Գնաճը տարվա ընթացքում աստիճանաբար նվազելու է․ ԿԲ նախագահի տեղակալի թեկնածու
ՀՀ կենտրոնական բանակի նախագահի տեղակալի թեկնածու Հովհաննես Խաչատրյանը, որը նաև ԿԲ խորհրդի անդամ է, վստահեցնում է, որ Հայաստանում 2022 թվականի ընթացքում գնաճը լինելու է կառավարելի, տարվա ընթացքում գնաճն աստիճանաբար նվազելու է՝ վերադառնալով թիրախային միջակայք: Խաչատրյանն այս մասին ասաց ԱԺ-ում իր թեկնածության քննարկմանը:
«Հայաստան» խմբակցությունից Թադևոս Ավետիսյանը հիշեցրեց պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի 2021 թվականի հունվար-դեկտեմբերին 2020-ի համեմատ եղել է սպառողական գների ինդեքսի 7.2 տոկոս ավելացում: Իսկ դեկտեմբերը դեկտեմբերի համեմատ ավելի մեծ չափով է ավելացել: «Սա էլ այն դեպքում, երբ արժույթի փոխարժեքը 2021-ի դեկտեմբերին 2020-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 6.5 տոկոսով, այսինքն` արժույթի փոխարժեքը նվազել է, սպառողական գների ինդեքսն ավելացել է»,-ասաց պատգամավորն ու հետաքրքրվեց գործոններով:
Խաչատրյանը նշեց, որ 7.2 տոկոս միջին գնաճը ամբողջ տարվա համար է:
«Մենք ունենալով մի փոքր տատանողականություն արժութային շուկայում և դոլարի, և այլ արժույթների նկատմամբ, մի փոքր արժեզրկումից հետո նորից արժևորվել ենք գրեթե նույն մակարդակների վրա՝ նույնիսկ մի փոքր ավել, քան ունեինք նախաճգնաժամային շրջանում: Այս կոմպոնենտը գնաճի մեջ չկա»,-ասաց ԿԲ նախագահի տեղակալի թեկնածու Հովհաննես Խաչատրյանը:
Ըստ նրա՝ փոխարժեքի փոփոխությունը, օրինակ, 1 տոկոսային կետով, ուղիղ նույն չափով ազդեցություն չի ունենում, կես տոկոսից էլ ցածր ազդեցություն է ունենում գնաճի վրա՝ մոտ 0.25 տոկոս:
Նրա խոսքով՝ գնաճին ավելի շատ նպաստում է ունեցել արտաքին աշխարհից պարենի և էլեկտրաէներգիայի գների աճը:
«Աշխարհի շատ ապրանքների գների մեջ դրված է գազի գինը, որը թռիչքաձև է աճել: Նավթի գները, որն արտահայտվում է բենզինի և այլ գների մեջ: Հիմնականում գնաճ ներմուծել ենք այդ ճանապարհով, ոչ թե փոխարժեքի»,-ասաց Խաչատրյանը:
Անդրադառնալով գնաճի ներքին պատճառներին՝ նա նշեց. «Համավարակի և պատերազմական իրավիճակի, բնակչության մահացության մակարդակի կտրուկ աճի և մի շարք այլ գործոնների արդյունքում ունեցել ենք տնտեսական պոտենցիալի կրճատում: Երբ տնտեսական պոտենցիալը կրճատվում է, միևնույն պահանջարկի պայմաններում գնաճն ավելի շատ է լինում, որի պատճառով էլ մենք դուրս ենք եկել խթանող դրամավարկային քաղաքականության ռեժիմից»:
Ավետիսյանը նկատեց՝ 2022-ի պետբյուջեում գնաճի թիրախը կրկին 4 տոկոսի շրջանակում է:
Նա հետաքրքրվեց, թե արդյոք հաշվի առնվե՞լ է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, գազի սակագնի հնարավոր բարձրացումը:
«Էլեկտրաէներգիայի գների գնահատականը տրված է: Սակագնի միջինը 4.7 տոկոս աճը ընդհանուր գնաճի մեջ շատ փոքր կշիռ է կազմում: Գազի գների հետ կապված դեռ որևէ վարժություն չենք արել, ինֆորմացիա չունենք: Այս տարվա վերջին մենք լինելու ենք 4% +-1.5 միջակայքում»,-ասաց Խաչատրյանը:
Նա կրկին հիշեցրեց ԿԲ-ի հայտարարությունը. «Գնաճը, այո, լինելու է կառավարելի, նվազելու է աստիճանաբար տարվա ընթացքում և մտնելու է միջակայքի մեջ»: