«Թող ամբողջ աշխարհն իմանա, որ մեր վարչապետը լավ էլ քֆուրչի տղա է». Արմինե Ադիբեկյանը՝ Փաշինյանին ցիտելու մասին

«2021թ. նոյեմբերի 3-ին իմ տուն ժամանեց մեր թաղային ոստիկանը և բացատրություն վերցրեց ինձնից, ցույց տվեց սքրին-շոթը, ասաց՝ ձեր գրառո՞ւմն է, ասացի՝ այո, հարցրեց՝ ինչո՞ւ եք գրել, ես բոլոր բացատրությունները տվեցի առ այն, որ սա Նիկոլ Փաշինյանի գրքից ցիտատ է, մարդը օգտագործում է այդ բառը իր նկատմամբ և շարունակում այն միտքը, որ նրանք դարձել են այդպիսին, և հպարտ են դրանով: Ես օգտագործել եմ այդ տերմինը՝ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների հասցեին: Նա ստորագրություն վերցրեց և հեռացավ: Երեկ չէ առաջին օրը ինձ զանգահարեցին Քննչական կոմիտեից և հրավիրեցին այնտեղ՝ տեղեկացնելով, որ ես քրեական գործի շրջանակներում ստացել եմ կասկածյալի կարգավիճակ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:

Նա Քննչական կոմիտեում ասել է, որ նախկինում տրված բացատրությանը ավելացնելու ոչինչ չունի. «Երկրից չհեռանալու մասին ստորագրություն տվեցի, հանձնեցի իմ արտասահմանյան անձնագիրը, և հունվարի 17-ին ևս մեկ անգամ պետք է ներկայանանք՝ նույն քննչական բաժին, և ամենայն հավանականությամբ՝ ես արդեն կստանամ մեղադրյալի կարգավիճակ, և գործն արդեն կփոխանցվի դատարան»:

Ինչ վերաբերում է ֆեյսբուքյան իր էջում այս ամենից հետո էլ Նիկոլ Փաշինյանի գրքից մեջբերումներ անելուն, Արմինե Ադիբեկյանը նշեց, որ որպես ազատ քաղաքացի՝ ցիտելու է ցանկացած մարդու, ում հարմար է գտնում այդ պահին.

«Փաշինյանը բացառություն չէ, հատկապես, որ նրա գրքի ամեն մի էջը, ամեն մի տողը մի առանձին քրեորեն պատժելի գրառում է»:

Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է որոշել կարդալ Փաշինյանի գիրքը, ինչո՞վ է այն իրեն հետաքրքրել:

«Ես Նիկոլ Փաշինյանի գիրքը չեմ կարդացել, ես ընդամենը կարդացել եմ Հարութ Սասունյանի գրառումը՝ Ֆեյսբուքում, որտեղ նա մեջբերում է արել այն հատվածները, որտեղ կան հայհոյանքներ և ոչ նորմատիվ լեքսիկա, վիրավորանքներ, հետո գրքի PDF-ը գտա ու փնտրելով՝ գտա այդ բառերը, համոզվեցի, որ այդ բառերը այդ ձևով, այդ համատեքստում այս մարդը օգտագործել է, և որոշեցի, որ դա պետք է գրի առնել, ու թող ամբողջ աշխարհն իմանա, որ մեր վարչապետը լավ էլ քֆուրչի տղա է:

Ասեմ ավելին՝ Փաշինյանն այդքան չկա, որ ես նրա գրքերը կարդամ, լավ կլիներ՝ նա իմ գրքերը կարդար, միգուցե մի երկու կոպեկի խելք գլխի մեջ կավելանար ու կհասկանար՝ ինչ բան է հայրենիք սիրելն ու հայրենիք պաշտպանելը»,- ի պատասխան՝ ասաց Արմինե Ադիբեկյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի գործողություններին և Ալիևի ռազմատենչ հայտարարություններին, նա նշեց, որ նախ Ալիևը տեսնում է, որ իր դիմաց դիմադրող, պայքարող չկա.

«Բնական է, որ նա գրոհելու է և առաջ է գնալու այնքան, ինչքան ուզենա: Նա շատ լավ հասկանում է, որ սպառնալիքներից ելնելով՝ Փաշինյանը ցանկացած ստորագրություն կդնի, ցանկացած քայլի կգնա, միայն թե հանկարծ ստիպված չլինի զենք կիրառել իր արյունակիցների դեմ: Նա 2020թ. սաբոտաժի ենթարկեց ամբողջ ռազմական գործողությունները, նա անգամ փորձ չկատարեց հաղթել պատերազմում: Միակ հրամանը, որ հնչել է՝ նահանջն է եղել, նահանջել են, հիմա էլ թուրքը մտել է մեր պետություն և մեր պետությունից մեզ վրա մատ է թափ տալիս և սպառնալիքներ է հնչեցնում:

Դրա միակ մեղավորը Փաշինյանն ու իր ոհմակն են: Այդ մարդկանց ո՞նց չվիրավորես, իրենք իրենց տեղով ծանր վիրավորանք են մեզ համար: Ես չգիտեմ այնպիսի բառ, որ դու կարողանաս լինել քաղաքակիրթ ու դաստիարակված, բայց նաև ճիշտ բնութագրես այս ամբողջ քայլող թյուրիմացությունը, որ եկել է մեր գլխին ու քանդում է մեր երկիրն ու պետականությունը, մեր արժանապատվությունը թուրքի ոտքի տակ է դրել, ո՞նց կարելի է այսպես»:

Նրա խոսքով՝ որպես ՀՀ ղեկավար՝ Նիկոլ Փաշինյանը շատ ձեռնտու է արտաքին խաղացողների համար. «Նա բոլորի համար ամենաձեռնտու պերսոնաժն է. ինչ ասում են՝ մարդը անում է: Այստեղ ներսում մուրճ է ցույց տալիս, իմ նմանների վրա քրեական գործ է հարուցում, իմ նմաններից հարգանք ու պատիվ է պահանջում, մուրում, իսկ արտաքին աշխարհում՝ ի՞նչ կկամենաք, թագավորն ապրած կենա, ասեք՝ անեմ, ի՞նչ է պետք»:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու՝ գործող իշխանությունների ցանկությանը, Արմինե Ադիբեկյանը հետևյալն ասաց. «Եթե ուզում են՝ թող իրենց երեխեքին հավաքեն ու գնան այնտեղ՝ ընկերություն անելու, մեզ ինչո՞ւ են ներքաշում այդ ինքնաոչնչացման ծուղակի մեջ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս