Բաժիններ՝

Մտավախություն կա, որ թուրքերն առաջիկա 1-3 տարիներին Հայաստանի շուկան կլցնեն էժան բանջարեղենով, մրգերով. Սարգիս Սեդրակյան

Մատակարար ընկերությունները Շիրակի մարզի ֆերմերներին զգուշացրել են, որ միջազգային շուկայում տեղի ունեցած թանկացումների պատճառով 6-7 հազար դրամ արժողության պարարտանյութը հողագործին այս տարի կվաճառվի եռակի թանկ։ Նախկին 7000 դրամի դիմաց գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերներին ազոտական պարարտանյութի 50 կգ-անոց մեկ պարկն առաջարկել են 20 հազար դրամով։ Մատակարար ընկերություններից հասած այս տեղեկությունը գյուղատնտեսների համար լուրջ խնդիրներ է առաջ բերելու։ Մեկ կամ երկու հեկտար հողի մշակությամբ զբաղվող հողագործից մինչև ավելի շատ հեկտարներ ունեցող տնտեսությունները նախորդ տարիների հետ համեմատելով՝ նշում են այն մեծ ծախսերը, որոնք ունենալու են թանկացման հետևանքով։

«Հայաստանում շուտով կսկսվեն գարնան գյուղատնտեսական աշխատանքները, և գյուղացիական տնտեսությունները կհայտնվեն կրախի առջև, քանի որ միջազգային շուկայում թանկացել են գյուղատնտեսական նյութատեխնիկական միջոցների (պարարտանյութի, դիզելային վառելիքի և այլն) վաճառքի գները»,- 168.am-ի հետ զրույցում նման մտահոգություն հայտնեց «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը՝ հավելելով, որ ամենամտահոգիչն այն է, որ դեռ անցած տարի 6-7 հազար դրամ արժողության 50 կգ-անոց ազոտական պարարտանյութի 1 պարկը վաճառվելու է 3 անգամ ավելի թանկ գնով՝ մոտավորապես 20000 դրամով:

«Ճիշտ է, նախկինում դժգոհում էինք կառավարության կողմից սուբսիդիայով Վրաստանից ներկրված ազոտական պարարտանյութի որակից, մասնավորապես, դժգոհում էինք, որ ներկրվող պարարտանյութի մեջ ազոտի պարունակությունը նախատեսվածից, պարկի վրա գրվածից, պակաս է, սակայն այսպիսի թանկ գին չէինք էլ պատկերացնի: 2018 թվականից սկսած՝ գյուղացիական տնտեսությունները չեն օգտվում պարարտանյութի ձեռքբերման պետական աջակցության ծրագրից։  Վերջերս պարարտանյութի թանկացման հարցով ԱԺ-ում պատգամավորի կողմից բարձրացված մտահոգությանը  էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պատասխանեց, որ իրենք տարբեր երկրների հետ աշխատանքներ են տանում, որպեսզի գյուղացիները կարողանան մատչելի գներով պարարտանյութ ձեռք բերել: Այս թանկացումների ֆոնին, ինչպես նաև կառավարության կողմից երկրի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ներկայիս սխալ ագրարային քաղաքականության շարունակվելու դեպքում, մտավախություն կա, որ հայ սպառող բնակչությանը ոգևորելու, իսկ հայ արտադրող գյուղացիներին հիասթափեցնելու նպատակով թուրքերն առաջիկա 1-3 տարիներին Հայաստանի շուկան կլցնեն էժան բանջարեղենով, մրգերով և այլ գյուղատնտեսական պարենամթերքներով:

Չի բացառվում, որ թուրքական կառավարությունը հատուկ քաղաքական նպատակներով  հայերի աչքին «լավ բարեկամ», «բարի կամեցող» և «տարածաշրջանում խաղաղություն ստեղծող լավ հարևան» երևալու համար սկզբնական շրջանում մի քանի միլիոն դոլար գումար ծախսի այս գործընթացը կազմակերպելու համար:

Այս հարցով թուրքերի հետ բարեկամություն քարոզում են նաև որոշ բիզնեսմեն ԱԺ պատգամավորներ, որոնք հավանաբար մենաշնորհային արտոնություն կստանան՝ առաջիկա 1-3 տարիներին էժան գներով Հայաստան ներկրելու թուրքական գյուղատնտեսական նյութատեխնիկական միջոցներ և պարենամթերք՝ դրանով հարստացնելով իրենց բիզնեսը։

Հաջորդ մտավախությունն այն է, որ կրկին այս թանկացումների ֆոնին, կառավարության կողմից երկրի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ներկայիս սխալ ագրարային քաղաքականության շարունակվելու և էժան գներով գյուղատնտեսական ապրանքներ ներկրելու դեպքում, բազմաթիվ գյուղացիների չեն դիմանա դրսից էժան ներկրվող գյուղմթերքների գնային քաղաքականությանը (քանի որ իրենց կողմից արտադրված նմանատիպ գյուղմթերքների ինքնարժեքը կկազմի ներկրվածի համեմատ, մի քանի անգամ ավելի բարձր և իրենց կողմից արտադրված գյուղմթերքը գնորդ չի ունենա, էժան գներով կվաճառեն իրենց պատկանող գյուղատնտեսական հողատարածքները և ընդմիշտ կհեռանան երկրից: Այդ ժամանակ, կհայտնվեն օտարերկրյա գնորդներ, որոնք կցանկանան էժան գներով ձեռք բերել Հայաստանի գյուղատնտեսական հողատարածքները և մտավախություն կա, որ այդպիսի հավանական գնորդներից կարող է հանդիսանալ Թուրքիան, որի համար դժվար չի լինի, քաղաքական նկատառումներում, 1,5 –ից 2 մլդ դոլար (մոտավորապես այդքան է կազմում մեր երկրի գյուղատնտեսական հողերի վաճառքի գինը) տրամադրել իր ներկայացուցիչ – գնորդներին և տիրանալ Հայաստանի գյուղատնտեսական հողատարածքներին, որպեսզի իսպառ ոչնչացնեն մեր երկրի գյուղատնտեսությունը: Այստեղ, ուզում եմ հիշեցնել նաև, որ վերջերս Հայաստանի տարբեր գյուղերում, հայտնվել են անհայտ ազգությամբ ինչ որ մարդիկ, ովքեր արդեն սկսել են գյուղացիներից տներ ու հողատարածքներ գնել:

Հաջորդ մտավախությունը այն է, որ թուրքական էժան գյուղմթերքը 1 -3 տարի Հայաստանը լցնելուց և դրան զուգահեռ, Հայաստանի գյուղատնտեսական հողատարածքներին տիրանալուց հետո, Թուրքիայի կառավարությունը կարող է որոշել չմշակել Հայաստանից գնված գյուղատնտեսական հողերը կամ դադարեցնել թուրքական էժան գյուղմթերքի ներկրումը Հայաստան կամ թուրքակականը գյուղմթերքը ներկրել Հայաստան մի քանի անգամ ավելի թանկ գներով, որի պատճառով, մեր ժողովուրդը կհայտնվի կոտրած տաշտակի առջև: Դրանով, թուրքական կառավարությունը էքսպանսիայի ենթարկելով, իսպառ ոչնչացրած կլինի մեր գյուղատնտեսական արտադրությունը:

Վերջին տարիներին, Թուրքիայի գյուղերում գոյություն ունի մեծ չափերի հասնող ուրբանիզացիա (գյուղերից արտահոսք դեպի մեծ քաղաքներ) և բազմաթիվ թուրք գյուղացիներ գերադասում են ապրել և աշխատել մեծ քաղաքների մանուֆակտուրաներում և այլուր, քան մնալ իրենց գյուղերում և զբաղվել գյուղատնտեսությամբ, չնայած թուրքական կառավարությունը թուրք գյուղացիների համար ստեղծում է բազմաթիվ բարենպաստ պայմաններ (կես գնով գյուղտեխնիկա, սերմերի, դեղամիջոցների, պարարտանյութերի, վառելիքի գնման մեծ սուբսիդիաների հատկացումներ), որպեսզի թուրք գյուղացին չլքի իր գյուղը: Այստեղ, ուզում եմ հիշեցնել, երբ մի քանի տարի առաջ խոսակցություն էր գնում, որ թուրքերը պատրաստվում են բացել Մարգարայի մաքսատունը, մոտակա գյուղերի բնակչության մոտ որոշակի ոգևորություն էր առաջացել այն առումով, որ հայ գյուղացիները, ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելու փոխարեն, որպես էժան աշխատուժ, կմեկնեն Թուրքիա, կաշխատեն գյուղատնտեսության ոլորտում, դրանով՝ վաստակելով ավելի շատ ֆինանսական միջոցներ:

Նշեմ նաև, որ Թուրքիայի օրենսդրությամբ, եթե օտարերկրացին որևէ սեփականություն է ձեռք բերում Թուրքիայում, ապա այդ փաթեթի առնվազն 50 +1 տոկոսը գտնվում է թուրքական կառավարության ձեռքում:

Աշխարհում համարյա բոլոր նորմալ երկրների կառավարությունները մտածում են իրենց երկրների գյուղատնտեսության և գյուղացիների մասին, քանի որ երկրի կարևորագույն հարցերից մեկը բնակչությանը բավարար քանակով պարենամթերքով ապահովելն է: Նշեմ, որ ես նախկինում, բազմիցս ահազանգել եմ, որ կորոնավիրուսի և պատերազմի պայմաններում, հնարավոր է հարևան երկրները փակեն իրենց սահմանները: Սակայն, մեր իշխանությունները փոխարենը փակում են գյուղատնտեսության նախարարությունը, կրճատում աշխատողների թիվը, ոլորտի փորձառու և խելացի մասնագետներին ազատում և նրանց փոխարեն, աշխատանքի են ընդունում ոչ փորձառու և երբեմն, ոլորտից անտեղյակ երիտասարդների, չեն մտածում երկրի պարենային ապահովվածության մասին: Հայտնի չէ նաև, թե էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ոլորտին ներկայիս հատկացված գումարները ինչպե՞ս են ծախսվում: Այս առումով, հիշեցնեմ, որ վերջերս Հաշվեքննիչ պալատը բազմաթիվ ֆինանսական չարաշահումներ էր բացահայտել Էկոնոմիկայի նախարարությունում, մասնավորապես՝ պարգևավճարների մասով:
Արդյո՞ք, սա էր խոստացված հեղափոխությունը գյուղատնտեսության ոլորտում»,- նշեց Սարգիս Սեդրակյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս