«Չեմ կարծում, թե հայ ազգի ավարտը երբևիցե որևէ մեկը կտեսնի». Արգիշտի Կիվիրյան
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի կարծիքով՝ հայ-թուրքական բանակցությունները տեղի են ունենում երկու պլատֆորմով:
«Մեկը Թուրքիայի կողմից առաջադրված և Ռուսաստանի կողմից պաշտպանվող 3+2 պլատֆորմի շրջանակներում է, մյուսը՝ դրան զուգահեռ՝ սկսվեց հայ-թուրքական հատուկ ներկայացուցիչների նշանակումը և բանակցությունների վարումը, որի նախաձեռնությունը պատկանում է ԱՄՆ-ին: Այլ հարց է, որ Հայաստանը, գտնվելով Ռուսաստանի ազդեցության տակ, առաջին հանդիպումն առաջարկել էր անցկացնել Մոսկվայում, ինչն ամերիկացիների համար անթույլատրելի է: Դրանից հետո թուրքական կողմի ներկայացուցիչների շուրթերով հնչեց այն տեսակետը, որ լավ կլինի՝ առանց միջնորդների հանդիպեն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Թե ինչի բերեն այդ գործընթացները, ցույց կտա ժամանակը: Վերջիվերջո, պետք է հասկանանք, որ Թուրքիայի համար այս սահմանի բացումը չունի գլոբալ որևէ նշանակություն: Իհարկե, իրենք 30 տարվա ընթացքում հայտարարել են այդ մասին, Հայաստանի բոլոր ղեկավարների օրոք տեղի են ունեցել բանակցություններ և պրոցեսներ, որոնք չեն հանգեցրել արդյունքի, այսօր այդ պրոցեսների շարունակությունն է, բայց քանի որ Թուրքիայի համար սա գլոբալ նշանակություն չունի, սրանք ձեռքի հետ բանակցություններ են»,- ընդգծեց նա:
Նրա խոսքով՝ Արցախը ներկայումս հանձնված է Մոսկվային. «Մոսկվային պետք է Արցախի այնպիսի կարգավիճակ, որ տարածաշրջանում պահպանի իր ազդեցությունը: 200 տարի, հենց որ Մոսկվան եկել է այս տարածաշրջան, ընդ որում՝ եկել է այն ժամանակվա Արցախի մելիքների հրավերով, այդ մեխանիզմը չի փոխվում, նույն մեխանիզմը շարունակվում է. Մոսկվային պետք է պահպանել իր ազդեցությունը: 200 տարի այս պրոցեսները չեն փոխվել, միշտ էլ շարունակվելու են: 2018թ. Հայաստանում իշխանության եկավ մի թիմ, որն ընդհանրապես աշխարհաքաղաքականությունից չի հասկանում, և բոլոր նրանց քայլերը պայթյուններ են ականապատ դաշտում, և ստացանք այս արդյունքը»:
Արգիշտի Կիվիրյանը նկատեց՝ ով էլ լինի Հայաստանի ղեկավարը, պետք է փորձի հարևանների հետ ստեղծել ինչ-որ հարաբերություններ, անգամ այն երկրի հետ, որի հետ պատերազմում ես. «Ես այս իշխանությունների որևէ ձևաչափ չեմ ցանկանում քննարկել, որովհետև նրանք քաղաքական առումով տհաս են. ես խոսում եմ գլոբալ պրոցեսների մասին: Այս իշխանությունները կարող են այդ պրոցեսների մի մասնիկն անել, բայց անգամ այդ մի մասնիկը տապալել վերջում: Խնդիրը ոչ թե բանակցությունների մեջ մտնելն է, այլ ինչ-որ արդյունք ապահովելը, այսինքն՝ փորձել թուլացնել լարվածությունը, փորձել ամեն գնով պաշտպանել հայկական շահերը»:
Անդրադառնալով իշխանական թիմի գործելաոճին և հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումից ոգևորված պաշտոնյաների հայտարարություններին՝ նա հետևյալը նշեց. «Եթե լուրջ մասնագետները թվերով ապացուցեն, որ մենք այս կամ այն հարևանի հետ մտնելով այս գործընթացների մեջ՝ ոչ թե իջեցնում ենք անվտանգության մակարդակը, այլ՝ բարձրացնում, ոչ թե Հայաստանը գցում ենք տնտեսական կախվածության մեջ և հայ ազգին ինչ-որ պետության ճորտ ենք սարքում, այլ՝ ընդհակառակը, ապա անգամ մեր հակառակորդների հետ հարաբերությունները կբերեն նրան, որ հայ մարդն ավելի լավ իրեն կզգա, դա այլ հարց է: Բայց հենց մենք նայում ենք իշխանության ներկայացուցիչների գործելաոճին և դրանից ոգևորվող մարդկանց, հասկանում ենք, որ նպատակն իմ ասածը չէ: Այս մարդիկ այսօր լուծում են հարցեր և փորձում են ավելի հարստանալ՝ ազգային հարցերը հանելով աճուրդի»:
Արգիշտի Կիվիրյանը հավելեց. «Հայ ազգն անգամ Ցեղասպանությունից հետո կարողացել է վերապրել. ես չեմ կարծում, թե հայ ազգի ավարտը երբևիցե որևէ մեկը կտեսնի»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում