Բաժիններ՝

«50-60 հարկանի մի երկնաքեր հայերը չեն կարողանում կառուցել, դրսից մասնագետ պետք է լինի, ուր մնաց՝ 3000 մետր բարձրության վրա Քրիստոսի արձանը դնեն». քաղաքաշինության դոկտոր

Հունվարի 14-ին Գագիկ Ծառուկյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնեց Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու մասին:

«Մեր Հայրենիքը ապրում է դժվարին ժամանակներ, սակայն հայը՝ լինելով քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, միշտ էլ հավատքով է հաղթահարել բոլոր դժվարությունները: Ժամն է կրկին հավատքով միախմբվելու:

Ուստի իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածննդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին: Լինելով առաջին քրիստոնյա ազգը՝ պետք է ունենանք Հիսուս Քրիստոսի արձանը՝ ամենաբարձունքում: Արդեն հանձնարարությունը տրված է, զբաղվում են ճարտարապետներ, գծագրողներ, քանդակագործներ»,- տեսաուղերձում ասում է Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ քանդակը պետք է լինի խորհրդանշական բարձրությամբ՝ 33 մետր:

«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանի կարծիքով՝ գաղափարը այնքան էլ վատը չէ, ուղղակի պետք է պատմաբաններ, մշակութաբաններ, ազգագրագետներ լինեն, որ նորմալ գրեն, թե ինչ է անհրաժեշտ, և հետո, արվեստագետին չպետք է դնել կաղապարների մեջ:

«Բանակը զինելը և այլն, դա պետության գործն է, Ծառուկյանի գործը չէ: Ծառուկյանը հանդիսանում է մասնավոր սեկտոր: Մենք չենք կարող ասել՝ այս արձանը մի դիր, տուր գումարը բանակին: Ուզենա՝ կանի, չի ուզի՝ չի անի:  Տեսանյութում իր մոտեցման ձևը ճիշտ չէր: Նստել է ճոխ սենյակում, այն դեպքում, որ երկրում 30 տոկոս աղքատություն է, կան շատ խնդիրներ, զոհվածների ընտանիքներ, հաշմանդամներ…: Ի դեպ, տեսանյութում ասում է, որ արդեն ճարտարապետներն աշխատում են, այդ դեպքում ի՞նչ մրցույթ է հայտարարում»,- 168.am-ի հետ զրուցյում ասաց Մարիամ Խաչատրյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ պետք է նախապես հայտնել տեղանքի մասին:

«Ո՞վ ասաց, որ 33 մետր պետք է լինի արձանը. հետո ամենաբարձր կետը ո՞րն է, Արագածի գագա՞թը: Մենք արտառոց արձան՝ հայկական ներուժով չենք կարող անել, որովհետև արվեստագետը չպետք է կաղապարված լինի: Հետո եթե Գարեգին Նժդեհի արձանի նման մի բան պետք է սարքեն, որը բացարձակ նման չէ, ավելի շուտ Պետրոս Առաջինն է, զբոսաշրջիկը երբեք չի գա: Կոնկրետ պետք է տեղանքը նշեն, որովհետև ասենք 3000 մետր բարձության վրա ո՞նց են սարքելու. քամիները շուռ կտան: 50-60 հարկանի մի երկնաքեր հայերը չեն կարողանում կառուցել, դրսից մասնագետ պետք է լինի, ուր մնաց՝ 3000 մետր բարձրության վրա Քրիստոսի արձանը դնեն: Թող այլ բան մտածեն: Առաջադրանքն էլ, մրցույթն էլ պետք է նորմալ լինեն, այլ ոչ թե ասի՝ արդեն աշխատում եմ, ու վերջում մրցույթ հայտարարի: Վիետնամում, օրինակ, Աստծո ձեռքերն են, գեղեցիկ կամուրջ է կառուցված: 21-րդ դարի մարդու զգայարանների վրա են աշխատում: Պետք է քանդակը խոսի մարդու հետ: Եթերային կարող են անել, ինչո՞ւ ոչ հենց Էջմիածնում՝ վերևից իջնող կերպարով»,- հավելեց քաղաքաշինության դոկտորը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս