«Ես, իհարկե, հրաժարական կտամ…». Արմեն Դարբինյան
Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը թվիթերի իր էջում գրել է․ «Ռուսաստանյան որոշ շրջանակներ, ինչպես երևում է, չեն կարող ներել ինձ ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ իմ դրսևորած ազգային արժանապատիվ կեցվածքը։
Հիշեցնեմ. պատերազմի և ազգային աղետալի կորուստների ամենաթեժ հատվածում ես հրապարակայնորեն հակադրվեցի Դմիտրի Մեդվեդևին և Դմիտրի Պեսկովին` ակնարկելով, որ Հայաստանը և հայ ժողովուրդը ակնկալում է Ռուսաստանից դաշնակցային գործելակերպ, այլ ոչ միայն միջնորդի գործառույթ։ Հնարավոր է, որ այդ հրապարակումները չափից շատ էմոցիոնալ էին և չէին հաշվի առել աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները։ Բայց դրանք անկեղծ էին և հիմնված հայ֊ռուսական եղբայրական հարաբերությունների նկատմամբ անկոտրում հավատի և դրանց անառարկելիության վրա։
Ինձ չի ներվել նաև Մարգարիտա Սիմոնյանին ուղղված իմ բաց նամակը, որտեղ ես նրանից հարգանք պահանջեցի հայ ժողովրդի քաղաքական ընտրության նկատմամբ։ Եվ ահա այս շրջանակները, որոնք ակնհայտ գործում են թե’ Ռուսաստանի և թե’ հայ֊ռուսական համագործակցության շահերի դեմ, արդեն մոտ երկու տարի է ինչ ջանք չեն խնայում վարկաբեկելու համար և’ իմ, և Հայ֊Ռուսական համալսարանի բարի համբավը և հեղինակությունը։
Պիտի հավելեմ, որ թե’ նախկին և թե’ ներկա Հայաստանյան իշխանությունների շարքերում կան ուժեր և գործիչներ, որոնք հաճույքով զուգերքում էին նույն ուղղությամբ։ Մասնավորապես, դրանց ջանքերով, դեռևս Սերժ Սարգսյանի նախագահության օրոք հանրային շրջանառության թեմա դարձավ բացարձակ անհեթեթ, իրականության հետ որևէ աղերս չունեցող բարբաջանքը` մեր համալսարանի իբրև թե “արևմտամետության” մասին։
Համալսարանին, որը սերվել և սերվում է հայ և ռուս լավագույն կրթական ավանդույթներով, հսկայական դրական ներազդեցություն է գործել մեր կրթական համակարգում, հանդիսանալով ակադեմիական ազատության բացառիկ օրինակ և բարձրացնելով մասնավորապես ռուսական կրթության հեղինակությունը մեր երկրում, սկսեցին մեղադրել «ոչ բավարար ռուսականության» մեջ։
Ցավով պիտի նշեմ, որ նշված շրջանակներին հաջողվեց թյուրիմացության մեջ գցել ՌԴ արտգործնախարար Լավրովին (վերջինիս` ՀՀ խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման մանրամասների վերաբերյալ նյութերը լայնորեն տարածվեցին մեր լրատվական դաշտում)։ Համալսարանի և իմ նկատմամբ մեկ տարի առաջ իրականացված ԱԱԾ ձախողված գրոհը նույն այս շարքից էր։ Եվ ահա` նոր գրոհ. ինձ հասած տեղեկություններով ՌԴ գլխավոր դատախազության դիմումի համաձայն Հայաստանյան գործընկերները կամ արդեն հարուցել են, կամ շուտով կհարուցեն բացարձակ անհիմն քրեական գործ` իբրև թե համալսարանի կողմից տենդերային ինչ֊ինչ պայմանների կամ կարգավորումների խախտման մասին։ Ըստ որում իրավիճակին առավել սարսափ հաղորդելու նպատակով որոշում է կայացվել քննությունը հանձնել հակակոռուպցիոն մարմնին։
Էս «խելոքները» չեն հասկանում, որ կրակի հետ են խաղում. Աշխարհի բոլոր դատախազություններն էլ որ միավորվեն, չեն կարողանալու կոռուպցիա կարել ոչ իմ, ոչ էլ համալսարանի վրա, և դրա մասին գիտեն բոլորը, նաև` կվկայեն համալսարանի արդեն բազմահազար շրջանավարտներն ու յուրաքանչյուր համալսարանական։
«Գործը» ամբողջությամ պատվիրված և հնարածին է։ Սրանց նպատակը մեկն է. ամեն գնով հասնել իմ հրաժարականին կամ պաշտոնանկությանը։ Իմ նպատակն էլ է մեկը. բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել համալսարանի և անձամբ իմ բարի անունը և հեղինակությունը։
Ես իհարկե հրաժարական կտամ, քանզի համալսարանի հիմնադիրների որոշ այժմյան ներկայացուցիչների նման անհեռատես և վնասակար պահվածքի պարագայում անհնար է ապահովել համալսարանի հետագա հաղթական ընթացքը, իսկ մենք լավագունն ենք` թե’ երկրում, թե’ տարածաշրջանում (ադրբեջանցիների հետ, օրինակ, մեր մրցակցությունը ավարտել ենք տոտալ հաղթանակով` Բաքվի պետական համալսարանը միջազգային վարկանիշավորմամբ մեզնից ետ թողնելով երկու հարյուր կետով)։ Սրանք դեռ պիտի շաաատ խնդրեն ու ապաշխարհեն, որ ես մնամ։
Սակայն ես հրաժարական կտամ միայն այս շինծու գործը կարճելուց և ներողություններ ստանալուց հետո։
Իսկ հրաժարականից անդին կբազմապատկեմ ջանքերս` մեր պետության սուվերենությունը պաշտպանելու և հայ ժողովրդի զգետնված արժանապատվությունը վերականգնելու ուղղությամբ։
Աստված Առաջ»։