«Էլ պառլամենտն ինչի՞ համար է, եթե այս դահլիճում չպետք է քննարկենք այս հարցերը». ՔՊ-ն նորից մերժեց դելիմտացիայի և դեմարկացիայի մասին քննարկումը

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյան: Նիստում  «Հայաստան» խմբակցությունը հերթական անգամ ներկայացրեց «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» հայտարարության նախագիծը:

Հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց. «Անկասկած, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում այսօր սահմանային իրավիճակը մտահոգություն է  առաջացնում մեր ժողովրդի համար, և հարցն ընդգրկելով՝ բացի այն, որ կարող ենք քննարկել սահմանագծման հիմնախնդիրները, այն հնարավորություն է ստեղծում ուսումնասիրել և քննարկել սահմանում տիրող իրավիճակը»:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն անընդունելի համարեց  նախագծի վերաբերյալ ԱԺ գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունը՝ նկատելով, որ 44-օրյա պատերազմում կրած պարտությունների, անհաջողությունների շարանը շարունակվում է, ինչն անմիջականորեն անդրադառնում է նաև սահմաններում տիրող իրավիճակին:

«Լսումներ կազմակերպելով, ձգտելով նաև արտահերթ նիստ անցկացնել այս հարցով՝ մենք հնարավորություն ունեինք նշել այն բոլոր կարմիր գծերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանին և Արցախին:

Ոչ ոք չի ասում, թե մենք չենք ձգտում խաղաղության, որ մեկ օր սահմանները մեր հարևանների հետ չպետք է ճշտենք. այո՛, մեր հարևանների, այսինքն՝ հակամարտող կողմը պետք է դառնա հարևան հանրապետություն: Առաջին նախապայմանը դա է, որպեսզի ստեղծվեն համապատասխան խաղաղության պայմաններ, և այդ շրջանակներում իրականացվի սահմանագծումը և սահմանազատումը:

Մենք կարծում ենք՝ ժամանակավրեպ իրականացվող այս միջոցառումները լուրջ հարված կհասցնեն ՀՀ տարածքային ամբողջականությանը, Արցախի Հանրապետության ինքնիշխանությանը, և նաև՝ Արցախի հեռանկարին. Արցախի ինքնորոշման՝ իր իսկ պատմական տարածքում հնարավորությունների վրա մեծ քար կնետվի»,- պարզաբանեց Սեյրան Օհանյանը՝ իր բոլոր գործընկերներին առաջարկելով քվեարկել՝ հարցը լիագումար նիստերի օրակարգ մտցնելու օգտին:

Գլխադասային՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, իշխանական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, ի պատասխան «Հայաստան»  խմբակցության այս առաջարկի, ներկայացրեց իրենց եզրակացության հիմնավորումները:

Պատգամավորը նախ նշեց, որ այս նախագիծը նոր չէ, այն հանձնաժողովում քննարկվել է բաց և փակ ռեժիմներով և ստացել բացասական եզրակացություն, ապա ներկայացրեց նախագծից ստացած տպավորությունը:

Ըստ այդմ՝ ներկայացված հայտարարության նախագիծը բաժանեց երեք մասի՝ հատված, «որտեղ խոսվում է  պատերազմի և հետևանքների մասին, երկրորդ հատված, որը բացառապես ներքաղաքական, ընդդիմադիր բառամթերք և արտահայտություններ են, և երրորդ հատվածը՝ վերնագրին համապատասխան սահմանազատման և սահմանագծման մասին»:

Առաջին ու երկրորդ հատվածներից ստացած տպավորությունը ներկայացնելուց հետո Հռիփսիմե Գրիգորյանն անցավ երրորդ հատվածին: «Մեր պետության շահերից բխում է՝ սահմանազատման և սահմանագծման օրակարգը ոչ թե փոխկապակցել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի հետ, այլ տարանջատել՝ հետևյալ պարզ պատճառով, որ սահմանագծումն ու սահմանազատումը վերաբերում են Հայաստանի Հանրապետության և  Ադրբեջանի պետական սահմաններին՝ մինչդեռ ԼՂ հիմնախնդիրը ոչ թե տարածքային, այլ ժողովուրդների ինքնորոշման հարց է, և հեղինակների կողմից այս երկու հարցերի փոխկապակցումը չի բխում ՀՀ շահերից, ուստի անընդունելի է մեզ համար»,- ասաց իշխանական խմբակցության անդամ պատգամավորը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն արձագանքեց Հռիփսիմե Գրիգորյանի ելույթին՝ նկատելով, որ քաղաքական մեծամասնությանը մի քանի անգամ փորձում են հրավիրել նշված թեմայով քննարկման, սակայն մերժում են ստանում:

«Լավ, էդ դեպքում ինձ կարո՞ղ եք բացատրել՝ էլ պառլամենտն ինչի՞ համար է, եթե այս դահլիճում չպետք է քննարկենք այս հարցերը: Հիմնավորումները, որոնք բերվեցին, հերքվել են նաև մեր կողմից»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Ի պատասխան՝ Հռիփսիմե Գրիգորյանը կրկնեց իր հիմնավորումները՝ հիշեցնելով նաև, որ հարցը Գլխադասային հանձնաժողովում քննարկվել է երկու անգամ՝ շուրջ հինգ ժամ:

«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն էլ իր տեսակետը հայտնեց. «Ինձ մոտ այն տպավորությունն է, որ մենք խորհրդարանի լիագումար նիստի և հանձնաժողովի լիարզորությունները խառնում ենք իրար. որոշումները կայացնում են այս դահլիճում, և մեր խմբակցությունը հանդես է եկել առաջարկով՝ քննարկել մեր երկրի, ազգի համար օրակարգային կարևորագույն նշանակություն ունեցող այս հարցը խորհրդարանի նիստում: Բազմաթիվ անգամներ իշխող մեծամասնությունն այդ հարցը տորպեդահարել է:

Հիշեցնեմ նաև՝ փակ նիստը, որտեղ ուզում էինք հասկանալ՝ ինչ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում սահմանագծման և սահմանազատման հարցում. ովքե՞ր էին մասնակցում՝ զինվորական և ԱԱԾ, որոնք պատասխանում էին զորքերի մասին տեխնիկական հարցերին:

Վստահ եմ՝ իշխանությունները և քաղաքական մեծամասնությունը թաքցնում են, և որպեսզի դուրս չգա այս ամենը մինչև վերջին պահը, փորձում են տորպեդահարել ցանկացած քննարկում»:

ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն էլ իր հերթին արձանագրեց, թե՝  ««Հայաստան» խմբակցությունը արտաքին քաղաքական խնդիրների քողի տակ փորձում է ներքաղաքական խնդիրներ լուծել, դիվիդենտներ շահել»՝ այդպիսով սահմանագծման և սահմանազատման հարցերը փաստացի դիտարկելով բացառապես արտաքին քաղաքական օրակարգի մաս:

Իսկ վերջում, ինչպես և սպասելի էր, այս հարցով որոշումը չընդունվեց:

Տեսանյութեր

Լրահոս