Եվս մեկ տարի կորցրեցինք

Անցած տարի Հայաստանի տնտեսությունը չկարողացավ լիարժեք վերականգնվել ճգնաժամից, չնայած կար ժամանակ, որ որոշ պաշտոնյաներ երկնիշ տնտեսական աճերից էին խոսում։ Լավագույն դեպքում միայն այս տարվա կեսերին կկարողանանք հասնել արտադրության այն ծավալներին, որն ունեինք 2019թ.։

Երկու տարի ուղղակի կորցրեցինք։ Այդ ընթացքում մեր տնտեսությունը բացարձակ առաջընթաց չի ունեցել։ Ճիշտ է, անցած տարի որոշ աճ ունեցանք, բայց դա բավարար չէր կորուստներն ամբողջությամբ վերականգնելու համար։ Դեռ չհաշված աճի այն որակը, որն ունի մեր տնտեսությունը։ Այն հիմնականում նստած է առևտրի և ծառայությունների վրա։

Անցած տարի Հայաստանի տնտեսությունը կարողացավ հազիվ 5 տոկոսին մոտ աճ արձանագրել։ Լա՞վ է, թե՞ վատ, պետք է նայել համեմատության մեջ. 2020թ. ունեինք 7,4 տոկոս անկում, անցած տարվա տնտեսական գործունեության արդյունքը 5 տոկոսի սահմաններում է։ Այնինչ, նախորդ տարվա կորցրածը հետ բերելու համար առնվազն 8 տոկոսին մոտ աճ պիտի ունենայինք։

Մինչ ևս մեկ տարի կամ տարվա առնվազն կեսը կպահանջվի, որպեսզի մեր տնտեսությունը հետ գա 2019թ. մակարդակին, բազմաթիվ տնտեսություններ արդեն վաղուց առաջընթաց զարգացումների փուլում են։ Շատ ենք սիրում համեմատվել Վրաստանի հետ։ Վրաստանը, որի տնտեսության վրա ազդող գործոններն անհամեմատ ավելի մեծ էին ճգնաժամի ժամանակ՝ կապված հատկապես զբոսաշրջության հետ, ավելի քիչ կորուստներ կրեց, քան մեր տնտեսությունը, որն իբր գտնվում էր հեղափոխական զարգացումների մեջ։ Վրաստանում ճգնաժամի տարում անկումը կազմեց 6,8 տոկոս, Հայաստանում՝ 7,4 տոկոս, ինչը վատագույն ցուցանիշն էր տարածաշրջանում։ ԵԱՏՄ-ում երկրորդ ամենավատ արդյունքն էր։ Ու այդքանից հետո մեր տնտեսության վերականգնման տեմպն ավելի դանդաղ է տեղի ունենում, քան մյուս երկրներինը։

Անցած տարի Վրաստանի տնտեսությունը ոչ միայն ամբողջությամբ դուրս եկավ 2019թ. մակարդակին, այլև մի բան էլ զարգացում ապահովեց։

Նախնական տվյալներով, Վրաստանում անցած տարվա տնտեսական աճը կլինի երկնիշ կամ դրան մոտ։ Այնինչ՝ Հայաստանում սպասվող աճը երկնիշից կրկնակի ցածր է։

Այդքան որ խոսում էին երկնիշ աճի մասին, պարզվեց՝ ընդամենը տնտեսությանը կեղծ լավատեսություն հաղորդելու նպատակով է արվել։ Դա էլ դեռ հարց է, այդպիսի լավատեսությունն ավելի շատ վնասե՞լ է, թե՞ օգնել տնտեսության զարգացումներին։

«Տնտեսական աճ կարելի էր ստեղծել միայն լավատեսության շնորհիվ, անհնար էր մարդկանց, գործարարներին ուղղել դեպի ստեղծագործ հուն, եթե ամեն ինչ շատ վատ է, ամեն ինչ շատ սև է։ Այդ առումով շոկային օպտիմիզմ հաղորդելն էականորեն կարող էր լավացնել տնտեսական վերելքի հնարավորությունը»,- ասում է էկոնոմիկայի նախարարը։

Թե ի՞նչ է տվել տնտեսությանն այդ շոկային օպտիմիզմը՝ վկայում են այն ցուցանիշները, որոնք գրանցվեցին մեր տնտեսության մեջ։ Նախարարի ասած, շոկային թերապիան չարդարացրեց հույսերը, տնտեսությունը երկնիշ աճ չգրանցեց՝ անգամ նախորդ տարվա խորը անկումից հետո։

Սա մեր տնտեսության որակի գնահատականն է։ Տնտեսության որակը բարձրացնելու փոխարեն՝ վերջին տարիներին առաջնորդվել են հենց այն սկզբունքով, ինչի մասին խոսում է էկոնոմիկայի նախարարը. փորձել են տնտեսությանը «շոկային օպտիմիզմ» հաղորդել՝ կարծելով, թե դա բավարար է տնտեսություն զարգացնելու համար։

Հիշենք իշխանափոխությունից հետո Հայաստանում սկսված տնտեսական հեղափոխության, թռիչքային աճերի, ներդրումային ու այլ բումերի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Դրանք ամբողջությամբ տեղավորվում են այն «շոկային օպտիմիզմի» շրջանակներում, որի մասին խոսում է էկոնոմիկայի նախարարը։

Ցավոք, ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ իշխանությունների կիրառած շոկային թերապիան չփրկեց Հայաստանի տնտեսությանը։ Բնականաբար, չէր էլ կարող փրկել, որովհետև դրա համար հիմքեր են պետք։ Իսկ այդ հիմքերը միայն հայտարարություններով ու կեղծ լավատեսությամբ չեն ստեղծվում, ինչպես կարծում են իշխանության բարձր օղակներում պատահաբար հայտնված պաշտոնյաները։

Չնայած նախորդ շրջանի ձախողումներին, հիմա էլ նույնն են անում. այս տարվա համար դրել են աճի այնպիսի սցենար, որի հիմքում կրկին կեղծ լավատեսությունն է։

Բոլոր կանխատեսումներով, այդ թվում՝ թե՛ ներսի, և թե՛դրսի ֆինանսական կառույցների կողմից ներկայացվող, մեր տնտեսությունը 7-9 տոկոս աճի պոտենցիալ չունի։ Բայց դա չի խանգարում, որպեսզի կառավարությունը շարունակի գնալ իր ընտրած «շոկային օպտիմիզմի» ճանապարհով։ Այլ բան, որ մինչև հիմա դրանից տնտեսությունը չի փայլել իր զարգացումներով։ Պատահական չէ, որ չնայած Նիկոլ Փաշինյանի հայտարարած տնտեսական հեղափոխությանը, մեր տնտեսությունը չի կարողանում ճգնաժամին հաջորդող շրջանում նույնիսկ ոչ հեղափոխական տեմպերով ուղղել մեջքը։

Այս իրավիճակի պատճառները պետք է փնտրել առաջին հերթին իրականացված կամ չիրականացված տնտեսական քաղաքականության մեջ։

Այդպես էլ պարզ չէ, թե ի՞նչ տնտեսական քաղաքականություն է իրականացվում Հայաստանում, ո՞ր ճանապարհով և ո՞ւր ենք գնում։ Մեր տնտեսության զարգացումները մինչև հիմա եղել են միայն հայտարարությունների մակարդակում՝ կտրված իրականությունից։ Դրա ուղղակի արտահայտությունն է նաև տնտեսության այսօրվա վիճակը։ Ոչնչով չեն արդարանում մշակող արդյունաբերության հաշվին տնտեսության կառուցվածքը փոխելու հույսերը։ Տնտեսության առանցքային ճյուղը, որը վերջին տարիներին թույլ է տվել իրական հատվածն ինչ-որ չափով պահել ջրի վրա, եղել է ընդերքը։ Բայց դա էլ այլևս բավարար չէ։ Հատկապես որ, վերջին շրջանում այստեղ սկսված վերաբաժանումները, քաղաքական ու տնտեսական ճնշումներն իրենց ուղղակի և անուղղակի ազդեցությունն են թողնում նաև ընդհանուր տնտեսության վրա։

Վերջին տարիներին մեր տնտեսության աճի հիմնական բաղադրիչներից մեկն էլ եղել է առևտուրն ու ծառայությունները։ Ծառայությունների մեջ էլ՝ խաղային բիզնեսը։ Սակայն դրանք այն ոլորտները չեն, որոնց հետ կարելի է մեծ հույսեր կապել։ Դրանցում ստեղծվող ՀՆԱ-ն շատ ցածր է։

Մեր տնտեսության արտահանելի հատվածի զարգացումները շատ թույլ են։ Իսկ առանց դրա անհնարին է հասնել լուրջ արդյունքների։ Հիշո՞ւմ եք, մի պահ Նիկոլ Փաշինյանը խոսում էր համավարակի հետևանքով համաշխարհային ապրանքային շուկաներում առաջացած բացերը հայկական ապրանքներով լցնելու մասին։ Խոսքը 30 մլրդ դոլարանոց արտահանման մասին էր, երբ մեր ՀՆԱ-ն ընդամենը 12-13 մլրդ դոլար է։

Հասկանալի պատճառներով, այս մասին այլևս ոչ մեկը չի խոսում։ Բայց սա օրինակ է ցույց տալու, թե ինչ մակարդակում են մեր իշխանությունների պատկերացումները տնտեսական քաղաքականության վերաբերյալ։ Դա էլ պատճառներից մեկն է, որ մեր տնտեսությունը և, ոչ միայն տնտեսությունը, բերել-հասցրել են այս վիճակին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս