Մենք երևի մոռանում ենք, որ Հայաստանն իր վրա է վերցրել Արցախի անվտանգության երաշխավորը լինելու կարևոր գործառույթը. Լարիսա Ալավերդյան
«Անկասկած, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում այսօր սահմանային իրավիճակը մտահոգություն է առաջացնում մեր ժողովրդի համար, և հարցն ընդգրկելով, բացի այն, որ կարող ենք քննարկել սահմանագծման հիմնախնդիրները, այն հնարավորություն է ստեղծում ուսումնասիրել և քննարկել սահմանում տիրող իրավիճակը»,- ԱԺ այսօրվա նիստում հայտնեց «Հայաստան» խմբակցության նախագահ Սեյրան Օհանյանը՝ ներկայացնելով «Սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների մասին» հայտարարության նախագիծն ԱԺ օրակարգ ընդգրկելու հարցը:
Այս որոշումը, սակայն, հերթական անգամ մերժվեց քաղաքական մեծամասնության կողմից:
168.am–ի հետ զրույցում ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց «Պետական սահմանների սահմանագծում և սահմանազատում» վերտառությամբ ԵԱՀԿ փաստաթղթի ու դրա բովանդակության մասին.
«Այդտեղ գրված է, որ գործընթացը պետք է լինի բաց, և, մասնավորապես, քաղաքական բոլոր ուժերը մասնակցեն քննարկումներին, ինչպես նաև՝ որ թե՛ քննարկումների ժամանակ, թե՛ ապագա հանձնաժողովի կամ աշխատանքային խմբի աշխատանքներին ներգրավվեն տարբեր ոլորտներից մասնագետներ: Վերջապես այնտեղ հստակեցված է նաև, որ պետք է մասնակցեն նաև այն համայնքների Տեղական ինքնակառավարման մարմինները, որոնց կարող է վերաբերել այդ սահմանազատման և սահմանագծման արդյունքները»:
Նա համոզված է՝ թեման քննարկելու մերժումով իշխանական խմբակցությունն իրեն հակադրում է միջազգային, բոլորի կողմից ընդունված ձեռնարկներին: Լարիսա Ալավերդյանը, այդուհանդերձ, նկատեց՝ այս ամենը նույն միջազգային հանրության կողմից ներվում է իշխանություններին:
«Հարցը, իրականում, այն է, թե ինչո՞ւ է ներվում. այստեղ կա հստակ պատասխան՝ որովհետև իրականացվել են Հայաստանի ազգային շահերին ամբողջովին դեմ այն բոլոր քայլերը, որոնք բերել են Արցախի գրեթե ամբողջական անջատմանը Հայաստանից»,- ասաց իրավապաշտպանը՝ նկատելով, որ, երբ հայկական կողմից այս հարցերի շուրջ տարիներ շարունակ առկա դիմադրությունը թուլացել է, կամ ամբողջովին վերացել է, բախվել ենք այս իրականությանը:
Լարիսա Ալավերդյանը հենց այս համատեքստում դիտարկեց նաև Երևան-Անկարա մերձեցումը, որը, նրա խոսքերով, «ողջունում են բոլոր ամենապղտոր նպատակներ ունեցող կենտրոնները»:
Դիտարկմանը, թե իշխանական պատգամավորներից մեկը խորհրդարանում իրենց մերժումը պայմանավորել է վստահեցմամբ, թե մեր պետության շահերից բխում է սահմանազատման և սահմանագծման օրակարգը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի հետ չփոխկապակցելը, քանի որ ԼՂ հիմնախնդիրը ոչ թե տարածքային, այլ ժողովուրդների ինքնորոշման հարց է, իրավապաշտպանն արձագանքեց, որ այդ հարցը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում.
«Մենք երևի մոռանում ենք, որ 1994 թվականից հետո Հայաստանն իր վրա է վերցրել մեկ կարևոր գործառույթ՝ լինել Արցախի անվտանգության երաշխավորը:
Պատահական չէ, որ խոսում են ինքնորոշման և ոչ թե՝ անկախության մասին, այնինչ Արցախի պայքարը եղել է ոչ միայն ամորֆ, անորոշ ինքնորոշման իրավունքի համար, այլ այնպիսի ինքնորոշում, որը ենթադրում է ամբողջովին անկախությունն Ադրբեջանից, և դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Ադրբեջանը մշտապես սպառնացել է և այսօր էլ շարունակում է սպառնալ Ցեղասպանությամբ:
«Ինքնորոշում» եզրույթը օգտագործել՝ մոռանալով, որ դա եղել է ինքնորոշում անջատումով, ահա այստեղ է, որ մանիպուլյացիան տեղի է ունենում: Տարանջատել այդ երկու հարցերը, նշանակում է՝ պարզապես ամբողջովին այլասերել ամբողջ նորագույն պատմությունը, որը սկսվել է 1988 թվականից»: