Մտասևեռո՞ւմ, թե՞ քաղաքական պատվեր. Ինչու է աղմկում Հայկ Դեմոյանը
Օրերս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը 168.am-ի եթերում հերթական անգամ տարօրինակ, տրամաբանությունից դուրս կամ հիվանդ տրամաբանության շրջանակներում անդրադարձավ ինձ՝ որպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամի և դավադրապաշտական ու մտասևեռման ակնհայտ տարրեր պարունակող «վերլուծություն» ներկայացրեց: Դեմոյանը վաղուց է դուրս եկել նորմալ տրամաբանության սահմաններից և տարբեր մարդկանց լրջագույն մեղադրանքներ է ներկայացրել, հրավիրել բանավեճի, զրպարտագրեր գրել, հարցազրույցներ տվել, որոնք վաղուց արդեն որևէ բանական մարդու չեն հետաքրքրում: Եվ պատահական չէ, որ շատերը նրան չեն էլ արձագանքում: Ինձ էլ հիմա գործընկերներիցս շատերը խորհուրդ են տալիս չարձագանքել մտասևեռմամբ տառապող մարդու անհիմն մեղադրանքներին, սակայն քանի որ Դեմոյանի հարձակումներն իմ անձի վրա արդեն կրում են սիստեմատիկ բնույթ և շատ նման են պատվեր կատարելուն, ուստի շատ կարճ կարձագանքեմ: Բացի այդ, ես հումանիստ մարդ եմ և անտարբերության մատնված Դեմոյանին սրանով առիթ կտամ արտահայտվելու, իրեն կարևորված զգալու, սակայն վստահ չեմ, թե արդյոք իմ քայլը կօգնի մտասևեռման հաղթահարմանը:
Դեմոյանն իր հարցազրույցում առաջարկում է «մենք երեք թուրքագետներս, ցեղասպանագետներս» այսինքն՝ Հայկ Դեմոյանը, Ռուբեն Սաֆրաստյանը և ես՝ Ռուբեն Մելքոնյանս բանավիճենք իր առաջ քաշած օրակարգի շուրջ: Նախ, ես ցեղասպանագետ չեմ, ես թուրքագետ եմ, սակայն ցավն այն է, որ Հայկ Դեմոյանն էլ թուրքագետ չէ, պատմաբան է: Չգիտեմ, թե ինչու է նրա մոտ մասնագիտական ինքնության երկվություն կամ ճգնաժամ, կամ, միգուցե, «ինքնակոչ թուրքագետի սինդրոմ», բայց ես Հայկ Դեմոյան անունով թուրքագետ, ինչպես նաև Հայկ Դեմոյան անունով տիեզերագնաց չեմ ճանաչում:
Հիմա անդրադառնամ Դեմոյանի հիմնական մեղադրանքին իմ և այլոց հասցեին. նա մեղադրում է ինձ, որ ես լինելով Հայոց ցեղասպանության թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ՝ 2018 թ. կողմ եմ քվեարկել այդ կառույցի տնօրենի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրած Հարություն Մարությանին և հանդգնել եմ չընտրել իրեն՝ Հայկ Դեմոյանին: Դրանով, ըստ հիվանդագին երևակայության և մտքի շիզոֆրենիկ վայրիվերումների, ես, իբրև թե, մաս եմ կազմել համաշխարհային դավադրության, գրանտային կազմակերպությունների մասնակցությամբ հակահայաստանյան արշավի և այլն և այլն: Նախ և առաջ՝ քվեարկությունը եղել է փակ ու գաղտնի և հարց է ծագում, թե գիտությունների դոկտոր Դեմոյանը ինչպես է բացատրում, թե որտեղից նրան ստույգ տեղեկություն հոգաբարձուների խորհրդի անդամներից յուրաքանչյուրի քվեարկության մասին: Դա իմանալու ռացիոնալ մեթոդների բացակայության պայմաններում մնում է ենթադրել, թե միգուցե նա ունի գերբնական հատկություններ և կարողանում է անտեսանելիորեն հայտնվել քվեախցում և տեսնել մարդկանց քվեարկությունը: Մյուս կողմից, քվեարկության մեթոդների պայծառատեսը չի ընկալում, որ տալով կոնկրետ անուններ և նրանց մեղադրելով Մարությանին ընտրելու մեջ անուղղակի վատ վիճակի մեջ է գցում հոգաբարձուների խորհրդի այլ անդամներին, որոնց անունները չի տալիս….
Հարցի մեխը այն է, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ներկայիս տնօրեն Հարություն Մարությանը ըստ Դեմոյանի, կապված է Թուրքիայում գործող «Հրանտ Դինք» հիմնադրամի հետ, որն էլ իր հերթին կապ ունի թուրքական հատուկ ծառայությունների հետ և նրա տնօրեն դառնալը որոշակի սխեմայի գործադրման արդյունք է: Ուրեմն նախ և առաջ, եթե որևէ մեկին մեղադրում ես գործակալ, օտար հատուկ ծառայությունների աշխատակից լինելու և այլ մեղքերի մեջ, ապա դու պետք է այդ ամենը հիմնավորելով փոխանցես համապատասխան կառույցներին, որպեսզի բացահայտեն նրանց, քանի որ դու հակահետախույզ, քննիչ, դատախազ չես, դու պատմաբան ես, գիտնական ես, որոնց հարիր չի «փողոցային քաղաքագետի» մակարդակի հայտարարություններ: Հեռու մնալով նմանատիպ որակումներից՝ այնուամենայնիվ, ուզում եմ հստակ փաստել, որ «Հրանտ Դինք» հիմնադրամի գործունեության մի որոշակի մաս ես, որպես թուրքագետ, համարում եմ ոչ հայանպաստ և ոչ հայաստանանպաստ ու Հայաստանի Հանրապետությունում առաջին անձը, ով հրապարակային խոսել է այդ հիմնադրամի ոչ հայանպաստ գործունեության մասին եղել եմ ես դեռևս 2014 թվականին: Երիտթուրք պարագլուխ Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին, որին մասնակցում էր ոճրագործի թոռը, ես բարձրաձայնել եմ այդ հիմնադրամի գործունեության մասին:
Դրանից հետո սկսվեց ինձ վրա հարձակում տարատեսակ գրանտային կազմակերպությունների աշխատակիցների կողմից, որոնք իմ անունը գրում էին փոքրատառով, իսկ երիտթուրք ոճրագործ Ջեմալի անունը մեծատառով, (դրանց մի մասն այսօր իշխանության մաս է կազմում կամ մերձիշխանական «քաղհասարակության» և «վերլուծական» շրջանակներից է): Ինչ-որ սփյուռքահայ տականք համացանցում իմ դեմ քարոզարշավ էր սկսել, մի «օղի թորող» լրագրող իբրև թե անաչառ, բայց ակնհայտ սուտ, կեղծ և որ ամենակարևորն է ստորության հիման վրա իմ դեմ հոդված գրեց և փորձեց ինձ խրատական ուղերձներ հղել թուրքագիտության հետ կապված: Սրանց միացան կիսախելագար «հայրենասերներ», որոնցից մեկը «օղի թորողի» հերթական հոնորարի համար գրած վերոհիշյալ հոդվածը մեկնաբանեց հատելով բարոյականության սահմանները: Մի խոսքով, ես հայտնվեցի գրանտակերների, հակահայերի, գենետիկ անբարոյականների, ներքին թուրքերի հարձակման թիրախում միայն նրա համար, որ բացահայտել էի «Հրանտ Դինք» հիմնադրամի հակահայկական գործունեության մի դրվագ: Եվ այսօր միայն Հայկ Դեմոյանի մթագնած ուղեղում կարող է միտք առաջանալ ինձ ուղղակի կամ անուղղակի կապել «Հրանտ Դինք» հիմնադրամի ինչ որ սխեմայի հետ: Ի դեպ, Ջեմալ փաշայի թոռան վերոնշյալ գրքի առաջին էջին պատկերված լուսանկարում ոճրագործի թոռան կողքին կանգնած է տակավին երիտասարդ Հայկ Դեմոյանը…
Եվ մի զավեշտալի փաստ էլ. Դեմոյանը խոսում է ինչ-որ դավադրության, սխեմայի և դրա կազմակերպիչների մասին, բայց իմ դեմ գրող «օղի թորող» լրագրողը այսօր հենց Դեմոյանի նշած շրջանակներին պատկանող լրատվամիջոցում է հոդվածներ գրում և նրանց հետ է համագործակցում: Այսինքն՝ ի՞նչ է ստացվում. իմ դեմ խոսում է Դեմոյանը «Հրանտ Դինք» հիմնադրամի հետ ինչ որ կապերի մեջ մեղադրում, իմ դեմ գրում են Դեմոյանին, իբրև թե, հակադիր ճամբարից տարբեր գրանտակերներ հենց այդ նույն «Հրանտ Դինք» հիմնադրամին քննադատելու համար: Ինչպես կասեր ռուսաստանյան հայտնի լրագրող Կիսիլյովը. «Совпадение? Не думаю»:
Կա այդպիսի հոգեվիճակ կամ հիվանդություն՝ մտասևեռում: Դեմոյանը խորապես տառապում է իր տնօրեն դառնալ չդառնալու մտասևեռմամբ և այդ պատճառով մանկական, դավադրապաշտական, անտրամաբանական, մերկապարանոց մեղադրանքներ է շռայլում բոլորի հասցեին՝ իր մտերիմ ընկերոջ և թանգարան-ինստիտուտի նախկին փոխտնօրենի, տարբեր պատմաբանների, իր քաղաքական նախկին հովանավորների, հիմա էլ իմ հասցեին: Վաղը եթե մտասևեռումը այս տեմպերով զարգանա, ապա Դեմոյանը կմեղադրի նաև ինքն իրեն և կբացահայտի հենց ինքն իրեն իր դեմ դավադրության մեջ և կսկսվի «Հայկ Դեմոյանն ընդդեմ Հայկ Դեմոյանի» գիտաֆանտաստիկ դատավարությունը:
Իմ դեմ և հատկապես այս փուլում Դեմոյանի սիստեմատիկ մեղադրանքները, ակնարկները ինձ թույլ են տալիս ենթադրել իշխանական պատվերի մասին, քանի որ իմ դեմ կարող են խոսել հայ-թուրքական հարաբերությունների, Հայոց ցեղասպանության հարցի, Արցախի, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին միայն հակառակ մոտեցումների կրողները: Այսինքն՝ քննադատելով այս իշխանության քննադատներին՝ Դեմոյանը անուղղակի թե ուղղակի վերածվում է լատենտ քպ-ական կամ քաղաքական դաշտում դիրքավորվել կամ վերադիրքավորվել ցանկացող, նոր կամ նորացող մի ուժի քարոզիչի:
Իսկ վերջում, իրոք ափսոսում եմ պատմաբան, թանգարանային գործում տարիների կազմակերպչական հմտություններ ունեցող Հայկ Դեմոյանին, որը կարող էր ավելի օգտական գործով զբաղվեր և վստահ եմ, որ լավ արդյունքներ կտար (Գյումրիում կարծեմ թանգարանային մի ծրագիր է նախաձեռնել և ինձ էլ հրավիրել էր այցելել), բայց ցավոք մտասևեռումը նրան խանգարում է: Առողջություն եմ մաղթում:
Հ.Գ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և վերջինիս տնօրենի գործունեության մասին իմ գնահատականները կներկայացնեմ առաջիկայում՝ հարմար առիթի դեպքում:
Ռուբեն Մելքոնյան
թուրքագետ