«Ադրբեջանի խնդիրը ոչ թե անհեթեթ «խաղաղության դարաշրջան» բացելն է, այլ այն, որ ՀՀ քաղաքական միավոր գոյություն չունենա»․ Վարուժան Գեղամյան
Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ պաշտոնական Երևանը առաջարկությունների փաթեթ է փոխանցել Ադրբեջանին Ռուսաստանի միջոցով։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այդ փաթեթի բովանդակությանը՝ ասաց, որ այն վերաբերում է հայելային կարգով զորքերի հետքաշմանը և սահմանի երկայնքով սահմանապահ զորքերի տեղակայմանը՝ հաշվի առնելով ԽՍՀՄ տարիների գոյություն ունեցող քարտեզները․
«Նաև այնպիսի քայլերի կատարում, որոնք պայմաններ կստեղծեն, որպեսզի կարողանանք դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին անցնել»։
Հարցին՝ Բաքվից արձագանք կա՞, ԱԽ քարտուղարը պատասխանեց․
«Արձագանք, որպես այդպիսին, գրավոր դեռ չենք ստացել, մենք այդ առաջարկները գրավոր ենք ներկայացրել և ակնկալում ենք գրավոր արձագանք»։
Ի դեպ՝ Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն այսօր անդրադարձել էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և նշել․
«Ադրբեջանի նախագահն անդրադարձել է հարցերին, որոնք կարող են հիմք դառնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով բանակցությունների մեկնարկի համար․ Հայաստանից սպասում ենք համապատասխան արձագանքների։ Երևանը պետք է ճիշտ գնահատի աշխարհաքաղաքական նոր իրողությունները, որոնք ձևավորվել են տարածաշրջանում, ու դրանից հետևություններ անի»։
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը 168.am-ի հետ զրույցում Հայաստանի ներկայիս իշխանությունների ներկայացրածը հերթական հիմարություն որակեց․
«Դա ո՛չ քաղաքական բովանդակություն ունի, ո՛չ, առավել ևս, որևէ կերպ սպասարկում է Հայաստանի կամ հայության շահերը, ո՛չ էլ բխում է Հայաստանի անվտանգության հայեցակարգից։ Դրանում համոզվելու համար նույնիսկ պետք չէ մասնագետ լինել, կարելի է նայել, թե ինչ է նշանակում զորքերի հայելային հետքաշում, դա ինքնին անհեթեթ բան է, որովհետև ՀՀ բազմաթիվ բնակավայրեր, էլ չեմ ասում, որ խոսք է գնում Հայաստանի Հանրապետության տարածքից զորքերի հետքաշման մասին, հայտնվում են անտերության մեջ, և դրա մասին արդեն իսկ բարձրաձայնել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը իր հերթական արտահերթ զեկույցում՝ նվիրված անվտանգության գոտու և նման կատեգորիաների ստեղծման հավանականությանը և դրանից բխող մարտահրավերներին, այնպես որ, այստեղ արդեն և՛ մասնագիտական պետական ինստիտուտն է արտահայտվել այդ առումով, և՛ մասնագիտական շրջանակներն են իրենց կարծիքն այդ թեմայի վերաբերյալ հայտնել։ Այսինքն՝ սա հիմարություն է, անհեթեթություն է, բնականաբար, եթե նույնիսկ դա հիմարություն չլիներ, որևէ նախագիծ, որ հայկական կողմը կարող է ներկայացնել, նույնիսկ, եթե այդպիսի դրական նախագիծ լինի, ներկայիս դե ֆակտո իշխանությունները ինչ-որ հրաշքով ներկայացնեն, ապա այն միանշանակ չի ընդունվելու Ադրբեջանի կողմից, որովհետև, Ադրբեջանի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ խաղաղ հարաբերություններ հաստատելն է և տարածաշրջանում, այսպես կոչված, անհեթեթ «խաղաղության դարաշրջան» բացելը, այլ ողջ գործողությունների իմաստը պարզ հանգում է հետևյալին՝ Հայաստանի Հանրապետություն քաղաքական միավոր պետք է գոյություն չունենա, այդքան բան։
Մնացած բոլոր պատկերացումները, ելևէջները, խորհուրդները, ուղերձները՝ թե ադրբեջանական, թե թուրքական կողմերից, կրում են բացառապես այդ իմաստը, եթե հնարավոր է սպառնալիքի լեզու կիրառել, սպառնալիքի լեզու են կիրառում, եթե հնարավոր չէ սպառնալիքի լեզու, այսինքն՝ դա ավելի վնասակար է, ապա կիրառում են քողարկված սպառնալիքի լեզու, ինչպիսին են, օրինակ՝ Հայաստանը պետք է դասեր քաղի, հայերը պետք է հասկանան, որ սա եզակի հնարավորություն է և այլն, սրանք ոչ այլ ինչ են, քան թաքնված սպառնալիքներ են՝ թե՛ հայությանը, թե՛ Հայաստանի Հանրապետությանը և նրա ինքնիշխանությանը։ Ավելին ակնկալել, տեսնել՝ մանկամտություն է, և եթե գիտակցված է, ապա ըստ էության դավաճանություն է Հայաստանի և հայության շահերին»։
Դիտարկմանը, որ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ ամբիոնից անդրադառնալով Ալիևի հոխորտանքներին՝ հայտարարել էր, որ ոչ միշտ են հրապարակային հայտարարություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն համընկնում փակ սենյակներում քննարկված մոտեցումների հետ, թուրքագետն ասաց, որ որևէ հիմք չկա հավատալու այդ պնդմանը, քանի որ իշխանությունը հարյուրավոր առիթներ է տվել, որպեսզի վստահ լինենք, որ իրենք շատ դեպքերում սուտ են խոսում․
«Ինչ վերաբերում է, թե արդյո՞ք փակ հանդիպումներում Ալիևն այդպես է խոսում, թե՞ ոչ, մենք տեսնում ենք, որ ըստ էության Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանությունները կատարում են Ալիևի կամ Թուրքիայի ներկայացրած նախապայմանը, ինչը խոսում է նրա մասին, որ այո՝ փակ հանդիպումների ժամանակ ևս Ալիևը ներկայացնում է, թե հոխորտալով է ներկայացնում, թե ուղղակի հանդարտ ձևով է ներկայացնում՝ արդեն էական չէ, ներկայացնում է նույն պատճառները։ Վերջապես, եթե այդպես է, ի՞նչն է խանգարում Հայաստանի դե ֆակտո իշխանության ներկայացուցչին նույն ձև խիզախորեն ներկայացնել Հայաստանի շահերը, ասել, որ Արցախը պե՛տք է լինի հայկական, վերարտադրել այն արտահայտությունը, որ արել է ՀՀ դե ֆակտո վարչապետը 2019 թվականի օգոստոսին Ստեփանակերտում, ասելով, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», ի՞նչն է խանգարում դա անել»,- հարցով եզրափակեց իշխանությունների գործելաոճին տրված գնահատականը Վարուժան Գեղամյանը: