«Չնայած Ադրբեջանի դիրքորոշմանը՝ աշխարհի դիրքորոշումն այլ է, և կա ԼՂ խնդիր». Արարատ Միրզոյան
Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը նախ մեջբերեց Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե՝ «համանախագահները չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է, մենք ենք լուծել այս խնդիրը նրանց փոխարեն», ապա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց, թե ինչպե՞ս է մեր արտաքին գերատեսչությունը պատրաստվում արձագանքել Ալիևի՝ դեռ նախորդ շաբաթ արած այս հայտարարությանը։
Միրզոյանն ընդգծեց, որ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը հանդես է գալիս, մեղմ ասած, ոչ կառուցողական հայտարարություններով և դիրքորոշմամբ, ինչը, իհարկե, խանգարում է եղած խնդիրներն ավելի կառուցողական մթնոլորտում քննարկելուն և, ըստ այդմ, բոլորի համար ընդունելի լուծումների ամրագրելուն․
«Այդուհանդերձ պիտի ասեմ, որ ոչ միշտ են հրապարակային հայտարարություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն համընկնում փակ սենյակներում քննարկված մոտեցումների հետ։ Պիտի ասեմ նաև, որ մի բան է՝ Ադրբեջանի դիրքորոշումը, մի բան է՝ իրականությունը, մի բան է՝ միջազգային հանրության դիրքորոշումը, իսկ իրականությունն այն է, որ չնայած Ադրբեջանի 1 տարի կամ մի քիչ ավելի շարունակ մատուցվող դիրքորոշմանը, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցը լուծված է, և ոչ հիմնախնդիր, ոչ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, չնայած այս փորձերին, մենք այս 1 տարվա ընթացքում տեսել ենք, որ աշխարհը բոլորովին դրա հետ համաձայն չի, և իրականությունն էլ այդպիսին չի։ Հերթական ապացույցը կարող եք գտնել անցած դեկտեմբերին Ստոկհոլմում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական ամենամյա համաժողովում բազմաթիվ երկրների կողմից հնչեցված դիրքորոշումներում, որ կա՛ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, և այն պետք է լուծում ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով․․․»։
Իշխանական պատգամավորը Միրզոյանին հարց ուղղեց, թե առաջիկայում նախատեսվա՞ծ է հանդիպում Ադրբեջանի արտգործնախարարի հետ․
«Այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով հանդիպում դեռևս կոնկրետ ամսաթվով, վայրով նախատեսված չի, այս պահին կա նախատեսված Մինսկի խմբի համանախագահների այց տարածաշրջան։ Վաղուց արդեն քննարկվում է այս հարցը, բայց անընդհատ հետաձգվում է։ Օրակարգում հիմա դա է, պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում