանրամասներն այս փուլում չենք կարող ներկայացնել, քանի որ այն անդրսահմանային հետաքննություն է և դեռ ավարտված չէ:
Երեկ՝ հունվարի 23-ին, Հայաստանի նախագահը հրաժարականի մասին հայտարարություն տարածեց։ Ուշագրավ մի փաստ կա՝ այդ հայտարարությունից առաջ նա պատասխանել էր Սենթ Քիթս և Նևիսի իր քաղաքացիության մասին մեր մի շարք հարցերին: Այդ ժամանակ նա պաշտոնական այցով Արաբական Միացյալ էմիրություններում էր: Այնտեղից մեկնեց արձակուրդ առողջական խնդիրների պատճառով: Իսկ հրաժարական տվեց՝ այդպես էլ Հայաստան չվերադառնալով:
Երբ ապացույցներ տրամադրելու իր խնդրանքին ի պատասխան մենք փոխանցեցինք մեր ձեռքի տակ եղած նրա անձնագրային տվյալները, Արմեն Սարգսյանն իր վարկածն առաջ քաշեց:
Վարկածում նա նշում է, թե տարիներ առաջ ներդրումներ է արել այդ երկրում։ Նամակագրության մեջ նախագահը խոստովանել է, որ մասնաբաժին է ունեցել Սենթ Քիթս և Նևիսի հյուրանոցներից մեկում։ Ըստ պնդման՝ նա մասնաբաժինը փոխանցել է իր ընտանիքի անդամներից մեկին մինչև 2013 թ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան դառնալը։
Սենթ Քիթս և Նևիսում ներդրումների դիմաց քաղաքացիություն ստանալու ծրագիր կա, և Սարգսյանն ասում է, թե առանց իր իմացության է ինքն այդ ծրագրով քաղաքացի դարձել: Մեզ ուղղած իր պատասխանում նա նշել է. «…իմ շարժառիթը ներդրումներ անելն էր, իսկ անձնագիրն ինձ ընդհանրապես չէր հետաքրքրում»։
Ըստ Սարգսյանի պնդման՝ 2013-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան նշանակվելուց առաջ հանձնարարել է իր իրավաբանին Սենթ Քիթս և Նևիսի անձնագիրը վերադարձնել պետությանը։
Շարունակելով վարկածը՝ Սարգսյանը նշել է, թե 2017-ին, երբ իրեն առաջարկ էր արվել ՀՀ նախագահ դառնալ, պարզել էր, որ վերոնշյալ հանձնարարությունը չի կատարվել։ Պարզվել է նաև, որ այն անձը (ոչ իր իրավաբանը), որը պետք է զբաղվեր Սարգսյանի քաղաքացիության հարցերով, մահացել էր։ Դրանից հետո Սարգսյանը նամակ է գրել հանգուցյալի որդուն, որը նույն ընկերությունում է աշխատել, բացատրել է իրավիճակը և կրկնել է իր խնդրանքը։
Փաստն այն է, որ Արմեն Սարգսյանը Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիությունից հրաժարվելու պաշտոնական գործընթացը սկսել է 2018-ի մարտին՝ նախագահ ընտրվելուց ոչ շատ շուտ։
Այս պարագայում Սահմանադրությամբ նա չէր կարող նախագահ ընտրվել։ Նրա ստորագրած բոլոր հրամանագրերը, այդ թվում՝ օրենքները, պաշտոնյաների նշանակումները, ընտրությունները, նույնիսկ՝ վարչապետի նշանակումը, որոնց տակ առկա է Սարգսյանի ստորագրությունը, հակաօրինական են։
Սարգսյանը մեզ հայտնել է, թե համարում է, որ ինքը Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի չէ այն պահից, երբ ներդրումների դիմաց քաղաքացիությունը ստանալուց հետո խնդրել է սառեցնել այն։
Նախագահ Արմեն Սարգսյանը հավանաբար Հայաստան չի վերադառնա, քանի որ նա կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել փաստաթուղթ կեղծելու հիմքով»,- գրում է աղբյուրը:
Հիշեցնենք, որ դեռ 2018 թվականի ապրիլի 27-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ Արմեն Սարգսյանն իրեն ցույց է տվել փաստաթուղ այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին․
«Երեկ երեկոյան հանդիպում եմ ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները։
Հ.Գ. Պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն ժամանակվա մամուլի քարտուղար Արման Եղոյանն էլ մանրամասնել էր, որ Արմեն Սարգսյանը «Մարիոթ» հյուրանոցում կայացած հանդիպման ժամանակ ներկայացրել է անգլիական մասնավոր իրավաբանական ընկերության կողմից տրված մի տեղեկանք, որում հավաստվել է, որ Արմեն Սարգսյանը 2011 թվականի դեկտեմբերին հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից և որ նախադեպային իրավունքի ուժով նա այդ պահից համարվում է ՄԲ քաղաքացիությունը կորցրած:
Նշենք նաև, որ 2018թ․ մարտի 1–ին ԱԺ–ում Արմեն Սարգսյանի թեկնածության քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «…Ձեր թեկնածության լեգիտիմության հարցն ա քննարկվում, և Դուք մի պարզ գործողություն չեք անում. Բրիտանիայի իշխանություններից տեղեկանք չեք բերում, որ Արմեն Սարգսյանը էսինչ թվի էսինչ օրը դիմել ա Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու համար, դիմումը բավարարվել ա, ուստի էսինչ օրվանից նա չի հանդիսանում Մեծ Բրիտանիայի քաղաքացի: […] Եվ եթե էս պայմաններում չի արվում էդ գործողությունը, մենակ մի եզրակացություն կա, որ էդպիսի փաստաթուղթ ուղղակի գոյություն չունի»։
Եվ եթե իսկապես պարզվի, որ Արմեն Սարգսյանը այլ երկրի քաղաքացի է եղել, ինչի պարագայում Սահմանադրությամբ նա չէր կարող ոչ միայն նախագահ ընտրվել, այլև նրա ստորագրած բոլոր հրամանագրերը, այդ թվում՝ օրենքները, պաշտոնյաների նշանակումները, ընտրությունները, նույնիսկ՝ վարչապետի նշանակումը, որոնց տակ առկա է նրա ստորագրությունը, հակաօրինական են, ապա քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի ոչ միայն նա, այլև Նիկոլ Փաշինյանը, որը փաստորեն ի պաշտոնե տիրապետելով այդ տեղեկատվությանը՝ հանրությունից գաղտնի է պահել այն, և ինչու ոչ՝ գուցե նաև շանտաժի ենթարկելով Արմեն Սարգսյանին նրա ստորագրությունն է ստացել տարբեր, պետության համար ոչ շահեկան, սակայն իր համար խիստ շահեկան որոշումների, հրամանների, օրենքների տակ։
Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանը Արմեն Սարգսյանի՝ այլ երկրի քաղաքացի լինելու մասին տեղեկատվությանը տիրապետել է, կասկածից վեր է։